«ԱՅՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՂԵԼ ԵՆ ԳՅՈՒՄՐԻԻ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԺՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ»
Արխիվ 12-16
«ԱՅՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՂԵԼ ԵՆ ԳՅՈՒՄՐԻԻ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԺՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ»
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Գյումրիի լոկոմոտիվային եւ վագոնային ԴԵՊՈ-ներում կազմակերպել էր Բաց դռների օր, որին ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ի. Վոլինկինը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, խորհրդարանականներ եւ լրագրողներ, որոնց ամփոփ ներկայացվեցին կատարված աշխատանքները, ծրագրավորած անելիքներն ու առկա խնդիրները: Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ` ՀԿԵ ՓԲԸ-ին հյուրընկալվել էին ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ինչպես նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Վոլոդյա Բադալյանը, Ռուզաննա Մուրադյանը, Լեւոն Մարտիրոսյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Ըստ ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ` երկաթգծի հետ կապված խնդիրները երկար տարիներ մշտապես եղել եւ մնում են հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ պատգամավորների ուշադրության կենտրոնում. «Ուղղակի, անհնար է չգնահատել երկաթգծի դերն ու գործունեությունը յուրաքանչյուր տնտեսության մեջ: Բացի այն, որ ՀԿԵ-ն բեռներ է փոխադրում, ապահովում է մեծ թվով աշխատանքային տեղեր, նաեւ հանդես է գալիս լոկոմոտիվային գործունեությամբ: Այցի շրջանակներում մենք քննարկեցինք մի շարք հարցեր եւ տեսանք 2015 թվականին կատարված աշխատանքները: Վստահ եմ, որ Դուք էլ տեսաք շատ լավ աշխատանք, մեծ ձեռքբերումներ, վերանորոգում շոգեքարշերի եւ էլեկտրաքարշերի: Ժամանակին ցավագին էր ընդունվում, երբ մեծ գումարներ էին ծախսվում` հարեւան երկրներից մասնագետներ կամ սարքավորումներ բերելու համար, սակայն այսօր այդ միջոցները մնում են այստեղ: Եվ շատ կարեւոր է, որ այստեղ արդեն մշտական աշխատատեղեր են գործում, տեխնիկական բարձր կրթությամբ պատրաստված կադրերը «Հարավկովկասյան երկաթուղում» պահանջված են, ինչի մասին նշեց նաեւ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը` Սերգեյ Վալկոն: Հատկապես հպարտացանք, որ այն աշխատանքները, որոնք արվում էին դրսի մասնագետների կողմից, այսօր արդեն անում են մեր մասնագետներն ու Գյումրիի գործարանները: Անկեղծ ասած, ամենաշատ տարածված խոսքը, որը լսեցինք այսօր, հետեւյալն էր. «Սա արել են մեր մարդիկ», ինչը իսկապես ուրախանալու եւ հպարտանալու առիթ է»: ԱԺ փոխնախագահը նաեւ հավելեց, որ բազում հաջողությունների կողքին ՀԿԵ-ում կան եւ մի շարք խնդիրներ, որոնք իրենք կուսումնասիրեն ու կփորձեն լուծումներ գտնել. «Երկաթգիծն իրոք լոկոմոտիվ է, որը կարող է ե՛ւ առաջ տանել տնտեսությունը, ե՛ւ կանգառել: Այն ենթակառույցները, որոնք եղել են ժամանակին Գյումրիի հպարտությունը, այժմ վերականգնվում են: Նույնիսկ ԴԵՊՈ-ների ներսում մենք տեսանք, թե ինչպես է ամեն ինչ բարեկարգվել` ե՛ւ մաքուր էր, ե՛ւ ներկված, ընդհանրապես նկատելի է, որ բարձր կարգի աշխատանք է տարվում: Ու այս առումով մեզ ուրախացնում է հատկապես այն, որ քչանում է կախվածությունը դրսի մասնագետներից, կրճատվում են վերանորոգման վրա տարվող աշխատանքների ծախսերը: Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ ամեն ինչ կատարյալ է, եւ դրա համար էլ մենք այսօր քննարկում ենք այն քայլերը, որոնք պետք է արվեն մյուս տարի, կամ որոնք սկսվել են եւ դեռ պիտի ավարտվեն»:
Ի դեպ, ընդդիմադիր պատգամավոր, գյումրեցի ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նույնպես դրական արտահայտվեց «Հարավկովկասյան երկաթուղու» կատարած աշխատանքների մասին` «Իրավունքի» հետ զրույցում նշելով, որ անզեն աչքով էլ կարելի է տեսնել, որ այն դեպի զարգացում է գնացել. «Եթե դուք գայիք մի քանի տարի առաջ եւ համեմատեիք, կզգայիք տարբերությունը: Բավականաչափ լուրջ գործ է կատարվել, եւ այստեղ պետք է կարեւորեմ կոլեկտիվի դերակատարումը: Մենք հմուտ մասնագետներ ենք ունեցել եւ հիմա էլ ունենք: Ավելին` հիմա այստեղ կան սարքավորումներ, որոնք ողջ Կովկասում չկան: Եվ կան աշխատանքներ, որոնք ամբողջ Ռուսաստանում միայն 3-4 տեղ է կատարվում, բայց այսօր այդպիսի աշխատանքներ կատարում են եւ մեր մասնագետները: Այնպես որ, առաջընթաց կա: Կարեւորում եմ, որ այսօր կոորդինացվել է աշխատանքը, եւ այն կառավարվում է մի տանիքի տակ: Ուրախալի է հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, ես հիշում եմ, որ Գյումրիի լոկոմոտիվային ԴԵՊՈ-ն, թե ինչ դժվարին պայմաններում էր աշխատում: Մինչդեռ այսօր ոչ միայն շենքն է վերանորոգված, այլ նաեւ այստեղ գործում է ջեռուցման համակարգ»,- արդարացիորեն նշեց Հ. Մարգարյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162459&l=am/