ԻՇԽԱՆՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ» ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16
ԻՇԽԱՆՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ» ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Մոտ մեկ ամիս է, որ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար չէ ու «Ժառանգություն» կուսակցության անդամ չէ: Մինչ այդ էլ, կուսակցությունում հանգիստ ու խաղաղ չէին արշալույսները: Սակայն Ռուբեն Հակոբյանի հեռանալը տեղի ունեցածի վերջին ակորդն էր: «Իրավունքը» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզեց` ի վերջո, «Ժառանգությունն» իրար գլխի կհավաքվի՞, նոր թափ կհավաքի: Չէ՞ որ այս պահին Զարուհի Փոստանջյանն է ներկայացնում խմբակցությունը: «Կուսակցությունների մասին օրենքը, ընտրական օրենսգիրքն այնպես է ընդունել իշխանությունը, որ կարողանան ցանկացած պարագայում քայքայել խմբակցությունը: Իշխանությունը բոլոր միջոցները գործադրեց «Ժառանգության» դեմ»,- ասաց Մարտիրոսյանը:
Մեղավո՞ր է իշխանությունը, որ Ռուբեն Հակոբյանը դադարեցրեց իր անդամակցությունը «Ժառանգությանը» եւ հրաժարվեց խմբակցությունը ղեկավարելուց: «Բնականաբար, Ժամանակը կգա, եւ ժամանակի քաղաքագետները դրանք շատ լավ կվերլուծեն»,- ասաց կուսակցության փոխնախագահը:
«Դուք վերլուծեք»,- խնդրեցինք Մարտիրոսյանին:
«Ես քաղաքագետ չեմ, որ վերլուծեմ»,- չմանրամասնեց ու փակագծերը չբացեց կուսակցության փոխնախագահը:
Քանի որ Արմեն Մարտիրոսյանը չբացեց փակագծերը իշխանության մեղավորության մասին, փորձենք մենք կռահել` ինչ էր ուզում ասել «ժառանգականը»: Բանն այն է, որ նախկին «ժառանգական», բայց հոգով, սրտով ու գաղափարներով դաշնակցական Ռուբեն Հակոբյանը չի բացառվում` հետ վերադառնա ՀՅԴ, որտեղից ժամանակին հեռացվել էր, եւ որեւէ պաշտոն ստանձնի, քանի որ ՀՅԴ-ն հնարավոր է իշխանության հետ կոալիցիա կազմի: Մամուլը վերջերս գրել էր, որ իշխանությունը Դաշնակցության հետ բանակցություններն ավարտել է, պաշտոնների բաժանումն ավարտվել է: Իսկ թե ինչ պաշտոն կստանա Ռուբեն Հակոբյանը` ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու դեպքում, ցույց կտա ժամանակը:
«ՈՎ ՈՎ, ԲԱՅՑ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԳԻՏԻ` ԻՆՉՈՒ ԴՈՒՐՍ ԵԿԱ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ»
«Իրավունքը» Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց` իշխանությունը որեւէ կապ ունի՞ իր որոշման հետ, ըստ որի` նա հրաժարվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից ու դուրս եկավ կուսակցությունից: Պրն Հակոբյանն ասաց, որ Արմեն Մարտիրոսյանին համարում է պարկեշտ ու պատասխանատու անձնավորություն, հետեւաբար, իրեն չի թվում, որ Արմեն Մարտիրոսյանը նման անպատասխանատու ու հիմնազուրկ միտք հայտնած լինի: «Երեւի, իրար լավ չեք հասկացել»,- ասաց պատգամավորը:
Հիշեցրինք Ռուբեն Հակոբյանին` խնդրել էինք Արմեն Մարտիրոսյանին բացել փակագծերը, քաղաքագետների փոխարեն վերլուծել, մինչդեռ նա հրաժարվել էր: «Ես կարծում եմ` ով ով, բայց Արմեն Մարտիրոսյանը գիտի` ինչու է այդպես եղել: Խորհուրդ կտամ մեկ անգամ էլ լսել (նկատի ունի ձայնագրությունը-խմբ.), գուցե իրար լավ չեք հասկացել»,- եզրափակեց պատգամավորը:
«ԻՆՁ ՈՒ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԿՌՎԱՑՆԵԼ»
«Իրավունքը» կրկին կապ հաստատեց Արմեն Մարտիրոսյանի հետ` հասկանալու, թե ինչպես նա կմեկնաբանի Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությունը, որ շատ լավ գիտի Հակոբյանի հեռացման պատճառը: «Որեւէ հակադարձում չեմ անելու: Ես նաեւ ասել եմ, որ խոսել եմ Ռուբեն Հակոբյանի հետ, սակայն անձնական զրույցները չեմ մեկնաբանում»,- ասաց նախկին օրենսդիրը:
–Այդ դեպքում մենք գուցե ընկալենք ձեր հայտարարությունը այսպե՞ս` Արմեն Մարտիրոսյանն արել է հիմնազուրկ եւ անպատասխանատու հայտարարությո՞ւն:
– Ինչպես ուզում եք ընկալեք:
– Օրեր առաջ մեզ նաեւ ասել էիք, որ քաղաքագետները ժամանակի ընթացքում կվերլուծեն այն, ինչ կատարվեց «Ժառանգություն» խմբակցության հետ, ինչպես նաեւ կանդրադառնան Ռուբեն Հակոբյանի` կուսակցությունից ու խմբակցությունից դուրս գալու որոշմանը: Ինչո՞ւ Դուք չեք վերլուծում կատարվածը, չեք բացում փակագծերը:
– Ես քաղաքական գործիչ եմ, քաղաքական գործընթացների եմ հետեւում: Մնացածը փորձագետները թող ասեն` ինչպես է լինում, որ իշխանությունը քայքայում է կուսակցություններին: Եվ սա առաջին դեպքը չէ:
– Բայց տեղի ունեցածը քաղաքական գործընթաց է եւ անմիջապես առնչվում է «Ժառանգությանը»...
– Քանի որ Ռուբեն Հակոբյանի հետ եղել են եւ կան անձնական շփումներ, ուստի իմ խոսքը նույնն է` ժամանակի ընթացքում քաղաքագետները կվերլուծեն դա: Այսուհետ որքան ուզեք կռվացնենք Ռուբեն Հակոբյանի հետ, իրար հետ չենք կռվելու, որովհետեւ չեմ ասելու ավելին, քան ասել եմ: Կարծում եմ` նույնը Ռուբեն Հակոբյանը, չի ասելու ավելին, քան ասել է:
– Փաստորեն, Ռուբեն Հակոբյանը հեռացավ «Ժառանգությունից», եւ մեղավոր է իշխանությո՞ւնը:
– Միանշանակ: Ոչ միայն Ռուբեն Հակոբյանի, այլեւ ընդդիմադիր կուսակցությունների հետ կապված:
Ինչպես կասեր ժողովուրդը. «Արտը խախուտ` մահանան կարկուտ»: Եթե կոնկրետ «Ժառանգության» լիդերը տեւական ժամանակ է չի մասնակցում եւ որեւէ լումա չունի, անտեսում է մեր երկրում տեղի ունեցող քաղաքական կարեւոր իրադարձությունները, ո՞վ է մեղավոր, էլի իշխանությո՞ւնը, թե՞ սեփական անկարողությունը արդարացնելու լավ տարբերակ եք մտածել` մեղավորներին այս ու այն կողմ փնտրելով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162454&l=am/