«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանն իր բալային «զենքն» օգտագործեց հենց իր մասնակցի դեմ
Արխիվ 12-16
«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԲԱԼԱՅԻՆ «ԶԵՆՔՆ» ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՀԵՆՑ ԻՐ ՄԱՍՆԱԿՑԻ ԴԵՄ
Քիչ առաջ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց «Մանկական Եվրատեսի 2015» երգի մրցույթը, եւ մեր մասնակիցը` ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐՈՍՅԱՆԸ, զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը` ստանալով բարձր միավորներ Սերբիայից, Վրաստանից, Սլովենիայից, Նիդերլանդներից, Ավստրալիայից, Իռլանդիայից, Ռուսաստանից, Մակեդոնիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Սան Մարինոյից, Ալբանիայից (ավելի քան 158 միավոր): Ավելին` մնացյալ երկրները ամենաքիչը 7 միավոր նվիրեցին Հայաստանին: Բայց, արի ու տես, որ այս անգամ մեր բալային «զենքն» օգտագործեցինք հենց մեր դեմ, եւ Հայաստանն իր ամենաբարձր 12 միավորը որոշեց նվիրել հենց մեր մրցակցին` Մալթան ներկայացնող Destiny Chukunyere-ին, ինչի պատճառով Մ. Վարոսյանն առաջին տեղը զիջեց մալթացի թմբլիկ աղջնակին: Ինչ խոսք, ապշեցնող էր այսպիսի որոշումը, ոչ թե նրա համար, որ Մալթայի մասնակիցն իր ձայնային տվյալներով զիջում էր այս կամ այն մասնակցին, այլ «Եվրատեսիլում», որը թերեւս ամենաքաղաքականացված մրցույթն է, հանկարծ Հայաստանը որոշեց սատարել ոչ թե իր բարեկամ, դաշնակից կամ, պարզապես, մեզ լավ աչքով նայող երկրների մասնակիցներին, այլ Մալթային: Արդյունքում ստացվեց, որ թիկունքից հարվածեցինք ինքներս մեզ: Մինչդեռ նույն Մալթան դիվանագիտորեն մեզ «բաշխեց» ընդամենը 7 միավոր, որպեսզի չվնասի իր երկրի մասնակցին:
Ինչեւէ, փոքրիկ Միկային իր «Love» երգով գնահատեց ու սիրեց ողջ աշխարհը, ու նրա վառ կատարումն ամենամեծ հաղթանակը կարելի է համարել այս մրցույթում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162419&l=am/