ՎԱՇԽԱՌՈՒԻ ԶՈՀ. «ԿԱԴԱՍՏՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Արխիվ 12-16
ՎԱՇԽԱՌՈՒԻ ԶՈՀ. «ԿԱԴԱՍՏՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԻՑ ԱՎԵԼԻ
ՇԱՏ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
«Իրավունքը» նախորդ տարի անդրադարձել էր Երեւանի Բաբաջանյան փողոցի 103 շենքի 22 բնակարանի բնակիչ Սողոմոնյանների ընտանիքի խնդրին: Հիշեցնենք` Սողոմոնյանների ընտանիքը, ինչպես պնդում է Հովհաննես Սողոմոնյանը, դարձել է խաբեության զոհ, որում իր ուրույն դերակատարությունն է ունեցել, ինչպես մեզ հետ զրույցում նշում է Սողոմոնյանը, վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը: Նա ամեն կերպ ցանկանում է վերականգնել Սողոմոնյանների բնակարանի կեղծ առք ու վաճառքի պայմանագիրը, որը դատական երեք ատյանները չեղյալ են համարել: Իսկ նման վաշխառուներ մեր երկրում քիչ չեն:
Բնակարանի կեղծ առքուվաճառքի պայմանագիրը անօրինական համարելու համար վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը դատի է տվել կադաստրի պետական կոմիտեին: Որպես երրորդ կողմ՝ դատական սույն գործում ներգրավված են նաեւ Սողոմոնյանների ընտանիքը: Սույն գործով դատական վճիռը կայացվեց 2014 թվականի հոկտեմբերի 22-ին. վարչական դատարանը մերժեց Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցն ընդդեմ կադաստրի պետական կոմիտեի:
Դատական սույն գործը նոր փուլ է թեւակոխել: Նոյեմբերի վեցին, ինչպես մեզ տեղեկացրեց երրորդ կողմ հանդես եկող Հովհաննես Սողոմոնյանը, դատական նիստը հետաձգվեց հայցվոր կողմի փաստաբանի ուշացման պատճառով:
Թեեւ Սողոմոնյանների ընտանիքը որպես երրորդ կողմ է հանդես գալիս, սակայն իր խոսքով` կադաստրի պետական կոմիտեից իրենք ավելի շատ են շահագործված դատական սույն գործով: «Կադաստրի փաստաբանից շատ ենք պայքարում, դարձել ենք պատասխանող կողմ: Կադաստրը գալիս, «հա» կամ «չէ» է ասում, քաշվում մի կողմ»,- ասաց պրն Սողոմոնյանը:
Սույն գործով դատական հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 17-ին` ժամը` 11:00-ին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162403&l=am/