ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԱԿՏԻՎ «ԱՅՈ»-Ի ԵՎ «ՈՉ»-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՒՄ
Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԱԿՏԻՎ «ԱՅՈ»-Ի ԵՎ «ՈՉ»-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՒՄ
Սահմանադրական բարեփոխումների հետ կապված` Երեւանում եւ մարզերում մեկնարկել է «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավը, որին ակտիվորեն մասնակցում են ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ուժերը: Մշակույթի որոշ գործիչներ սահմանադրական բարեփոխումների մասին արդեն իրենց տեսակետները հայտնել են: Նրանց մի մասը դեմ է բարեփոխումներին, մյուս մասը` կողմ: Այս քարոզարշավում մշակույթի գործիչները, կարծես թե, ավելի պասսիվ են, քան երկրի համար կարեւոր մյուս իրադարձությունների ժամանակ: Արդյո՞ք մտավորականները պետք է ակտիվ լինեն «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավում, եւ որքանո՞վ է նրանց ակտիվությունը կարեւոր այդ գործընթացում` «Իրավունքի» հետ զրույցում հարցերին անդրադարձան մշակութային ոլորտի տարբեր ներկայացուցիչներ:
«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՐԴԱՄ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՓՈԽՎԱԾ ԼԻՆԻ»
Բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ.- Մշակույթի գործիչները պետք է զբաղվեն մշակույթով: Սահմանադրությունն իրավական փաստաթուղթ է, որով զբաղվում են իրավաբանները: Նրանք այդ փաստաթղթով զբաղվել են երկար ժամանակ եւ դեռ կշարունակեն զբաղվել: Խնդիրն այն է` ժողովրդին ուզում ենք բացատրել, որ ճիշտ է «Այո»-ն, քանի որ ազնվություն չէ զրոյականացնել իրավաբանների հսկայական խմբի աշխատանքը: Երկրի փոփոխության համայնապատկերն ո՞վ ավելի լավ գիտի, քան մեր երկրի նախագահը: Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նախագահի կառավարման տարիներին, ահռելի են: Հայաստանը միջազգային ասպարեզում ձեռք է բերել մեծ հեղինակություն: Չեմ կարծում, որ Սահմանադրությունը փոփոխելով` այս ձեռքբերումները ջուրն ենք լցնում: Սահմանադրությունը կկարդամ այն ժամանակ, երբ փոխված լինի: Այս ամենը պետք է փոխել ուրիշ դաշտ` խղճի եւ բարոյականության դաշտ: Արդյո՞ք խիղճն ու բարոյականությունը նույն Սահմանադրությամբ կաշխատեն, թե` ոչ, եթե աշխատեն, շատ լավ կլինի:
«ԵԹԵ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱԿՏԻՎ ԼԻՆԵՆ, ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԼԻՆԻ»
Դերասան ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆ.- Կարծում եմ, եթե որոշել են իրականացնել Սահմանադրական բարեփոխումներ, որը կբերի դրական տեղաշարժի, հայ ժողովրդի կյանքում որեւէ բան կփոխվի, ապա կողմ կլինեմ: Պարզապես պետք է ծանոթանալ Սահմանադրության դրույթներին, իրազեկ լինել, այնուհետեւ յուրաքանչյուրը կկայացնի սեփական որոշումը: Մարդն ինքը պետք է որոշի այս գործընթացում իր ակտիվության չափը, մշակույթի գործիչներ կան, որ իսկապես ակտիվ են, կան մարդիկ, ովքեր իրենց բնույթով պասսիվ են: Իհարկե, այստեղ, եթե մշակույթի գործիչներն ակտիվ լինեն, ավելի լավ կլինի:
«ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԼԻՆԻ ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
Դրամատուրգ ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ.- Յուրաքանչյուրը թող որոշի` կցանկանա՞ ակտիվ լինել, թե` ոչ: Որեւէ մեկը, եթե կարծիք հայտնի, թե այս կամ այն ոլորտը ներկայացնող մարդիկ պետք է ակտիվ լինեն, սխալ է: Մարդը պետք է ազատ լինի իր ընտրության մեջ:
«ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ ԱԿՏԻՎ ՉԵՄ»
Ժողովրդական երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ.- Սահմանադրական բարեփոխումներին ուղղված քարոզարշավին ակտիվ չեմ, չգիտեմ` ինչ է կատարվում, ուստի դժվար է որեւէ տեսակետ հայտնել:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=162395&l=am/