«ՊԱՐԶԵՑԻ` ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿ ԵՐԱԺԻՇՏՆԵՐՆ ՈՒՆԵՆ «ԿՌԻՇԱ»»
Արխիվ 12-16
«ՊԱՐԶԵՑԻ` ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿ ԵՐԱԺԻՇՏՆԵՐՆ ՈՒՆԵՆ «ԿՌԻՇԱ»»
Երեւանի կենտրոնում իրենց օրվա հացը վաստակող թափառաշրջիկ երաժիշտների կողքով շատերս ենք անտարբեր անցնում, կամ էլ մանրադրամ նետելով նրանց առջեւ դրված տուփի մեջ` առաջնորդվում ենք` փող եմ տվել, թող նվագի տրամաբանությամբ: Բայց պարզվում է` կան մարդիկ, ովքեր անտարբեր չեն անցել նրանց կողքով, ավելին` հոգացել են մուրացիկ երաժիշտներին փողոցից բեմ տեղափոխելու մասին: Դերասանուհի, բեմադրիչ Արսինե Նավասարդյանն ու «Արտքաստ պրոդաքշնի» տնօրեն, պրոդյուսեր Արմեն Մայիլյանը մի օր զբոսնելով Հյուսիսային պողոտայով` երկարատեւ քննարկման, նույնիսկ վիճաբանության արդյունքում որոշել են` հրավիրելով գրեթե բոլոր թափառաշրջիկ, նաեւ պրոֆեսիոնալ երաժիշտներին ու դերասաններին, ներկայացում բեմադրել: Մտահղացման հեղինակները նախագիծը գրեթե ավարտին են հասցրել եւ մտադիր են «Մենք ու մենք» վերնագրով հանդիսականին ներկայացնել նոյեմբերի վերջին` «Երեւան» մշակույթի կենտրոնում:
«ՆՐԱՆՑ ԿՏՐԵՆՔ ՓՈՂՈՑԻՑ, ԲԵՐԵՆՔ ԲԵՄ»
ԱՐՄԵՆ ՄԱՅԻԼՅԱՆԻ խոսքով. «Ես ու Արսինեն ծանր էինք ընդունում այն փաստը, որ վաստակ ունեցող երաժիշտները կյանքի բերումով հայտնվել են փողոցում: Կրկնակի ծանր էր մարդկանց անհարգալից վերաբերմունքը. կարող է 100 դրամ տան ու մուննաթով ինչ-որ երգ պատվիրեն: Մեր նպատակն է, որ նրանց կտրենք փողոցից, բերենք բեմ, ու այդ նույն մարդիկ բեմում նրանց հոտնկայս ծափահարեն: Չէ որ նրանց մեջ կան երաժիշտներ, որոնք ժամանակին լուրջ խմբերում նվագել են, վաստակ ունեցող արտիստներ են»,- պատմեց պրոդյուսերն ու հավելեց, որ մյուզիքլում հնչելու են հին հայտնի ու սիրված երգեր, որոնք մասամբ մոռացվել են հանրության կողմից:
ԵՐԲ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ ՄԵՐ ՏԱՏԻԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՎԱ ԴԻՋԵՅՆԵՐԻՑ Է
Մյուզիքլ-կոմեդիան պատմում է 30 տարի անց Հայաստան վերադարձած հայի մասին, ով ցանկանում է տղային ամուսնացնել Հայաստանում. «Դե, քանի որ նրանք մոտ 30 տարի Հայաստանում չեն եղել, Հյուսիսային պողոտան նոր են տեսնում, այնտեղ քայլելով հանդիպում են երաժիշտներին: Կոմեդիան կայանում է նրանում, որ երաժիշտները լսելով, որ նրանք հարսանիքի նպատակներ ունեն, ամեն ինչ անում են, որ իրենք նվագեն ու իրենց ասածի նման մի երկու կոպեկ գումար աշխատեն: Բայց ԱՄՆ-ում ծնված ու այնտեղի չափանիշներով մեծացած տղան ու հարսը դեմ են լինում: Ներկայացման մեջ մի դրվագ կա, որ հարսը, երբ տեսնում է Սայաթ-Նովայի նկարը, ասում է` հա՜, ես իրեն ճանաչում եմ, իմ տատիկի ժամանակվա դիջեյներից է: Հայության բոլոր խավերը համարյա ընդգրկել ենք, ամեն ինչ իրական դեպքերից է վերցված: Օրինակ` պարզեցի, որ թափառաշրջիկ երաժիշտներն ունեն, այսպես ասած, «կռիշա», ամեն ինչ ուսումնասիրել ենք, բարդ կառույց է»,- «Իրավունքի» հետ զրույցում պատմեց ներկայացման բեմադրիչ, սցենարիստ ԱՐՍԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ ու հավելեց, որ իրականում երաժիշտներին փողոցից բեմ բերելն ավելի հեշտ էր, քան` աշխատելը. «Բերելը շատ հեշտ էր, միանգամից հասկացան մեզ, ապշել էինք: Բայց աշխատելը չափազանց դժվար է` չէի պատկերացնում: Մի պահ նույնիսկ մտածեցի` դադարեցնենք նախագիծը, հետո շատ մեծ ջանքերով գնացինք առաջ: Փոխել իրենցից ոչ մեկին չեմ ուզում: Ինձ ու Արմենին անընդհատ դիմում են շատ բարձր պրոֆեսիոնալներ` ներկայացման մեջ հանդես գալու համար, բայց արդեն կազմավորվել է թիմը, մերոնք «համով» են: Դեմքեր ենք հավաքել, թե՞ ես եմ սիրահարված` կերեւա ներկայացումը հանդիսականին ներկայացնելուց հետո»:
«ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ԼԱՎ ՕՐԻՑ ՉԵՆ ՀԱՍԵԼ ՓՈՂՈՑ»
Ներկայացման մեջ բացի թափառաշրջիկ երաժիշտներից, հանդես են գալիս ոչ միայն պրոֆեսիոնալ երաժիշտներ, նաեւ վաստակաշատ դերասան ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ երիտասարդ դերասան ԳՈՌ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Գոռը մեզ հետ զրույցում շեշտեց, որ հեշտ է համաձայնել ներկայացման մեջ հանդես գալ, քանի որ, ըստ նրա, այդ մարդիկ լավ օրից չեն հասել փողոց:
- Թող նրանց համար էլ լավ լինի եւ հասկանան ինչ է բեմը: Թեպետ` գիտեն մեզանից շատ լավ, քանի որ նրանց մեջ կան նաեւ ժամանակին հայտնի անսամբլներում հանդես եկած երաժիշտներ: Իսկ ես էլ` համաձայնեցի, քանի որ նախագծում աշխատում են տիկին Արսինեն ու դերասան Արա Սարգսյանը, իսկ ես շատ փոքր մարդ եմ, որ չհամաձայնեմ:
- Ի՞նչ կերպար եք մարմնավորում:
- Շմայսի:
- Մեր օրերի Շմայսի մասի՞ն է խոսքը:
- Ոչ, նա երաժիշտների «կռիշան» է, երաժիշտների աշխատած գումարն իմ կերպարի ձեռքի տակով է անցնում: Երաժշտական «գող» եմ խաղում, էլի:
- Մտավախություն չունե՞ք, որ ներկայացումից հետո «կռիշաները» կգան Ձեզ հետ հաշիվ մաքրելու:
- Դե, եթե խոպանչիների, թամադաների վրա հարկ ու տուրք են դնում, դա էլ կլինի, ինչու ոչ:
«ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍԿՍԵՑ ՀԱՎԱՔՎԵԼ ԻՄ ՇՈՒՐՋԸ»
Հյուսիսային պողոտայում հաճախ հանդիպող օպերային երգչուհի տիկին Հասմիկը նույնպես հանդես է գալիս նախագծում: Երգչուհին «Իրավունքին» պատմում էր, թե ինչպես է անսամբլների հետ հանդես եկել երեւանյան տարբեր բեմերում, համերգներով եղել շրջկենտրոններում, քաղաքներում` պետական խմբերի հետ աշխատելու տարիներին. «Արդեն մեկ տարի կյանքի բերումով, ինչ-որ տեղ նաեւ հարկադրված, հայտնվեցի փողոցում»,- մեզ պատմեց երգչուհին ու ասաց, որ ճիշտ է նախագծում ունի մի քանի համարներ եւ փոքրիկ կտոր, բայց ուրախ է հանդես գալ պրոֆեսիոնալների եւ թափառաշրջիկ երաժիշտ-ընկերների հետ: Տիկին Հասմիկը ցանկացավ շտկում մտցնել այն տարածված կարծիքին, թե ինքը օպերային երգչուհի է. «Ես օպերային երգչուհի չեմ, ինչպես շատերը գիտեն, իմ արվեստը կիսատ եմ համարում: Ճիշտ է, երգել եմ պետական խմբերում, երկրորդ կապելլայում, ժողովրդական երգերի կատարումով եմ հանդես եկել, որը բարձր գնահատականի է արժանացել հեռուստափառատոնում, Հայհամերգի խմբերում եմ երգել, օպերային երգչախմբում, կարճ ժամանակ նաեւ եկեղեցում եմ երգել, բայց դրանք արդեն անցյալում են: Իմ երազանքն էր հանդես գալ աշխարհի ծայրերում գտնվող բեմերում, բայց կյանքի հանգամանքների պատճառով այսպես ստացվեց»:
Խոսելով փողոցում երգելով գումար աշխատելու մասին` տիկին Հասմիկն ասաց, որ դեռ 18 տարի առաջ երազ է տեսել: Թեպետ պնդեց, որ նման բաների չի հավատում, բայց փաստ է, որ այն իրականացել է. «Երազ տեսա, որ երգում էի բաց երկնքի տակ, սպիտակ աղավնին ճախրում էր վերեւում, անգամ թեւերի ծափերի ձայնն էի լսում, եւ մանր փետուրները թափվում էին գլխիս: Արթնացա ու զարմացա, թե սա ինչ էր նշանակում: Տարիներ անց, զավեշտով հայտնվեցի փողոցում եւ երազս կատարվեց: Ինչ կա որ, Եվրոպայում սպիտակ դաշնամուրը փողոցում դրած` բարձր պրոֆեսիոնալ երաժիշտները նվագում ու գումար են աշխատում, ինչո՞ւ ես էլ չերգեմ: Մեկ տարի առաջ Հյուսիսային պողոտայով անցնելիս տեսա պարսիկներ, հնդիկներ են նվագում ու ինքս ինձ ասացի` մեր երգարվեստում այսօր շատ դետալներ բաց է թողնվում քիչ է, հիմա էլ այս օտարները եկել են ու քաղաքի կենտրոնում երգում են: Մի տեսակ նախանձ առաջացավ եւ պարսիկ կիթառահարի կողքին կանգնեցի ու հանպատրաստի սկսեցի մեր հայկական երգերը երգել: Ու ժողովուրդը սկսեց հավաքվել իմ շուրջը: Այս ներկայացման մեջ հանդես եկող երաժիշտներից ակորդեոնահար վարպետ Սամվելը, որն աշխարհի տարբեր երկրներում հանդես է եկել, մի քիչ ներքեւում էր նվագում, ես էլ քիչ-քիչ երգելով` ժողովրդին տարա դեպի մեր երաժիշտները ու ասացի, դե հիմա մեր հայկական երաժշտությունը լսեք ու հեռացա` ասելով` ինչո՞ւ պիտի մերը թողած` պարսիկի մոտ հավաքվեն: Ի վերջո, մեր ժողովուրդն էլ այդքան ունեւոր չէ, թող մեր գումարը մեզ մնա, ինչո՞ւ գնա օտարին: Մի օր էլ` Հայհամերգում վարպետ Սամվելին հանդիպեցի, ասաց` չգնա՞նք էլի երգենք, ասացի` գնացինք, ու այդպես սկսեցի»:
Կազմակերպիչները հակված են այն կարծիքին, որ շատ հաճախ փողոցում ոչ պակաս պրոֆեսիոնալներ են նվագում, քան նրանք ովքեր այսօր բեմերում են:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162394&l=am/