ՄԵՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆ Է՞Լ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ
Արխիվ 12-16
ՄԵՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆ Է՞Լ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ
Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի կործանումից մեկ-երկու օր անց ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ մեր երկրի քաղաքացիները Եգիպտոս մեկնելու հարցում արտառոց խնդիրներ չունեն, պարզապես պետք է աշխատեն հանգստյան գոտիներից եւ հյուրանոցներից հեռու չմնալ: Այդ պահին դեռ հարցական էր, թե ռուսական ինքնաթիռի կործանման պատճառը որն է, եւ այդ հայտարարությունն էլ ընկալելի էր հենց այդ տեսանկյունից:
Այն ժամանակ, հիմնվելով ԱԳՆ-ի այդ դիրքորոշման վրա, հայաստանյան զբոսաշրջային կառույցները եւս այն տոնայնությունը որդեգրեցին, որ եթե արտաքին քաղաքական գերատեսչությունը խնդիր չի տեսնում, ուրեմն` Եգիպտոս մեկնելուց վախեցողներն էլ հիմքեր չունեն ու չեն կարող հրաժարվել իրենց զբոսաշրջային փաթեթներից: Բայց ահա վերջին օրերին իրավիճակը կտրուկ փոխվեց: Նախ՝ ռուսները փաստեր ներկայացրին, որ ինքնաթիռի հետ կապվածն ահաբեկչություն էր: Բնականաբար՝ այդ հիմքով ՀՀ ԱԳՆ-ն էլ իր հերթին փոխեց տոնայնությունը, թե՝ խորհուրդ է տալիս Հայաստանի քաղաքացիներին՝ «առանց հատուկ անհրաժեշտության» չմեկնել Եգիպտոս: Դա արդեն նշանակում է, որ զբոսաշրջային գործակալությունները հիմա արդեն արդարացման տարբերակը չունեն, եթե նույնիսկ քաղաքացու անվտանգ մեկնել-վերադառնալու ողջ պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն: Բայց ահա երեկ շարունակվեցին բողոքները, թե՝ իրենց վճարումները ետ ստանալու հարցում Եգիպտոս մեկնել պատրաստված մեր քաղաքացիները նորից խնդիրներ ունեն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻ մեկնաբանությունն էլ հնարավորություն չտվեց խնդրից բան «հասկանալ»: ««Զբոսաշրջության գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է պարտադիր պահանջ, ըստ որի, զբոսաշրջային փաթեթ վաճառելիս, զբոսաշրջային գործակալությունը պարտավոր է սպառողի հետ կնքել համապատասխան պայմանագիր: Բայց, մինչ պայմանագիր կնքելը, նույն օրենքով նախատեսված է պարտադիր պահանջ, որի համաձայն՝ զբոսաշրջային ընկերությունը սպառողին պետք է տրամադրի տեղեկատվություն տվյալ երկրի առանձնահատկությունների հետ կապված եւ տեղեկացնի այդ երկիր ելքի ու մուտքի առանձնահատկությունների մասին: Այս ամենից հետո, երբ սպառողը որոշում է մեկնել տվյալ երկիր, նրա հետ կնքվում է պայմանագիր»,- նշեց Մ. Ապրեսյանը: Եվ հետո՝ մեր զրուցակիցը քաղաքացիներին երկար-բարակ հորդորում էր` խնդիրներից խուսափելու համար, զբոսաշրջային փաթեթ ձեռք բերելիս, անպայման կնքեն պայմանագիր եւ զբոսաշրջային ընկերության հետ հստակ պայմանավորվեն` փաթեթից հրաժարվելու պայմանների մասին: Կամ՝ եթե զբոսաշրջային ընկերությունը սպառողների հետ չի կնքում պայմանագիր, ապա խնդիրների դեպքում հայտնվում է անբարենպաստ իրավիճակում. «Զբոսաշրջության մասին ՀՀ օրենքի մեկ այլ դրույթ ասում է, որ պայմանագիր չկնքելու եւ պարտադիր պայմանների բացակայության դեպքում, եթե առաջանում են վեճեր, ապա հաշվի են առնվում սպառողի գրավոր բացատրությունները: Այն դեպքում, երբ տեղեկատվությունը նախապես չի տրամադրվել սպառողին, ինչի պարագայում էլ նրա իրավունքը խախտվել է: Սա նշանակում է, որ սպառողը դատարանում կարող է հիմնավորել, որ տվյալ զբոսաշրջային ընկերությունը խախտել է օրենքով նախատեսված պայմանը եւ նախապես իրեն տեղեկատվություն չի տրամադրել: Այս առումով ոչ բոլոր սպառողները գիտեն իրենց իրավունքները: Շատ դեպքեր են եղել, երբ ճանապարհորդական փաթեթ ձեռք բերելիս մարդիկ չեն ուսումնասիրել թե ինչ պայմանագիր են ստորագրում: Սակայն դեպքեր են եղել, երբ խախտվել են սպառողի իրավունքները, իսկ նա մինչեւ վերջ հետամուտ է եղել, որպեսզի իր իրավունքները վերականգնի»:
Միայն թե, այդպես էլ հանելուկ է, թե այդ ի՞նչ նախնական տեղեկություններ պետք է տային զբոսաշրջային գործակալությունները: Եթե նրանք նախապես իմանային, որ Եգիպտոսում ահաբեկչական հարձակում է լինելու ինքնաթիռի վրա, ապա հիմա հաստատ դրա հանցակիցը լինելու մեղադրանքով վանդակաճաղերի ետեւում կլիներին: Այսինքն՝ մարդկանց հետ պայմանագրեր կնքելուց հետո ¥անկախ այդ պայմանագրի որակից¤ արձանագրվել է ֆորսմաժորային իրավիճակ, ինչը, որպես կանոն, ենթադրում է նախնական բոլոր պայմանավորվածությունների ¥այդ թվում՝ գործակալությունների կողմից ավիաընկերությունների եւ եգիպտական հանգստավայրերի հետ¤ չեղյալ համարում: Եվ եթե դա հայաստանյան համապատասխան օրենք չի նախատեսում, ապա դա արդեն այլ խնդիր է:
Հակառակ դեպքում, եթե «Զբոսաշրջության գործունեության մասին» ՀՀ օրենքը կիրառեն զբոսաշրջային գործակալությունները, ապա տոմսերի վերադարձի հետ կապված` քաղաքացիները չեն հայտնվի քաշքշուկների մեջ: Այլ բան, որ կարող են օրենքը շրջանցել, եւ դա արդեն նաեւ պարոն Ապրեսյանի ղեկավարած կառույցի խնդիրն է:
«Իրավունքը» դիմեց նաեւ զբոսաշրջային մի քանի ընկերությունների՝ պարզելու, թե կա՞ն քաղաքացիներ, որոնք այս պահին վերադարձնում են գնած տոմսերը, եւ այդ գործընթացն ինչպես է կարգավորվում: Սակայն պարզվեց, որ գործընթացը պահվում է խիստ գաղտնի. գործակալություններից մի քանիսը միայն տեղեկացրեց, որ չեն կարող տրամադրել նման տեղեկատվություն:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162386&l=am/