«ՕՏԱՐԱԾԻՆ ՀԱՅԱԽՈՍՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՉՔԻՆ ԹՈԶ ՓՉԵԼ»
Արխիվ 12-16
«ՕՏԱՐԱԾԻՆ ՀԱՅԱԽՈՍՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՉՔԻՆ ԹՈԶ ՓՉԵԼ»
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «այո»-ի ու «ոչ»-ի քարոզարշավի ֆոնին կրկին ակտիվություն է դրսեւորում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը: Այս, ինչպես նաեւ մերօրյա ընդդիմության ու վաղվա Հայաստանի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը խորհրդարանական հնաբնակներից մեկի` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ:
«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐՎՈՒՄ ԵՆ ԶՐՈՅԻ»
–Պարոն Կարախանյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին արտասահմանյան լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել ու հանդես եկել ամենաընդդիմադիր դիրքերից` մասնավորապես խիստ քննադատության ենթարկելով սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ճիշտն ասած, իմ դաստիարակությունն ու անցած ճանապարհը թույլ չեն տալիս որեւէ բացասական բան ասել այն մարդու մասին, որը շուրջ 10 տարի եղել է ՀՀ նախագահ: Բայց այս պարագայում պետք է համեստորեն ասեմ, որ կարծում եմ` Ռոբերտ Քոչարյանը հույսեր էր փայփայում նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու եւ հաղթելու, իսկ այս սահմանադրական փոփոխություններով նրա սպասումները հավասարվում են զրոյի:
– Ի վերջո, կարելի՞ է Ռ. Քոչարյանին համարել քաղաքականությունից դուրս անձ, երբ նա առիթը բաց չի թողնում իր քննադատական մտքերն ընդդեմ իշխանությունների հնչեցնել` անգամ արտաքին քաղաքական հարցերում:
– Ցանկացած նախագահ, երբ պաշտոնաթող է լինում, չի կարող քաղաքականությունից դուրս լինել, որովհետեւ երկար ու ձիգ տարիներ քաղաքականության մեջ է եղել: Այդ լավ է, որ իրենք երբեմն-երբեմն արձագանքում են, ուղղակի, այստեղ խնդիրը մոտեցումն է: Եթե նա իր նեղ, անձնական շահերի տեսանկյունից է ներկայացնում հարցը, կարծում եմ` սա արդեն ազնիվ չէ:
«ՄԱՐԴԻԿ ԿԱՅԻՆ, ՈՐՈՆՑ ՆՊԱՏԱԿԸ ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼԸ ՉԷՐ»
–Այս շաբաթ ավարտվեց «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը, ինչն ուղեկցվեց թեժ բանավեճերով: Որքանո՞վ էին արդարացված այն մեղադրանքները, որոնք հնչում էին ընդդիմության կողմից:
– Ես տնտեսագետ չեմ, բայց, իհարկե, բյուջեն, որը նախատեսում է 2,2 տոկոս տնտեսական աճ, բավարար չէ մեր ժողովրդի կարիքները հոգալու համար: Միեւնույն ժամանակ, ես էլ եմ գտնում, որ բյուջեն իրատեսական է, որովհետեւ այսօր աշխարհը նորից գլխապտույտի մեջ է, եւ բոլոր ծագերում կան անկումներ, մասնավորապես` Ռուսաստանում, որի հետ բոլոր թելերով կապված ենք: Շատ ելույթներ, որոնք ուղեկցվում էին մեղադրանքներով, չարակամությունից ելնելով էր արվում, պարզապես, մաղձ էին թափում: Մարդիկ կային, որոնց նպատակը բյուջեն քննարկելը չէր եւ ոչ էլ քվեարկելը, այլ այսօր ամբիոն կա, ուզում են օգտագործել այն: Ժողովուրդն այսօր մի խնդիր ունի` սոցիալական սուղ վիճակը, եւ սպասում է փոփոխությունների ու, բնականաբար, այդ օտարածին հայախոսները անպայման ուզում են ժողովրդի աչքին թոզ փչել, բայց մեր ժողովուրդն իմաստուն է: Անձամբ ես` ժողովրդի մեջ լինում եմ եւ գիտեմ, որ այդ «մռութները», որ նրանք երբեմն-երբեմն հեռուստատեսությամբ տեսնում են, այլեւս հավատ չեն ներշնչում: Մի՞թե չկա իրական ընդդիմություն, որ ժողովուրդն իր հոգով, բջիջներով զգա, որ սա ժողովրդի շահերի պաշտպանն է... Շատ բացասական եմ վերաբերվում այս ելույթներին:
– Իսկ հույս կա՞, որ գոնե վաղը կունենանք իրական ընդդիմություն:
– Կողմնակից չեմ այդ թեզին, որ ընդդիմություն չունենք այսօր: Օրինակ, միշտ ասել եմ ու ասում եմ` ինձ համար ընդդիմություն է ՀՅԴ-ն, որը ժամանակին զենքը ձեռքին կռվում էր Արցախի ազատագրման համար: Ու այսօր էլ նրանց քննադատական մոտեցումները կառուցողական են եւ գովելի: Սակայն ի՞նչ ասես Նիկոլ Փաշինյանի, Լեւոն Զուրաբյանի մասին... Մենք ժամանակին տեսել ենք նրանց` իրենց քաղաքական հայրերի հետ միասին, ու տեսել է նաեւ ժողովուրդը: Փառք Աստծո, որ չհասցրեցին Արցախը հանձնել Ադրբեջանին, այսինքն` ուզում էին, բայց ուժեր եղան, որոնք թույլ չտվեցին: Ես նրանց միայն մի բան կասեմ` երբեմն-երբեմն գնացեք Եռաբլուր, այնտեղ թաղված են մեր տղաները, եւ ինչքան կան, որոնք անթաղ մնացին... Այդ հոգիների պահանջը պիտի կատարվի: Իհարկե, այսօր Հայաստանում կան շատ խնդիրներ, բայց սա չի նշանակում, որ կարելի է այդ ոճով խոսել: Լեւոնի (նկատի ունի ՀՀ առաջին նախագահին-խմբ.) իշխանության ժամանակ երբեւէ ինձ հայհոյախառն խոսքեր թույլ չեմ տվել, թեպետ էն գլխից համաձայն չեմ եղել իրենց հետ` մտածելով, որ սրանք հայերենով լավ խոսող մարդիկ են, որոնք կապ չունեն Հայաստանի եւ առավել եւս պետության, պետականության հետ, ինչը կյանքը ցույց տվեց: Էլի եմ ասում` սա մարդու դաստիարակությունից է գալիս, նրա հոգեկերտվածքից: Իսկ թալանի, անարխիայի, օրենքի բացակայության սաղմերը դրվել են 90-ականներից: Հիմա ամեն ինչը կամաց-կամաց հունի մեջ է ընկնում, եւ այսօր տեսնում ենք, որ պետական այրեր են կալանքի վերցվում: Իսկ Լեւոնի ժամանակ նման բան ինչպե՞ս կարող էր լինել, բոլորն ախպեր տղերք էին: Ինչեւէ, ուզում եմ, որ այսօր ընդդիմությունը սրտացավ լինի իր պետության, իր սահմանը պաշտպանող զինվորի համար, որը երբեմն զոհ է դառնում թշնամու գնդակից: Դուք ուշադրություն դարձրեք, մի բառ անգամ այդ մասին ընդդիմություն կոչվածը չի խոսում: Բայց չէ՞ որ թշնամու գնդակից զոհված զինվորը մեր զավակն է, որը զոհվեց հայրենիքը պաշտպանելու համար:
«ՀԵՐԻՔ ԵՂԱՎ, ԲՈԼ ԵՂԱՎ»
–Վերադառնալով սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի թեմային` եւս մեկ հարց. ԱԺ «Ժառանգություն» խմբակցության դե ֆակտո ղեկավար Զարուհի Փոստանջյանը անգամ առաջարկում էր, որ «ոչ»-ը դառնա «դեւ» եւ «ուտի» «այո»-ին: Ըստ Ձեզ` կհաջողվի՞ ժողովրդին վերածել «դեւերի»:
– Չեմ կարծում` մեր ժողովուրդն իմաստուն է եւ, այսպես ասած, հատուկենտ օտարածին հայախոսների խոսքերից չի խաբվի եւ կշարունակի իր մոտեցումները դասավորել այնպես, որ պետության եւ պետականության անվտանգությունն ապահովվի: Այս համակարգային փոփոխությունները, որոնք կան սահմանադրական բարեփոխումների հիմքում, ոչ միայն այսօրվա, այլեւ Հայաստանի վաղվա ողջ ճանապարհի համար է, եւ, կարծում եմ, «այո»-ն հաղթանակելու է:
– «Այո»-ի հաղթանակի դեպքում, ի՞նչ կփոխվի ՀՀ վաղվա քաղաքացու կյանքում:
– Իհարկե, ես այդ միամիտը չեմ կամ մեր ժողովուրդն էլ, կարծում եմ, այդքան միամիտ չէ, որ հավատա, թե այս սահմանադրական բարեփոխումները, որ լինի, հաջորդ օրը արդեն սկսում են բոլորը լավ ապրել: Սա գործընթաց է, ու այստեղ մի նուրբ հարց կա: Հայաստանը լինելով փոքրիկ պետություն` իր սուղ ազգաբնակչությամբ, մի մարդ ինչպես ուզում, ղեկավարում է: Այո, գաղտնիք չէ, որ ամեն ինչ կատարվում է նախագահի կամքի թելադրանքով: Ո՞վ պիտի չկատարի, ո՞ր չինովնիկը կհամարձակվի չկատարել, սակայն խորհրդարանական կառավարման դեպքում սա կբացառվի: Ներողություն` իմ անհամեստության համար, բայց երբեմն ես եմ միայն իմ հարցազրույցներում քննադատում մեր այս կամ այն չինովնիկին: Եվ ես էի, որ մեր խմբակցության նիստի ժամանակ ասացի` հերիք եղավ, բոլ եղավ, երբ էլեկտրաէներգիայի գնի բարձրացում էր սպասվում: Ինչպե՞ս կարելի է այս կենսամակարդակում գտնվող ժողովրդի ուսերին բերել ու եւս մեկ բեռ բարձել: Գիտեմ, որ կողքից լավ չեն նայում, բայց կարծում եմ` եթե բոլորս այսպիսին լինենք, Հանրապետականն էլ ինքնամաքրման ճանապարհը կբռնի: Եվ սահմանադրական բարեփոխումները պիտի դառնան հենց այն ճանապարհը, որով ժողովուրդը պիտի լավ ապրի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162377&l=am/