ԱՆԱԿՆԿԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ. ՕԵԿ-Ը ՇՈՅՎԱԾ Է
Արխիվ 12-16
ԱՆԱԿՆԿԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ. ՕԵԿ-Ը ՇՈՅՎԱԾ Է
Երեկ խորհրդարանում փոքրիկ «անակնկալ» էր սպասվում ՕԵԿ-ին, ինչի մասին նշեց նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց մեծ օրակարգ մտած ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Իշխան Զաքարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
Ի դեպ, «անակնկալը», իրոք, ՕԵԿ-ականների սրտով էր, որի մասին մի քանի անգամ շեշտեց պարոն Մարգարյանը եւ հայտնեց իր գոհունակությունն ու շնորհակալությունները:
Հիշեցնենք, որ այս օրենսդրական նախաձեռնությամբ հեղինակներն առաջարկում են սննդամթերքի, մասնավորապես երշիկեղենի վերաբերյալ առավել հանգամանալի տեղեկություններ տալ սպառողներին: Առաջարկվում է տեղեկացնել, թե ինչպիսի սննդային հավելումներ կան դրանցում: Բացի այդ, հեղինակներն առաջարկում են տեղյակ պահել սպառողներին կաթի եւ կաթնամթերքի պարենային հումքի մշակման ենթարկված լինելու մասին: Չմոռանանք շեշտել, որ նախագծի վերաբերյալ դրական էր թե՛ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, թե՛ կառավարության եզրակացությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162374&l=am/