ՍԻՐԻԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐԻՆ ՆԱԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՊԱԳԱՆ Է ԴՐՎԱԾ
Արխիվ 12-16
ՍԻՐԻԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐԻՆ ՆԱԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՊԱԳԱՆ Է ԴՐՎԱԾ
Ինչպես եւ սպասվում էր՝ փարիզյան ահաբեկչությունից հետո, Եվրոպայում` ուղղակի աչքի առաջ սրվում է ոչ միայն համընդհանուր վախի մթնոլորտը, այլեւ հենց այդ վախի ֆոնին՝ իսլամաֆոբիան: Եվ մյուս կողմից էլ, եթե, այսպես ասենք, սովորական, իր առօրյա կյանքով ապրող մուսուլմանությունը փորձում է ցույց տալ, թե կրոնն այստեղ գործ չունի, պետք է մեղադրել միայն ծայրահեղ իսլամիստներին, սակայն այդ նույն ծայրահեղ իսլամիստական շարժումները կարծես թե ամեն ինչ անում են` հակամարտությունը կրոնական հարթություն տեղափոխելու համար:
ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Ամեն դեպքում՝ Փարիզին հարվածելուց հետո իսլամիստական շարժումներն ամեն ինչ անում են մթնոլորտը թեժ պահելու համար: Ի պատասխան՝ ներսից եվրոպական հասարակությունը սկսում է արագորեն եռման աստիճանին մոտենալ՝ վտանգ տեսնելով մինչեւիսկ, օրերս լայն տարածում ստացած օրինակով, հիջաբով խանութ մտնել ցանկացող մահմեդական աղջկա մեջ: Եվ նույն օրինակով. հիջաբ հագած նույն մահմեդական աղջիկը բողոքում է անարդարությունից, եւ դա արդեն եվրոպական խաղաղ մուսուլմանության դժգոհությունն է: Եվ այն փաստը, որ փարիզյան ¥եւ ոչ միայն¤ մուսուլմանաբնակ շատ թաղամասերում այս վերջին ահաբեկչության լուրն ընդունեցին գրեթե քեֆ-ուրախությամբ, արդենիսկ ակնարկում է, թե հակամարտությունն ինչ խորը արմատներ է հասցրել գցել: Ի վերջո, չմոռանանք նաեւ հաշվի առնել, որ փարիզյան ահաբեկչության այս պահին հայտնի 9 մեղավորները Ֆրանսիայի քաղաքացիներ էին:
Միայն թե կերած-խմած, ժամանակակից եվրաարժեքների հաշվին, սեփական «անձի իրավունքներից» այն կողմ այլեւս բան չտեսնող միջին վիճակագրական եվրոպացին ինչո՞վ կարող է հակազդել հանուն Ալլահի` անգամ կյանքն ամեն պահի տալու պատրաստ իսլամիստին:
Մեկ այլ տիպիկ օրինակ. փարիզյան ահաբեկչության հենց հաջորդ օրը մորուքավոր Կոնչիտան գրեց. «Ես միշտ փորձում եմ կենտրոնանալ այն լավ բաների վրա, որոնք այս պահին գրեթե անհնար է: Ես գիտեմ եւ խորապես հավատում եմ այն փաստին, որ մարդկանց մեծամասնության սրտերը սիրով են լցված: Բարին միշտ հաղթում է: Եկեք ավելի մոտենանք միմյանց եւ հզորանանք միասին...»: Դե, պատկերացրեք, թե ինչ ռեալ արդյունք կստացվի, երբ դեռ բարու ու չարի մասին նման հեքիաթային պատկերացումներ ունեցող «սիրով լցված սրտերով» մի հիսուն կոնչիտաներ «իրար ավելի մոտեցած» ու այդպես «հզոր-հզոր»՝ ինչ-որ մութ անկյունում մինչեւ գոտկատեղը հասնող մորուքավոր արաբ Ալիի դեմ դուրս գան... Իհարկե՝ Եվրոպան ամենեւին էլ միայն կոնչիտաներով լցված չէ: Բայց գաղափարական տեսանկյունից` Աստծուն ու ազգը սեփական «ես»-ի իրավունքներով փոխած նույն միջին վիճակագրական եվրոպացին ի՞նչ է անելու հանուն իր Աստծու, ազգի ու ընտանիքի, ամեն ինչի պատրաստ նույն Ալիի դեմ՝ լինի նա ծայրահեղ թե ոչ ծայրահեղ իսլամիստ:
Այսպիսով՝ ի՞նչ լուծումներ կարող է կիրառել Եվրոպան: Համաեվրոպական լիդերներից մեկը՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլով Յուկերն առաջարկում է. «Ժամանակին ես ասում էի, որ հանդես եմ գալիս եվրոպական բանակի ստեղծման օգտին, եւ ինձ քննադատեցին: Հիմա դա ակնհայտ է, մենք պետք է շատ ներդրումներ անենք, որ ստեղծենք եվրոպական ռեալ պաշտպանական քաղաքականություն»: Եթե մեկ ոչ լրիվ տարվա մեջ, եվրոպական հիմնական մայրաքաղաքներից մեկը՝ Փարիզն ենթարկվում է երկու խոշոր ահաբեկչական հարձակման, Յունկերին այլ բան չէր մնում, քան այդպես ընդունելը, որ երվոպական ներկայիս անվտանգության համակարգն առնվազն կաղում է: Եթե փրկությունը եվրոպական բանակն է, նշանակում է, որ Յունկերը միաժամանակ ակնարկում է, որ անվտանգության ՆԱՏՕ-ական, այսինքն՝ ամերիկյան բաղադրիչն է, որ էֆեկտիվ չէ...
ՌՈՒՍ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆ ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն Է
Ահա այս իրավիճակում «անհասկանալի» քայլեր է իրականացնում նախագահ Օլանդը: Նախ՝ Ֆրանսիան, որ վերջերս մի գլուխ ավիահարվածներ է իրականացնում Սիրիայում, սիրիական ափեր ուղարկեց «Շարլ դը Գոլ» ավիակիրի գլխավորած նավախումբը: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է նույն սիրիական ափերի մոտ գտնվող ռուսական նավատորմին՝ ֆրանսիացիներին ընդունել որպես դաշնակիցների ու համատեղ պայքարի ռազմավարություն մշակել: Դա, հասկանալի է, առանց նախագահ Օլանդի հետ համաձայնեցման չէր կարող լինել: Այսպիսով՝ մի կողմից երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր ռուս-ֆրանսիական հարաբերությունների թեկուզեւ մեկ դրվագով օգտագործվում է դաշնակից տերմինը: Օլանդն այդ իրավիճակը հստակեցրեց՝ հայտարարելով, թե՝ առաջվա պես ոչ թե նախագահ Ասադին է համարում Ֆրանսիայի ֆշնամին, այլ՝ «Իսլամական պետությանը»: Բայց ահա նույն Օլանդը փորձում է նաեւ «երկրորդ ձմերուկը ձեռքն առնել»՝ հայտարարելով, թե պետք է ԱՄՆ-ի հետ եւս պայմանավորվի՝ նրան էլ ԻՊ-ի դեմ ակտիվացնելու համար: Եվ դա այն դեպքում, երբ նախագահ Օբաման առավել քան հստակ հայտարարում է, թե որն է իր ուզածը: Հասկանալի է, ընդհանուր մթնոլորտն Օբամային պարտադրել է երանգավորումը փոխել, թե՝ արդեն ճիշտ է համարում Սիրիայում ռուսական հարվածները: Բայց նաեւ երեկ բաց տեքստով հայտարարեց, թե՝ Ռուսաստանն ու Իրանը պետք է որոշեն՝ ցանկանում են աջակցել Ասադի՞ն, թե՞ պահպանել սիրիական պետությունը: Դրանից մեկ օր առաջ էլ պետքարտուղար Քերին էր հայտարարել, թե՝ Ասադի օրերը հաշված են, երբ մեկ-երկու ամիս առաջ նույն Քերին ասում էր, թե նախ պետք է «Իսլամական պետության» հարցը լուծել, հետո անցնել Ասադի թեմային: Իհարկե՝ հենց այսպես էլ պետք է լիներ. Ասադը եղել եւ մնալու է Վաշինգտոնի թիվ մեկ թիրախը, անկախ նրանից, թե իսլամիստնմերը եվրոպական քանի մայրաքաղաք կպայթեցնեն: Այն պարզ պատճառով, որ եթե ռուսների օգնությամբ սիրիական ճգնաժամը հանգուցալուծվի, Ասադը ¥կամ առնվազն նրա ղեկավարած քաղաքական ուժը¤ կմնա որպես հաղթող: Իսկ դա Մերձավոր Արեւելքի խաղատախտակին` Վաշինգտոնի համար մահացու հարված է: Օլանդը մինչ այս պայթյուններն էլ, անշուշտ, այդ նյուանսներից առավել քան տեղյակ էր, էլ չասած, որ մինչեւ վերջերս էլ անձամբ էր ներգրավված այդ ամենի մեջ՝ դատապարտելով ռուսների գործողությունը Սիրիայում: Բայց ահա ահաբեկչությունից հետո այլ տարբերակ չուներ, քան այդ երկու գլոբալ քաղաքական հոսանքների մեջ ռուսների հետ դաշինքից խոսել՝ նաեւ ակնհայտորեն դեռ փորձելով մանյովրել նաեւ Վաշինգտոնի ուղղությամբ: Ո՞րն է լինելու նրա վերջնական հանգրվաանը, դեռ լուծումը թերեւս Փարիզն էլ չունի: Միայն թե՝ երկրի ներսում ճնշումները գնալով աճում են: Մասնավորապես՝ նախօրեին, ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը նորից փորձեց ԻՊ-ի դեմ առաջամարտիկի կերպարով հանդես գալ՝ հայտարարելով. «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանն ազնիվ քաղաքականություն է վարում, եւ պետք է միավորենք մեր ջանքերը ԻՊ-ի դեմ պայքարում»: Եվ անմիջապես, էլ ոչ միայն ֆրանսիական մամուլը, այլեւ քաղաքական էլիտան հիշեցրեց, թե դեռ միայն վերջերս ինչպես էր նույն Ֆաբիուսը կատաղորեն քննադատում ռուսների գործողությունները Սիրիայում: Նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն էլ կոպտորեն Ֆաբիուսին խորհուրդ է տվել՝ բերանը փակել՝ նրա, այսինքն՝ Օլանդի ողջ քաղաքականությունը համարելով ձախողված, ու նման կոշտ արտահայտությունների պակաս այս օրերին Փարիզում չի զգացվում:
Այսպիսով՝ կհաջողվի՞ Օլանդին շարունակել խաղալ ռուս-ամերիկյան այդ հակադիր քաղաքական ուղղվածությունների մեջ. թերեւս դժվար, պետք է իր վերջնական դիրքորոշումն ունենա հենց որ ֆրանսիական նավատորմը կհասնի Սիրիա:
Բայց արդեն դա էլ չէ էականը: Փարիզյան ահաբեկչությունը, պարզապես, հերթական անգամ իր ողջ «հմայքով» ջրի երես հանեց այն գլոբալ հիմնախնդիրը, որ Եվրոպան իր ներկայիս տեսքով «թնդանոթի մսի» կարգավիճակից այն կողմ չի անցնում: Ինչքան էլ կուշտ է, բայց հենց պետք եղավ՝ իսլամիստները կպայթեցնեն, պետք եղավ՝ ներգաղթյալների հոսքերը ոտնատակ կտան, պետք եղավ՝ ամեն մի ձեռնարկության եւ բանկի վրա Վաշինգտոնն այնպիսի տուգանքներ կդնի, որ տարիներով չեն մարսի եւ հազար ու մի նման «պետք եղավներ»: Եվ եթե այս անգամ էլ նույն Ֆրանսիան կամ Գերմանիան փորձեն ընդամենը «եվրառեմոնտով» փակել այդքան սուր դարձած ճեղքերը, վաղը-մյուս օրն արդեն «կապիտալ վերանորոգումն» էլ Եվրոպային չի փրկելու: Ընդ որում՝ ամեն ինչ այնքան է արագացել, որ այդ վաղը-մյուս օրը կարող է եւ մեկ-երկու ժամից վրա հասնել: Ընդ որում՝ Օլանդի հասցեին նույն Ֆրանսիայում վերջին օրերին այդքան հնչեղ դարձած «բարեմաղթանքները» հուշում են, որ Վատիկանի գլխավորած եվրոպական, այսպես ասած, դասական էլիտան էլ է հստակ գիտակցում, որ ռուսների հետ դաշինքն արդեն դառնում է միակ ելքը: Եվրամիութենական բյուրոկրատիան էլ, անշուշտ, դեռ կփորձի «սայլը» դեպի Վաշինգտոն քաշել... Մի խոսքով՝ ինչ կանի ֆրանսիական նավատորմը սիրիական ափերի մոտ, թերեւս դա կորոշի Եվրոպայի հետագա ճակատագիրը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162372&l=am/