ԱՅՐԻՆ 150 ՔՄ ՏԱՐԱԾՔ Է ՈՒԶՈՒՄ Ա. ԱՅՎԱԶՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16
ԱՅՐԻՆ 150 ՔՄ ՏԱՐԱԾՔ Է ՈՒԶՈՒՄ Ա. ԱՅՎԱԶՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այս տարի լրացավ հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր եւ գեղանկարիչ ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ 90-ամյակը: Այդ առթիվ երեկ Օքրո Օքրոյանի անվան 3-րդ գրադարանում ,Աղասի Այվազյանի ստեղծագործական ժառանգությունըե խորագրով տեղի ունեցավ հանդիպում Այվազյանի կնոջ` տիկին ԳՐԵՏԱ ՎԵՐԴՅԱՆԻ հետ: Նրա գրականությունը փիլիսոփայություն է, նա քանդակագործի պես մադուն տարբեր անկյուններից էր դիտումե,- այսպես որակեց ամուսնուն տիկին Վերդյանն ու հանդիպման ընթացքում խոսեց ոչ միայն Աղասի Այվազյան մարդու, բազմակողմանի արվեստագետի մասին, այլ նաեւ մտաբերեց իրենց առաջին հանդիպումը` այն որակելով որպես ճակատագրի նվեր:
«ՄԵՐ ՏԱՐԻՔՈՒՄ, ԻՀԱՐԿԵ, ՍԵՐ ՉԷՐ,
ԲԱՅՑ ՄԵՆՔ ԻՐԱՐ ԳՏԱՆՔ ՀԱՅԱՑՔՆԵՐՈՎ»
«Ընդհանրապես, մենք ամեն ինչ կապում ենք Աստծո եւ ճակատագրի հետ, մեր հանդիպումն էլ ճակատագիր էր: Երկար ճանապարհ ենք անցել, մինչ հանդիպել ենք իրար: Սուտ է, երբ ասում են մարդն ազատ է ամեն ինչից, մենք ազատ չենք մեր ժամանակից, մեր շրջապատից, նունիսկ` մեր փոխհարաբերություններից: Մեկը մյուսի հետ կապված է հազար թելերով, որոնք երբեմն ուզում ենք կտրել, բայց միշտ չէ, որ հաջողվում է: Եթե այդ տեսանկյունից նայենք`
Աղասիի հետ հենց այդպես էլ հանդիպեցինք` ճակատագրի ցանկությամբ: Մեր առաջին հանդիպումը կայացավ Հենրիկ Իգիթյանի աշխատասենյակում, ես այն ժամանակ լրագրությամբ էի զբաղվում` ռադիոյի համար նյութ էի գրել Հենրիկ Իգիթյանի մասին ու տարել էի` որպեսզի կարդար: Այդ ժամանակ Աղասի Այվազայնը գիրք դրեց սեղանին` ասելով, որ այն Իգիթյանին է նվիրված եւ հեռացավ: Երբ ներս մտավ արդեն իսկ հասկացա, որ ինչ-որ
եթերային մի բան կատարվեց ինձ հետ: Աղասին կանգնեց դռան առջեւ, ես էլ շուռ եկա, եւ, ինչպես ասում են` սեր առաջին հայացքից: Մեր տարիքում, իհարկե, սեր չէր, բայց մենք իրար գտանք հայացքներով: Նա կանգնած շարունակ նայում էր, ես էլ երկար ժամանակ չէի կարող հայացքս թեքել: Ինձ ասացին, որ նա Աղասի Այվազյանն է, եւ այդպես ծանոթացանք: Հետո արդեն Աղասին պատմում էր, որ Աբովյան փողոցի վրա` «Պիտաչոկ» սրճարանում, որտեղ հավաքվում էր մտավորականության սերուցքը, նկատել էր ինձ եւ իր մեջ որոշում կայացրել անպայման ծանոթանալ ինձ հետ: Եվ ահա ճակատագիրն ընձեռեց այդ հնարավորությունը»,- տարիների հեռվից հիշելով` սիրով պատմեց տիկին Վերդյանն ու նույն եռանդով շարունակեց մտաբերել ճակատագրի մեկ այլ դրվագ. «Հետո գնացի ռադիո եւ կինոյի միջազգային օրվա կապակցությամբ խնդրեցի խմբագրին հարցազրույց անել Աղասի Այվազյանի հետ, ով այդ օրերին նկարահանում էր «Վառած լապտերներ» ֆիլմը: Երբ մտա իր փոքրիկ աշխատասենյակը, որտեղ նստած էր իր ստեղծագործական կազմը, եւ նա արդեն աշխատանքի մեջ էր, միացրեցի ձայնագրիչը, եւ սկսվեց հարցուպատասխանը: Տարիներ հետո, երբ փորձում էինք վերհիշել մեր երկխոսությունը` այդպես էլ չէր հաջողվում»:
«ՄԻՇՏ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷՐ»
Տիկին Գրետան թեեւ 13 տարի փոքր է եղել Ա. Այվազյանից, բայց երկուսն էլ միաժամանակ բախվել են նույն խնդիրներին. «Աղասին 40 տարեկան հասակում է եկել Հայաստան, բնականաբար իր համար էլ հեշտ չի եղել այստեղ: Իր բոլորի ստեղագործությունների մեջ զգացվում են այդ դժվարությունները, որոնք նա փորձել է հաղթահարել: Աղասին ասում էր` մենք` հայերս, դոնորներ ենք, ուր էլ գնանք, միշտ մեր գիտելիքները փոխանցում ենք ուրիշներին` եւ նույնպես էլ վերցնում ենք ուրիշներից»: Ըստ այրու` ամուսինն ունիվերսալ մարդ լինելով, ամեն տեղ ցանկացել է ոտք
գցել, բայց. «Կային բնիկ հայեր, որոնք չէին թողնում, որ նա առաջ գնար, պետք էր հարթել այդ ճանապարհը: Իրեն դժվար էր, իսկ ինձ` ավելի: Կանացի խառնվածքով ես ռոմանտիկ եմ, երկուսս էլ սկզբից հաղթահարում էինք այդ խոչընդոտները: Գենետիկորեն զտարյուն հայ եմ` չկան խառնուրդներ մեր արյան մեջ, Աղասիի մոտ նույնպես` բայց հանրության մշակույթի մեծ շերտերի մեջ մտնելը դժվար էր: Հենց դրա համար Աղասին անհանգստանում էր, որ շատ բան չհասցրեց անել, քանի որ միշտ ինչ-որ բան խանգարում էր: Իսկ շարունակ հարմարվելը ձեւավորված մարդու համար, դժվար էր: Մեր կյանքի ուղիները Սովետական բարքերով նման էին իրար, բայց իհարկե նա մեծ էր եւ ավելի հասուն: Հենրիկ Իգիթյանը շատ բան է արել Աղասիի համար, որպեսզի նա այստեղ ամրանա»:
ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԱՄՈՒՍՆՈՒ ԹՈՂԱԾ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՕԹԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ա. Այվազյանի այրին անհանգստացած է ամուսնու թողած ժառանգության անօթեւանության համար: Նրա փոխանցմամբ` նկարներն ու գրքերը փտում են ավտոտնակում, որոնք նա ստիպված է տեղափոխել այնտեղ` տանը ոտք դնելու տեղ չլինելու պատճառով: Իսկ թանգարան հիմնելու հարցը նրա համար դեռեւս անիրական է թվում. «Ոչնչից չեմ դժգոհում, բայց ամեն տեղ գրել եմ, խնդրել, որ երկու փոքրիկ սենյակ տան` գոնե նկարները կախեմ, մի սենյակում էլ` գրադարան ստեղծեմ, գրքերը փտում են ավտոտնակում: Եթե ոչ, պարզ է, որ կբաժանեմ: Աղասին զբաղվում էր պատմությամբ, փիլիսոփայությամբ, հոգեվերլուծությամբ, գրքերի հսկայական հավաքածու ունի: Որտեղ գնայինք, առաջին հերթին ոչ թե շտապում էր թանգարան, այլ` գրախանութ եւ գնում էր ամենահին գրքերը: Հիմա ամեն օր գրախանութներից զանգում են ու ասում` վաճառիր գրքերը: Երբեք այդ գրքերը չեմ վաճառի, այն հրաշալի գրադարան է, չի կարելի մասնատել: Աղասի Այվազյանի ժառանգությունը հասարակությանը փոխանցելու համար ընդամենը 150 քառակուսի մետր տարածք եմ ուզում»:
ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՑԵԼ ԷՐ
Չնայած դրան, տիկին Գրետան շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը` մեկ միլիոն դրամ տրամադրելու համար. «Գումարը տրվեց, որպեսզի ցուցահանդես կազմակերպեմ, բայց բանկի եւ այլ պահումներից գումարը պակասեց, այդքան գումարով ի՞նչ անեմ: Միայն կկարողանամ վերականգնել նկարների մի մասն, ու մի քիչ էլ կմնա` ժողովածու կտպեմ: Եթե կարողանամ տարածքի հարցը լուծել, տեսեք` ինչ հրաշք վայր կստեղծեմ»,- ասաց բանախոսն ու շեշտեց, որ այն միայն թանգարան չի լինի, այլ կծառայի որպես կրթամշակութային կենտրոն: Ամուսնու ժառանգությունը պահպանելու համար Մշակույթի նախարարությունն առաջարկել է թվայնացնել դրանք, սակայն այրին հրաժարվել է. «Երիտասարդ լինեի, ամեն ինչ էլ կանեի, բայց հիմա ուժ չունեմ: Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը մի օր զանգահարեց տուն, արդեն Աղասին հիվանդ էր, ասաց` Աղասի ջան, մոտ օրերս կայցելեմ քեզ, եւ դու անպայման կունենաս տուն-թանգարան: Բայց մի քանի օր անց Ա. Մարգարյանը մահացավ: Ա՛յ, բախտ է»:
Հարցն իհարկե հետաձգել չի կարելի, քանի որ ինչպես տիկին Գրետան անհանգստացած ասաց. «Ուղղակի ես գնացող մարդ եմ ու մտնում եմ 80-ի մեջ, դրա համար շտապում եմ: Իմ գործը ոչ ոք չի կարող անել: Դրա համար ուզում եմ տարածք լինի, սարքեմ, թողնեմ ու հանգիստ գնամ: Գուցե 100 տարի ապրեմ, բայց հարցը հասցնելն է` կիսատ չթողնեմ: Արդեն 7-րդ կաշվից դուրս եմ եկել, բայց հարցը լուծում չի ստանում»:
«ԹԱՆԳԱՐԱՆ ՉԼԻՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԿԱ»
Հանդիպմանը ներկա Երեւանի գրողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻ համոզմամբ. «Թանգարան չլինելու տարբերակ չկա, որովհետեւ իսկապես վիթխարի է Աղասու ժառանգությունը»: Ափինյանը նույնիսկ հույս հայտնեց. «Եթե մենք թեժ պահենք Աղասու տան կրակը` այդ հարցը լուծված է: Մշակույթի նախարարությունն ասում է, որ ամեն ձեւով պատրաստ են աջակցել, միայն տարածքի խնդիրն է: Դիմել ենք նաեւ Քաղաքաշինության նախարարություն, այնտեղից ասացին, որ լրջորեն զբաղվում են այդ հարցով, նույնիսկ հանդիպում խնդրեցի նախարարի հետ, ինձ տեղեկացրին, որ նախարարը պատրաստվում է այդ հանդիպմանը, որովհետեւ ուզում է գործնական մի քանի բաներ առաջարկել»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162361&l=am/