«ԿԱՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է»
Արխիվ 12-16
«ԿԱՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ
ԳԻՏԱԿԻՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է»
Մեկնարկել է Գյոթեի ինստիտուտի Վրաստանի ներկայացուցչության կողմից Հայաստանում իրականացվող «Միավորվենք հանուն կայուն զարգացման» նախագծի շրջանակներում իրականացվող երկօրյա նախապատրաստկան դասընթացը, որին մասնակցում են տարբեր դպրոցներ ներկայացնող ուսուցիչներ: Նպատակը` «կայուն զարգացում» հասկացությունը տարբեր տեսանկյուններից դիտարկելն է, այն իր ամբողջ ընդգրկումով հասկանալու համար: Դասընթացը վարում է Ֆրասիայից ժամանած պրոֆեսոր Շտեֆեն Ռոթը:
Անդրադառնալով դասընթացին՝ նա նշեց, որ եթե մինչ այժմ այս նախագծի շրջանակում կայուն զարգացումը դիտվում էր միայն բնապահպանական տեսանկյունից, ապա այժմ մասնակիցների հետ միասին իրենք պետք է փորձեն այն ուսումնասիրել կրթության, քաղաքականության, տնտեսության, մշակույթի եւ այլոլորտների տեսանկյունից:
Մասնակիցներն այժմ պետք է ներկայացնեն, թե իրենց համար որ ոլորտներն են ամուր ու կայուն պետության հիմքը կազմում, որոլորտներն ունեն հրատապ լուծում պահանջող խնդիրներ եւ ըստ դրա կկառուցվի դասընթացի հետագա ընթացքը: Համատեղ կմշակվի նախագիծ՝ նշված ոլորտների կայուն զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի համար:
Շտեֆեն Ռոթը նշեց նաեւ, որ դասընթացի մասնակիցները պատահական չեն ընտրված՝ նրանք բոլորն էլ ուսուցիչներ են, ովքեր աշխատում են երեխաների հետ, ներկայացնում են կրթական համակարգը, եւ այստեղ բացահայտելով եւ քննարկելով կայուն զարգացման գործոններն ու դրանց ազդեցությունը հայաստանյան դպրոցների գործունեության վրա՝ ավելի հեշտ ու ուղղորդված կիրականացնեն իրենց հետագա դասընթացները դպրոցներում:
Դասընթացի մասնակից, գերմաներենի ուսուցչուհի Անուշ Ղուկասյանը նշեց, որ «կայուն զարգացումը» տարբեր ոլորտների տեսանկյունից ուսումնասիրելով, իրենք պետք է փորձեն կապակցել, համադրել արտահայտված բոլոր տեսակետները՝ դրանք ուղղելով հետագա ծրագրերի մշակմանն ու իրագործմանը: «Մենք կարեւորում ենք բոլոր ոլորտների համաչափ ու միասնական զարգացումը, եւ գտնում ենք, որ նախեւառաջ պետք է ապահովել համագործակցություն, քանի որ առաջնահերթությունը տալով որեւէ ոլորտի զարգացմանը՝ ստվերում ենք թողնում մյուսներին: Բացի այդ՝ կայուն պետության հիմքը գիտակից հասարակությունն է, իսկ այդպիսի հասարակության հիմքը՝ դպրոցներն ու կրթված սերունդը: Այնպես որ, այս դասընթացից հետո մեր առաջին քայլն՝ ուղղված կայուն զարգացմանը, սկսելու է կրթական ոլորտից»:
ՄԵԼԻՆԵ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162331&l=am/