«ԹՈՓ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ» ԹԻՎԸ ԳԱՂՏՆԻ Է, ԻՍԿ ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՀԱՐՑԸ՝ ՈՉ
Արխիվ 12-16
«ԹՈՓ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ» ԹԻՎԸ ԳԱՂՏՆԻ Է, ԻՍԿ ՆՐԱՆՑ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՀԱՐՑԸ՝ ՈՉ
Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր տնօրինությունը վերանայում է ոչ միայն հնարավոր կորուստները հնարավորինս նվազեցնելու հարցը, այլև ընկերության աշխատավարձային ֆոնդը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով 30 տոկոսով կրճատվել են ընկերության, այսպես կոչված, «թոփ մենեջմենթի» աշխատավարձերը:
«Իրավունք»-ը ՀԷՑ ՓԲԸ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանից փորձեց ճշտել, թե արդյո՞ք մամուլում շրջանառվող տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:
«Այո, մամուլում հապարակված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը»,- ասաց Ն. Սարջանյանը:
Իսկ քանի «թոփ մենեջեր» ունի կազմակերպությունը և որքա՞ն է դարձել նրանց աշխատավարձը հարցին ի պատասխան նշեց, որ աշխատավարձի մասին տեղեկությունը հրապարակման ենթակա չէ, ուստի ինքը չի կարող ասել, թե ներկայումս որքան է դարձել նրանց աշխատավարձը: Նա նաև հրաժարվեց ընկերության թոփ-մենեջերի թիվն ասել, համարելով, որ դա նույնպես հրապարակման ենթակա տեղեկություն չէ:
«Բայց ասեմ, որ նրանք շատ չեն»,- ասաց Ն.Սարջանյանը:
Եթե աշխատավարձի չափի մասին տեղեկության գաղտնիության պահպանումը ինչ-որ տեղ կարող է տեղավորվել տրամաբանության շրջանակներում, ապա մենեջերների քանակի գաղտնիության հարցը որևէ ձևով արդարացնել հնարավոր չէ: Իրականում ինչու՞ է ընկերությունը թաքցնում, թե քանի թոփ-մենեջեր ունի, քանի սովորական մենեջեր, քանի էլեկտրիկ, քանի բանվոր, քանի վարորդ և այլն: Իրականում էլցանցն այն երկրի համար ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցը չէ ու չի էլ կարող լինել, որ իր աշխատողների թվաքանակը հույժ գաղտնի պահի: Բացի այդ՝ էլցանցում աշխատակիցները՝ հավաքարարից մինչև ամենավերին օղակում աշխատող ղեկավար սովորական հարկատուներ են և իրականում հասարակությունն իրավունք ունի, թե ում աշխատավարձն ինչքան է, կամ այլ կերպ ասած տվյալ ոլորտի աշխատակիցների կողմից վճարվող սոց վճարներից որքան գումար է մտնում պետբյուջե: Ամենայն հավանականության այստեղ նույնպես մութ անկյուններ կան, որոնց մասին դեռ կհասցնենք տեղեկանալ ու տեղեկացնել մեր հասարակությանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162325&l=am/