«ԴԺՎԱՐ ԹԵ, ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԸ ՀԱՍՆԻ ՄԵԶ»
Արխիվ 12-16
«ԴԺՎԱՐ ԹԵ, ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԸ ՀԱՍՆԻ ՄԵԶ»
Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից հաշված օրեր անց Մոսկվան հաստատեց, որ հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում A321 օդանավի կործանումը եւս ահաբեկչության հետեւանքով է: Արդյունքում՝ ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այնպես էլ՝ ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդը մասնավորապես հայտարարել են՝ Սիրիայում հակաահաբեկչական պատերազմի առավելագույնս ակտիվացման մասին: Ահաբեկչական խմբավորումները եւս պետք է որ փորձեն ակտիվանալ: Արդյունքում՝ կա՞ ռիսկ, որ մեր հարեւան տարածաշրջանից այդ ռազմական կրակը տարածվի նաեւ մեր եւ հատկապես Արցախի ուղղությամբ: Եվ բացի այդ՝ սա նոր իրավիճակ է, եւ ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
Քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ ռուսական A321 օդանավի կործանումն ու Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը գնահատելով որպես երեւույթի տարբեր դրսեւորումներ` նկատեց. «Ահաբեկչությամբ իսլամիստներն ուզում են ասել` դուք մեր դեմ եք կռվում, իսկ մենք` կպատասխանենք ահաբեկչությամբ: Ցավոք, այս ամենը շարունակվելու է, ինչի վերաբերյալ իսլամիստների կողմից կան բազում հայտարարություններ: Ահաբեկչության վերջ դնելը հնարավոր չի լինի, որովհետեւ աշխարհում մուսուլմանների թիվը գնալով մեծանում է: Սակայն, դժվար թե, ռազմական գործողությունների ալիքը հասնի Արցախ, քանզի այն ռազմականացված տարածք է, կա վերահսկողություն: Այլ հարց է, որ ահաբեկիչներն ավելի շատ ներգրավվեն ադրբեջանական ռազմական ուժերում եւ նրանց կողմից կռվեն: Չնայած՝ չեմ կարծում, որ Իլհամ Ալիեւը գնա այդ քայլին, քանի որ իսլամիստները մեծ վտանգ են ներկայացում նաեւ ալիեւյան ռեժիմի համար, որն ապրում է Արեւմուտքի վարքուբարքով: Այս համատեքստում Հայաստանը պետք է պահպանի առավելագույն չեզոքություն, որպեսզի չհայտնվի առաջին գծում»:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց, որ առանց իսլամիտների էլ՝ Հայաստանը գրեթե ամեն օր ականատես է լինում ահաբեկչության, որը հայ-ադրբեջանական պետական սահմանին իրականացնում է ադրբեջանական զինուժը. «Այս ամենն իսկական մահմեդական պետության ահաբեկչական վարքագիծ է: Հայաստանը փոքր հանրապետություն է, եւ դժվար թե, ահաբեկչության ալիքը հասնի մեզ: Մենք աշխարհի այն եզակի երկրներից ենք, որ նման խնդիր չունենք, եթե իհարկե հաշվի չառնենք ադրբեջանական եւ թուրքական վայրագությունները: Հայաստանն ու Արցախը իսկական ահաբեկչական գործողություններ տեսան Արցախյան պատերազմի տարիներին, երբ ադրբեջանական ահաբեկչներն ամենուր կրակ էին բացում: Այս ամենից հետո ահաբեկչության դեմ պայքարի շատ լավ փորձ ձեռք բերեցինք: Ամեն դեպքում՝ մեր երկրի անվտանգության աշխատակիցները, անկախ ամեն ինչից, պետք է միշտ լինեն բարձր պատրաստվածությամբ»:
Ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ խոսքով` սիրիական ռազմական գործողություններն Արցախի հարցում շատ հեռավոր եւ աբստրակտ հասկացություն է, եւ այդ պատերազմական ալիքի տարածումը մեր ուղղությամբ բացառվում է: Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա բավարար է, որ. «Ահաբեկչությունների վերաբերյալ Հայաստանն արդեն դատապարտել ու հայտնել է իր ցավակցությունը»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162320&l=am/