Զարմացած
Արխիվ 12-16
Հիշո՞ւմ եք, ինչպես էր ժամանակին բողոքում Պանիկովսկին, որ իրեն չեն սիրում: Հիմա բողոքելու հերթը հասել է նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ, ու նրա գլխավոր չսիրողն էլ ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն է: Եվ չսիրելու ձեւն էլ է զարմանալի. «Մինչեւ գալիս հասնում եմ ԱԺ, ինձ 18 կամերա նկարում ա: Եթե ամբողջը գումարենք, իմ ամբողջ կյանքը էկրանի առաջ ա: Հիմա դուք ինչ եք մտածում, էտքան մտահոգվում եք մեր առողջության մասին, որ մենք հանկարծ սխալ քայլ չանենք, չգիտեմ լեվի չգնանք, ինչ չանենք, սաղ նկարում եք: Հիմա ինչ անենք, լեվի չգնանք, հանգիստ հաց չուտենք: Արդեն մտնում ենք ռեստորան, հարցնում ենք` հո ձեր մոտ չեն նկարահանում, որ նստենք մի կտոր հաց ուտենք, կամ կարող ա ուզում ենք մի հատ անեկդոտ պատմենք: Ամեն տեղ նկարում եք, տունն էլ եք նկարում, ձայնագրում եք... Դուք մարդկանց նկարում եք ամեն տեղ, այ մարդ տուալետ չենք կարողանում մտնենք»: Լավ, իրոք, ինչպես կարելի է, ի վերջո թողեք մարդը կարողանա զուգարան գնալ: Մարդ եղեք, էլի:
Ի տարբերություն Հրանտ Բագրատյանի, սակայն, ամենուրեք դրած տեսախցիկներից չի նեղվում լոնդոնասեր ՍՏԱՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ: Նրան տեսախցիկները չեն խանգարում հաց ուտել, զուգարան գնալ, իսկ արդյոք լեվի գնում է, թե` ոչ, տեղեկություն չունենք. «Անկեղծ ասած` շատ մեծ դեբատ է, որի վերջնական պատասխանը չկա: Բայց այսպես ասեմ` երբ հասարակության մեջ հանցագործություն է տեղի ունենում, եթե, Աստված մի արասցե, տհաճ մի բան տեղի ունենա, մենք առաջին հերթին դիմելու եք այդ տեսանկարահանող սարքին: Եվ պետք է հասկանալ, որ դա հանրային նշանակության խնդիր է, առավել եւս հիմա, երբ կա միջազգային տեռորիզմի վտանգ եւ կամ ռիսկ: Եվ անկեղծ ասած, ինքս իմ անձնական կյանքի իրավունքի ոտնահարման վտանգ չեմ զգում ու չեմ հասկանում` ինչից են նեղվում»: Դե ինչ, Ստյոպիկի պարագայում ամեն ինչ մի զարմանալի, բայց պարզ սխեմայի մեջ է` եթե այնպես է, ինչպես Լոնդոնում, ապա միանգամայն ժողովրդավարական է, իսկ եթե դրանից տարբերվում է, ապա «քըխ» է: Դե, քանի որ Լոնդոնում տեսախցիկները շատ են, ապա Ստյոպիկը պրոբլեմ չի կարող տեսնել:
Իսկ Ձախորդ Փանոս ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ յոթ երգ ունի, յոթն էլ` սահմանադրական բարեփոխումների դեմ: Այս անգամ նա զարմանալի թեմա գտավ` թե ընդդիմությանը կերակրատաշտով ուզում են կաշառել. «Նրանք ուզում են մարդկանց համոզել, թե օրինավոր հրեշտակներ կդառնան: Նրանք այդ ինչ կարծիք ունեն իրենց երկրի քաղաքացիների մասին, եթե կարծում են, թե մարդիկ ուզում են փոխել Սահմանադրությունը, բայց ոչ իշխանություններին: Ընդդիմությանը առաջարկվում է համաձայնել Սերժ Սարգսյանի ցմահ իշխանությանը, փոխարենը տեղ ստանալ կերակրամանի կողքին: Իհարկե, մենք չեն ընդունում այդ պայմանը: Ընդդիմության իրավունքների ապահովման համար անհրաժեշտ է վերականգնել ազատ եւ արդար ընտրությունները: Դա լիովին բավարար է իշխանությունը փոխելու համար»: Եթե հաշվի առնենք ժողովրդական իմաստնությունը, որ ոջլոտը միշտ բաղնիքից է խոսում, ապա կմնա գալ զարմանալի եզրակացության, որ, երեւի թե, ԼՏՊ-ն խեղճ Լյովիկին վաղուց կերակրատաշտին մոտ չի թողել:
Հայաստանում եթե մեկը մի ստորություն է անում, ապա նրա անվանակիցները նրան անմիջապես հորդորում են անունը փոխել, որպեսզի այդ ստոր մարդու հետ իրենց չշփոթեն: Սակայն ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ զարմանալիորեն ամեն ինչ թարս է` ոչ մի վատ բան չանողն է գերադասում անունը փոխել: Այսպես, ամերիկյան Isis Pharmaceuticals դեղագործական ընկերությունը քննարկում է անվանումը փոխելու հավանականությունը` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ նմանության պատճառով, որի անվանման հապավումը ISIS-ն է: Ինչպես տեղեկացնում է CCN-ը` ընկերությունն իր անվանումն ստացել է եգիպտական Իսիդա աստվածուհու պատվին: Դե ինչ, աչքը դուրս գա, անունը դուրս չգա:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ