ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՈՒ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ 12-16
ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՈՒ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
imԱյն, ինչ տեղի է ունենում աշխարհաքաղաքական հակամարտւթյան հետեւանքով, մասնավորապես` փարիզյան ողբերգության եւ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարության եւ կտրուկ քայլերի համատեքստում, բնականաբար, որոշակի ազդեցություն թողնում է եւ մեր երկրի ներքաղաքական զարգացումների վրա: Այսպես, պետության երկրորդ դեմքի` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից ԱՄՆ դեսպանին ուղղված խիստ քննադատությունը անիջապես ուշադրության է արժանացել ռուս քաղաքագետների կողմից, ովքեր ոչ միայն շեշտում են, որ այն կտրուկ էր, այլեւ ենթադրում են, որ «քեռի Սեմը» փորձելու է ՀՀ իշխանությունների վրա ճնշում գործադրել ձեռնասուն ընդդիմադիրների միջոցով:
ԴԵՄ ԵՆ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ՔԱՆԻ ՈՐ ԴԵՄ ԵՆ... ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Սակայն ռուս քաղաքագետները փոքր-ինչ գերագնահատում են արեւմտամոլ ընդդիմադիրների ներուժը` վերջիններիս վիճակը առնվազն սպասողական է, իսկ ոմանց մոտ առկա են տրամադրություններ` «1000 թումանով մկան ծակ փնտրելու»: Այլ բան է, որ ամերիկյան հովանավորները, կարծես թե, ամերիկյան հարկատուների հաշվին բավականին առատաձեռն են, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակության» նկատմամբ: Զգալի ռեսուրսներ են ներդրվում «Չեք անցկացնի» նախաձեռնության գործունեության մեջ, որի հիմքը գրանտակեր ՀԿ-ներն են: Մասնավորապես, օրերս մի շարք ակտիվիստներ մեկնել են Ամստերդամ` ուսուցողական սեմինարի, իսկ բավականին հոծ խմբի հետ Դիլիջանում անցկացվել է շքեղ սեմինար` այսպես կոչված, հանրաքվեի արտաքին դիտորդներ պատրաստելու ուղղությամբ:
Իսկ հիմա տեսնենք, թե հատկապես ինչու է «քաղաքացիական հասարակությունը» դեմ նոր Սահմանադրությանը: Բնականաբար, հանրությանը չենք հոգնեցնի նրանց ստանդարտ ֆրազներով, թե ինչ աստիճանի «քըխ» են ՀՀԿ-ն ու գործող նախագահը, եւ չենք վերապատմի «ռեժիմի վերարտադրության» հեքիաթը: Կան բավականին ուշագրավ կոնկրետ դրույթներ, որոնք հույժ անհանգստացրել են մեր աշխուժակներին: Սկսենք համասեռամոլների պաշտպանությամբ զբաղվող «ՓԻՆՔ Արմենիա» տխրահռչակ կազմակերպությունից, որը վերջերս Լոռու մարզի «Թեժ լեռ» հանգստավայրում կազմակերպել էր «Ծիածան» խայտառակ խառնաժողով` որպես «ԼԳԲՏ առաջին ֆորում»: Սույն կազմակերպության հիմնադիր եւ նախկին նախագահ, այժմ որպես «իրավապաշտպան, սեքսուալ առողջության պաշտպան, ԼԳԲՏ ակտիվիստ եւ ֆեմինիստ» ներկայացող Մամիկոն Հովսեփյանը այսպես է ներկայացրել իր «դեմ» լինելը. «Փոփոխված Սահմանադրությունում բարոյականություն բառի օգտագործումը: Քանի որ բարոյականությունն իրավական նորմ չէ, ի՞նչ գործ ունի այն նման կարեւոր փաստաթղթում... Այսինքն` նույնիսկ փաստաթուղթ չենք ունենա, որով կկարողանանք պաշտպանել թե՛ մեզ` որպես ակտիվիստներ, քաղաքացիներ, թե՛ այն մարդկանց ու այն հարցերը, որոնցով մենք զբաղվում ենք»: Իսկ այդ կառույցի գործող նախագահ Նվարդ Մարգարյանը, խոսելով նոր Սահմանադրության «խնդրահարույց» դրույթների մասին, ասել է. «Դրանք բազմաթիվ են, ես հիմա առանձին չեմ թվարկի բոլոր խնդրահարույց հոդվածները, դրանց մասին շատ է խոսվել: Նշեմ միայն, որ նոր սահմանադրության մեջ շատ հաճախ օգտագործվում է բարոյականություն բառը, ու ես չեմ հասկանում, թե բարոյականությունն ինչ կապ ունի օրենքի հետ, կամ թե ինչ է նշանակում բարոյականությունը»:
Հետ չեն մնում եւ հայկական ավանդական ընտանիքի ինստիտուտի դեմ պատերազմող ֆեմինիստուհիները: Մասնավորապես Կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ Լարա Ահարոնյանը նույնպես հարձակվում է «բարոյականություն» բառի վրա. «... Ինչպես նաեւ բարոյականություն բառը, լինելով Սահմանադրության մեջ, արդեն մեծ վտանգ է ներկայացնում: Ո՞վ է որոշում` ինչ է բարոյականությունը, ո՞վ է որոշում` ինչն է բարոյական, ինչը` ոչ: Այսինքն` այդ ամենն առիթ է տալիս պետությանը` որոշելու արժեքները, ըստ նրանց անձնական կարծիքի է որոշվում բարոյականությունը: Դա շատ վտանգավոր է, մասնավորապես, կազմակերպությունների համար, հատկապես նրանց, որոնք աշխատում են կանանց իրավունքների ոլորտում, գենդերային հարցերով, որոնք արդեն իսկ հասարակության մեջ թե՛ պետական, թե՛ ոչ պետական սեկտորի կողմից փորձում են մեկուսացվել: Հասարակությունն արդեն իսկ շատ անգամ դժվար է ընդունում կարեւոր արժեքներ, ու եթե Սահմանադրության մեջ էլ գրենք` բարոյականություն, դրա սահմանումն էլ թողնենք իշխանությանը…»:
Այսինքն` այդ ՀԿ-ները եւ ակտիվիստներն առանց այլեւայլության, հայտարարում են, որ դեմ են նոր Սահմանադրությանը, քանզի այդտեղ կան հանրային բարոյականությունը պաշտպանող մի շարք դրույթներ: Ավելի պարզ հնարավո՞ր է ասել` սահմանադրական բարեփոխումների հակառակորդների մի շատ էական եւ «քեռի Սեմի» ու ԱՄՆ դեսպանի կողմից շատ սիրված շերտ, առանց այլեւայլության, ճակատային ձեւով ասում է, որ նոր Սահմանադրությանը դեմ է` բարոյականությանը դեմ լինելու պատճառով:
ԿԵՂԾ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ, ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ
Ընթերցողը հավանաբար կհիշի, թե դեռ մինչեւ Սահմանադրության նախագծի խորհրդարան մտնելը, ինչպիսի աղմուկ էին բարձրացրել նոր Սահմանադրության դեմ համասեռամոլության լոբբիստները, ովքեր նույնիսկ Վենետիկի հանձնաժողովին մեղադրել էին սկզբունքայնության բացակայության եւ անհետեւողականության մեջ, քանզի սահմանվում է նույնասեռ ամուսնությունների սահմանադրական արգելք:
Այսօր, բնականաբար, ձգտում են այդ սկանդալի մասին չհիշել, քանզի «ոչ»-իստներին դա բոլորովին ձեռք չի տալիս: Փոխարենը առաջ են տարել սոցիալական խնդիրների շահարկումը: Ինչպես ԱԺ ամբիոնից նկատեց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Փորձելով արժեզրկել բարեփոխումների նշանակությունը` ընդդիմախոսներից մի քանիսը, օգտվելով հանրության որոշ հատվածի սոցիալական ոչ բարենպաստ վիճակից, նշում են, որ սահմանադրական բարեփոխումներն ուղղակիորեն չեն բարելավի յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակը»: Պատգամավորը ներկայացնում է բավականին ճշգրիտ դիտարկում. «Ցանկացած ժողովրդավարական երկրում սահմանադրական բարեփոխումների նպատակը համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումներն են, այլ ոչ թե բարեփոխում, օրինակ, երշիկի էժանացման վերաբերյալ: Նույն տրամաբանությամբ, ինչպես սահմանադրական բարեփոխումների անցկացումը, այնպես էլ օրինակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարբեր պետությունների կողմից ուղղակիորեն չի կարող բարելավել մեր քաղաքացիների սոցիալական վիճակը: Հիմա ի՞նչ, հրաժարվե՞նք պահանջատիրությունից»:
Ինչ վերաբերում է պահանջատիրությունից հրաժարվողներին, ապա իր ողջ էությամբ եւ գործունեությամբ պահանջատիրությունից հրաժարվող է Լեւոն Տեր-Պետրոսյանը` իր ՀԱԿ-ՀՀՇ-ով: Այլ փաստացի հրաժարվողի էլ հիշում ենք` այժմ մեկուկես ցուցարար հավաքող «Նոր Հայաստանի» «փրկչիստները», ովքեր տարեսկզբին հռչակել էին «100-ամյակն առանց ռեժիմի» զառանցանքային կարգախոսը, բայց ում սակայն, չթողեցին փողոցային անկարգություններով պղծել ապրիլի 24-ը:
Սակայն բացի երեւացողներից, կան եւ ստվերային «դեմ»-եր: Այսպես` ե՛ւ ՀԱԿ-իստները, ե՛ւ որոշ գրանտածիծներ փորձում են օլիգարխներին վախեցնել մեծամասնական ընտրակարգի վերացման հանգամանքով, քանզի այդ դեպքում նվազագույնի է հասնում փողատեր մականունավորների` ԱԺ-ում հայտնվելու հավանականությունը: Այդ մարդկանց ե՛ւ հրապարակային հարթությունում, ե՛ւ մասնավոր զրույցների ժամանակ համոզում են, որ քանզի պատգամավորական մանդատ ու պատգամավորական անձեռնմխելիություն չեն ունենալու, ապա իրենց իբր կուլակաթափ կանեն եւ ամեն ինչ ձեռքներից կխլեն: Պարզ է, որ այդ կոնտինգենտի մի մասը ու հատկապես նրանք, ովքեր Ռոբերտ Քոչարյանի օլիգարխիկ կլանի ներկայացուցիչ են, «տակից» կփորձեն խանգարել հանրաքվեին: Նույնը կարելի է ասել եւ չինովնիկության առավել կոռումպացված հատվածի մասին, ում հոգիներն այնտեղ են, ուր գտնվում են իրենց փողերը, այսինքն` արեւմտյան բանկերում: Դրանք բոլորը պատրաստի 6-րդ շարասյուն են:
Այսինքն` ինչ ունենք արդյունքում` որ առավելագույնս նոր Սահմանադրության չընդունմամբ շահագրգիռ են քաղաքական դիակի վերածված մի շարք ձախողակ ընդդիմադիրներ, օտարի շահը սպասարկող գրանտակեր ՀԿ-ներ, մեկ էլ հանրության հաշվին պարազիտի պես ապրող շերտը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162313&l=am/