ՄՈՍԿՎԱՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ ՆԱԵՎ ԻՊ-Ի ԲՈԼՈՐ ԱՋԱԿԻՑՆԵՐԻՆ
Արխիվ 12-16
ՄՈՍԿՎԱՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ ՆԱԵՎ ԻՊ-Ի ԲՈԼՈՐ ԱՋԱԿԻՑՆԵՐԻՆ
Փարիզյան ահաբեկչությունից հետո, ինչպես եւ սպասվում էր, աշխարհաքաղաքական հարթակում սկսվել են զարգացումներ, որոնք դեռ նոյեմբերի 20-ին շատերը միանգամայն անհավանական կհամարեին: Եվ այդ ամենը հերթական անգամ հուշում է, որ ողջ աշխարհը կանգնած է այնպիսի գլոբալ փոփոխությունների շեմին, ինչպիսիք վերջին անգամ տեղի ունեցան 1991թ.-ին՝ ԽՍՀՄ-ի փլուզմամբ պայմանավորված: Միայն թե, այս անգամ արդեն հակառակ ընթացքով:
ՓԱՐԻԶՅԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Սկզբի համար նախ բերենք ֆրանսիական Կոնգրեսում նախագահ Օլանդի հետեւյալ հայտարարությունը, թե՝ Ֆրանսիայի թշնամին ոչ թե Բաշար Ասադն է, այլ՝ «Իսլամական պետություն» ¥ԻՊ¤ խմբավորումը. «Սիրիայում մենք քաղաքական լուծում ենք փնտրում մի խնդրի, որը ոչ թե Բաշար Ասադի մեջ է, այլ մեր թշնամու՝ ԻՊ-ի»: Զուգահեռաբար մեջբերենք մեկ այլ հայտարարություն, որն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Անթալիայում նախօրեին «Մեծ քսանյակի» ¥G20¤ գագաթաժողովի ավարտից հետո. «Ֆրանսիան այն երկրների թվում էր, որն, առհասարակ, անձամբ նախագահ Ասադի անձի նկատմամբ կոշտ դիրքորոշում ուներ, եւ մենք մեր ֆրանսիական բարեկամներից միշտ լսում էինք, որ սիրիական խնդրի քաղաքական կարգավորման նախապայման պետք է լինի Ասադի հեռանալու հարցի համաձայնեցումը: Եվ ի՞նչ, դա Փարիզին ապահովագրե՞ց ահաբեկչական հարձակումներից: Ո՛չ»:
Այն, որ ֆրանսիական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ եւ անձամբ նախագահ Օլանդը բազմիցս ամենակոշտ արտահայտություններով սիրիական հակամարտության հիմնական չարիք են համարել Ասադին, իսկ ԻՊ-ին դեռ ընդամենը մեկ-մեկուկես տարի առաջ սկսեց նաեւ Իրաքում քաղաքներ գրավել, համարում էին «մարդակեր» Ասադի դեմ հեղափոխական պայքարի ելած դեմոկրատական ուժ, նոր բան չէ:
Կարելի է մի փոքր էլ ետ գնալ՝ հիշեցնելով, թե ժամանակին Փարիզն ինչպես էր նույն «դեմոկրատական ջերմեռանդությամբ» Լիբիական «հեղափոխությանը» ռազմական աջակցություն ցուցաբերում, եւ Քադաֆիին մորթելուց շատ չանցած` լիբիական բանակի հարուստ զինանոցը Թուրքիայով տեղափոխվել է Սիրիա՝ «հեղափոխականներին» եւ նրանց առանցքային ուժ ԻՊ-ին զինելու համար: Ուրեմն պետք էր Փարի՞զը պայթեցնեին, որ Օլանդը սկսեր խոսել ժամանակին Սիրիայում Օբամայի եւ անձամբ իր աջակցությունը վայելող «դեմոկրատական» ԻՊ-ի դեմ վճռական պատերազմից:
Համոզմունքը, որ նման վտանգավոր իրավիճակի ձեւավորման մեջ Օլանդը եւս մեղքի իր կոնկրետ բաժինն ունի, արագորեն սկսել է թափ հավաքել նաեւ Ֆրանսիայում, եւ այս իրավիճակում Ֆրանսիայի նախագահին երկու տարբերակ էր մնացել: Կա՛մ հրաժարական տալ, որպես նախագահ, որի պաշտոնավարման վերջին տարում երկրի մայրաքաղաքը երկու խոշոր հարձակման ենթարկվեց, կա՛մ մտածեր ԻՊ-ի դեմ պատերազմի մասին: Միայն թե, ռեալ պատերազմի` աչքի առաջ ունենալով այն հանգամանքը, որ այս երկրորդ հարձակումը հուշում է` կարող է եւ երրորդը լինել, չորրորդը: Այսինքն՝ ԱՄՆ-ի ղեկավարած եվրոպական անվտանգության համակարգն առնվազն չի ապահովագրում նման ցնցումներից կամ ծայրահեղ տարբերակով՝ Ֆրանսիայի դեմ է գործում: Ասենք՝ հենց դրան էլ վերաբերում էր Վ. Պուտինի ակնարկը՝ ֆրանսիական քաղաքական ուղղվածությունը Փարիզին ապահովագրե՞ց ահաբեկչական հարձակումներից:
Բայց ահա Ֆրանսիայի թիվ 1 պաշտոնական դաշնակիցը՝ ԱՄՆ-ը, չնայած այս օրերին հնչեցրած բազում «վճռական» խոստումներին, հազիվ թե այդ ռեալ պատերազմին գնա, այսինքն՝ հրաժարվի այս իրավիճակն առաջ բերած քաղաքական կուրսից: Պատճառը նույնն է. Մերձավոր Արեւելքում ներկայիս ստատուս-քվոյով կայունությունը մահացու հարված է վերջնարդյունքում՝ ամերիկյան դոլարի համար: Այսպիսով՝ ընտրության առաջ կանգնած Օլանդը պարզապես ստիպված էր հայտարարել, թե Ասադի փոխարեն արդեն ԻՊ-ն իրենց թշնամին է ¥թեեւ դեռ հարց է, թե ինչքանով է անկեղծ¤, ինչը նշանակում է նաեւ գլոբալ քաղաքական կուրսի կտրուկ շրջադարձ` դեպի նույն ԻՊ-ին ոչնչացնել փորձող ռուսական ռազմավարական ուղղություն: Նախագահ Օբաման էլ իր հերթին ցույց տվեց, որ անգամ փարիզյան պայթյունները եւ G20-ում հակաահաբեկչական բուռն քննարկումները ամերիկյան ռազմավարությունը չեն փոխել. «Մենք չենք տեսնում ապագայում Ասադի դերակատարությունը՝ նրա կառավարման կոշտ ոճի պատճառով»: Ընդ որում՝ Օբաման նաեւ Օլանդին զգուշացնում է. «Փարիզի եւ Վաշինգտոնի միջեւ դեռեւս տարաձայնություններ կան՝ կապված Բաշար Ասադի ճակատագրի հետ»:
ԵԳԻՊՏԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Նկատենք նաեւ, որ միայն Ֆրանսիան չէ, որ ընտրություն է կատարելու ԻՊ-ի դեմ պատերազմելու եւ «պատերազմելու» երկու գլոբալ քաղաքական ուղղությունների մեջ: G20-ում ՌԴ նախագահը նաեւ նման հայտարարություն հնչեցրեց՝ այս պահին էլ ԻՊ-ն ֆինանսավորվում է մոտ 40 երկրի կողմից, այդ թվում՝ «Մեծ քսանյակի» մի շարք անդամների: Վ. Պուտինը նշեց նաեւ, որ ԻՊ-ի նավթ բարձած «մեքենաների շարասյունը ձգվում է մի քանի տասնյակ կիլոմետր, այնպես որ 4-5 կմ բարձրությունից դրանք դուրս են մնում հորիզոնից, այն նավթամուղ համակարգի տեսք ունի»: Եվ այն, որ այդ «նավթամուղը» դեպի Թուրքիա է գնում, հազիվ թե կասկածներ լինեն:
Այսպիսով՝ այդ երկրները կշարունակե՞ն օգնել ԻՊ-ին: Համենայնդեպս, որոշում կայացնելիս այս հանգամանքը եւս նրանք պետք է հաշվի առնեն: Մեր վերջին հրապարակումներից մեկում առիթ էինք ունեցել ենթադրել, որ Եգիպտոսում ինքնաթիռի ոչնչացման փաստն ահաբեկչություն ճանաչելը ռուսները մի փոքր ձգձգեցին երկու հիմնական պատճառով: Նախ՝ անհերքելի ապացույցներ ստանալու, եւ երկրորդը՝ G20-ի արդյունքները ունենալու համար: Եվ պատահական չէ, որ հենց G20-ի հաջորդ օրը ՌԴ անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը նախագահին պաշտոնապես զեկուցեց, որ A321 ինքնաթիռի վրա ահաբեկչական հարձակում է եղել: Վ. Պուտինի ռեակցիան էլ էր կանխատեսելի՝ ահաբեկիչներին կգտնեն մոլորակի ցանկացած կետում եւ կպատժեն: Ավելին. «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն աջակցել հանցագործներին, պետք է իմանան, որ բոլոր հետեւանքները կընկնեն նրանց ուսերին»:
Այն, որ մեղավոր է համարվում ԻՊ-ը, պարզ էր նաեւ հենց տեղում Վ. Պուտինի տված հրամանից. «Մեր ավիացիայի մարտական գործողությունը Սիրիայում պետք է ոչ թե պարզապես շարունակվի: Այն պետք է ուժեղացվի այնպես, որ հանցագործները հասկանան, որ փոխհատուցումն անխուսափելի է»: Ընդ որում՝ վերահսկողությունը Վ. Պուտինը վերցնում է իր վրա. «Ես կստուգեմ, թե ինչպես է ընթանում աշխատանքը»: Այսինքն, եթե մեղավորն ԻՊ-ն է, ապա կարելի է ենթադրել, թե ով կընկնի «ովքեր կփորձեն աջակցել հանցագործներին» կարգավիճակի տակ. նաեւ ԻՊ-ին ֆինանսավորողները:
Պատկերավոր ասած՝ ռուսական արջը կատաղած մռնչում է, եւ բոլորն էլ մեկի փոխարեն տասնմեկ անգամ պետք է մտածեն, մինչ կփորձեն նրա թաթերի տակ հայտնվելու ռիսկին գնալ: Եվ գործնականում՝ այն հարվածին, որ ռուսները խոստանում են հասցնել Սիրիայում, ԻՊ-ն հազիվ թե երկար դիմանա: Արդյունքում՝ անկախ այն բանից, թե սիրիական հակամարտությանն ուղղված ինչ միջազգային քաղաքական քննարկումներ, բանակցություններ, գործընթացներ կշարունակվեն, հենց այդ ռուսական հարվածն է, որ լուծելու է Սիրիայի եւ Ասադի քաղաքական ճակատագրի հարցը: Ընդ որում՝ Ռուսաստանը նաեւ դիմում է մյուս պետություններին՝ եթե ցանկանում եք, կարող եք միանալ, ու սա առաջին հերթին հենց Վաշինգտոնի համար է բավականին բարդ թակարդ: Արդեն նույնիսկ քննադատել էլ չի լինի, թե Սիրիայում ռուսական ագրեսիա է: Այդ դեպքում նաեւ պետք է Ֆրանսիային եւս քննադատի, որն իր հերթին է նույն ահաբեկչության պատճառով սպառնում ԻՊ-ին` Սիրիայում եւ Իրաքում ոչնչացնել: Ուրեմն միանա՞լ ռուսներին. բայց իրեն աշխարհի տեր համարող Վաշինգտոնն ինչպե՞ս կարող է կցորդի դերով մասնակցել մի գործողության, որի նախ «դաբրոն» չի տվել, եւ բարեհաջող ելքն էլ իր շահերին է վնասում: Բայց չմասնակցելու դեպքում էլ ռուսներն ինքնուրույն պատերազմը կշահեն եւ Մերձավոր Արեւելքը սեփական պատկերացումներով կվերակառուցեն: Խանգարե՞լ դրան, բայց սա էլ կնշանակի ահաբեկիչներին աջակցել...
Եվ վերադառնալով Ֆրանսիային` նկատենք, որ եթե ռուսները նման վճռական պատերազմ վարեն Սիրիայում, իսկ իրենք միայն պատերազմ խաղան, ապա դա առնվազն Օլանդի քաղաքական կարիերայի վերջը կդառնա: Ուրեմն միանալ ռուսների՞ն՝ ԱՄՆ-ին դեմ գնալով: Բայց դա էլ ողջ եվրոպական քաղաքականությունը «կկիսի», այն էլ, երբ առհասարակ ԵՄ-ի լինել-չլինելու հարցն է օրակարգում:
Մի խոսքով՝ զարգացումներն իրենց երկար սպասեցնել չեն տա: Համենայնդեպս՝ այդ մասին է վկայում փաստը, որ Վ.Պուտինի հայտարարությունից հաշված ժամեր անց ՌԴ ՊՆ-ն արդեն հասցրել էր ստրատեգիական ռմբակոծիչներից, վերջրյա եւ ստորջրյա նավատորմից հրթիռային մասշտաբային հարվածներ հասցնել ԻՊ-ին, եւ զուգահեռաբար ի հայտ եկած լուրը, որ ՌԴ-ն եւ Ֆրանսիան սկսում են կոորդինացված ռազմական գործողություններ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162312&l=am/