«Անձը հավաստող փաստաթղթի տեսակը չի կարող նպաստել ընտրակեղծիքներին»
Արխիվ 12-16
«Անձը հավաստող փաստաթղթի տեսակը չի կարող
նպաստել ընտրակեղծիքներին»
Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում նոյեմբերի 11-ին, ձայների 94 կողմ, 13 դեմ եւ 18 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Ըստ այս փոփոխությունների` քաղաքացիները հնարավորություն կստանան հանրավքեի եւ այլ ընտրությունների ժամանակ քվեարկել նաեւ նույնականացման քարտերով: Օրինագծի ընդունումից հետո էլ, սակայն, քիչ չեն խոսակցությունները, որ դա կրկնակի քվեարկությունների համար դուռ է բացում, քանի որ հնարավոր չէ կնիք դնել նույնականացման քարտի վրա: Վերոհիշյալ խնդրի շուրջ զրուցեցինք ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ ՄՆԱՑԱԿԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով նման հայտարարություններին ասաց.
- Անձը հավաստող փաստաթղթի տեսակը որեւէ ձեւով չի կարող նպաստել ընտրակեղծիքներին, բազմակի քվեարկություններին: Խնդրի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար նախ պետք է առավել հստակ պարզաբանենք, թե ինչ է իրենից ենթադրում քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակը: ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, այն ձեւավորվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության համաձայն՝ անձը պետք է հաշվառված լինի միայն մեկ հասցեում: Նմանատիպ սկզբունք նախատեսված է նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքով, համաձայն որի` յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում եւ միայն մեկ անգամ:
Հ.Գ. Թեմայի վերաբերյալ անձնագրերի եւ վիզաների վարչության պետի հետ հարցազրույցը ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» առաջիկա համարներում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ