ՉԵԽՈՎԻ «ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Արխիվ 12-16
ՉԵԽՈՎԻ «ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Նոյեմբերի 17-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ուսանողության միջազգային օր: Այս կապակցությամբ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, Ուսանողական թատրոնի բեմում ներկայացրեցին Ա. Պ. Չեխովի «Առաջարկություն» պիեսի բեմադրության առաջնախաղը (Բեմադրիչ` Սամսոն Ստեփանյան): «Այսօր բեմում մեր կուրսային աշխատանքն է, խաղում են 3-րդ դերասանական կուրսի ուսանողները (կուրս ղեկ. Սամսոն Ստեփանյան): Կարելի է ասել, որ սրանք մեր առաջին քայլերն են դեպի թատերական աշխարհ: Ներկայացումը բեմադրվել է ժամանակակից մոտիվներով, չենք սահմանափակվել տվյալ ժամանակաշրջանի պահանջներով»,- իր խոսքում պատմեց դերասանական 3-րդ կուրսի ուսանող Սիփան Զադոյանը: Ըստ ուսանողների, առաջիկայում նոր աշխատանքներ եւս կլինեն:
Ուսանողական թատրոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ խոսելով առաջնախաղի մասին, մասնավորապես նշեց. «ԵԹԿՊԻ դասախոս, բեմադրիչ, դերասան Սամսոն Ստեփանյանի ստեղծագործական ձեռագիրը ինձ միշտ էլ հիացրել է նորարարությամբ, բեմադրական լուծումների ճկունությամբ, թեթեւությամբ եւ հումորի բացառիկ զգացումով: Կարծում եմ, որ պարոն Ստեփանյանը միշտ կարողանում է դերասանից իր երեւակայած կերպարը պատկերել բեմում: Թատերական ոլորտում չեխովյան ստեղծագործությունների հանդեպ, դրական առումով, կա մի յուրատեսակ երկյուղածություն: Անտոն Չեխովը դասվում է այն մեծերի շարքին, որի թատերգության բեմադրությունների պարագայում, ինչպես, օրինակ, Շեքսպիրի դեպքում հանդիսատեսի եւ մասնագետների սպասումներն ու ուշադրությունն էլ ավելի են մեծանում: Ներկայացման հաջողության չափորոշիչներից մեկը հանդիսատեսի արձագանքն է: Վստահաբար կարող եմ ասել, որ ներկայացումն, իբրեւ կուրսային աշխատանք, արժանացել է հանդիսատեսի համակրանքին: Վարպետ-ուսանող ստեղծագործական համագործակցությունն, անշուշտ, տվել է դրական արդյունք եւ Ուսանողական թատրոնի խաղացանկը հարստացրել եւս մեկ բեմադրությամբ: Ուրախ ենք, որ ներկայացման պրեմիերան կայացավ նոյեմբերի 17-ին` Ուսանողության միջազգային օրը, որին ներկա էին ուսանողներ Երեւանի տարբեր ԲՈՒՀ-երից»:
ՄԱՐԻԱՆՆԱ ՍԱՄՍՈՆՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162302&l=am/