«ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՅՏՆԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ»
Արխիվ 12-16
«ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՅՏՆԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ»
Երեկ մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի օրակարգում 2016թ. պետական բյուջեի նախագիծն է, որն արդեն քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում: Բյուջեի ընդհանուր նկարագրի եւ դրանից բխող այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ ֆինանսների նախարար ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ նախագծում ներառված համեմատաբար համեստ տնտեսական աճին` նկատելով.
Ակնկալվող տնտեսական աճը, չգիտես ինչու, որոշակի անհանգստություն է առաջացրել ոմանց մոտ: Սակայն աճի հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք գնահատում են Արժույթի միջազգային հիմնադրամն ու Կենտրոնական բանկը, ռիսկեր են պարունակում: Պատճառները կապված են հատկապես Ուկրաինայից եւ Ռուսաստանից բխող որոշակի անորոշությունների հետ, թեեւ պետք է նշեմ նաեւ, որ ներկա պահին այդ հայտնի անորոշությունները նվազման միտումներ ունեն, եւ կառավարությունը մինչեւ տարեվերջ պետք է ջանքեր գործադրի, որպեսզի դիմակայի խնդիրներին:
– Կասե՞ք, հիմնականում ինչ առանցքային խնդիրներ են ընկած 2016 թվականի բյուջեի հիմքում:
– Չեմ կարող ասել, որ 2016 թվականի պետական բյուջեի հիմքում դրված ցուցանիշները հնարավորություն կտան լուծել մեր բոլոր խնդիրները, քանի որ ներկա տնտեսական իրողությունների պայմաններում նման հնարավորություններ չկան: Ամեն դեպքում` 2016թ. բյուջեն թեեւ համեմատաբար համեստ տեսք ունի, բայց միեւնույն ժամանակ այն իրատեսական է: Դեռեւս նախորդ տարվանից սկսած Հայաստանում նկատվող եւ արտաքին գործոններով պայմանավորված հայտնի բացասական երեւույթները, ցավոք, դեռեւս շարունակվում են, իսկ առանձին ուղղություններում ավելի են խորանում: Որոշակի խնդիրներ կան օտարերկրյա ներդրումների ծավալների, ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների մակարդակի, սպառման մակարդակի, տնտեսական ակտիվության ոչ այնքան բարձր ցուցանիշների մասով, ինչը չի նպաստում հարկային լրացուցիչ եկամուտների ապահովմանը: Մի շարք գործոններ էլ հնարավորություն չեն ընձեռում ապահովել հակաբյուջետային կայունության մակարդակը, ձեռնարկել նոր, առավել հավակնոտ ծրագրեր, նպաստել տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձեւավորմանը:
– Իսկ հաշվարկներ կա՞ն, թե կոնկրետ ինչ վնասներ է կրել Հայաստանի տնտեսությունն այս տարի` պայմանավորված ռուսական տնտեսության վիճակով:
– Արտահանողները ներկա պահին խնդիրներ ունեն` պայմանավորված դոլարի եւ ռուբլու փոխարժեքով: Կանխատեսումները լավ չեն, եւ պետք է իրավիճակը գնահատել հստակ, որպեսզի հետո հնարավոր լինի ճիշտ կողմնորոշվել, թե ինչ ուղղություններով պետք է աշխատել: Կարող եմ միայն ասել, որ ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետեւանքով աննախադեպ կրճատվել է երրորդ երկրներից ԵՏՄ երկրներ ներմուծման ծավալները, ինչի հետեւանքով ընդհանուր մաքսատուրքերից Հայաստանը չի ստացել ակնկալվող մասնաբաժինը:
Չնայած այս ամենին` Կառավարությունն իրականացնում է ընդլայնողական հարկային քաղաքականություն` նպատակ ունենալով որոշակիորեն մեղմել վերոնշյալ բացասական երեւույթների ազդեցությունը գործարար եւ ներդրումային միջավայրի վրա:
– Պարոն Խաչատրյան, գալիք տարվա բյուջեի մոտ կեսն ուղղվելու է սոցիալական ոլորտին: Ի՞նչ խնդիրներ են լուծվելու այդ ուղղությամբ, երբ, ինչպես հայտարարվել է, եկող տարի ո՛չ աշխատավարձերն են բարձրանալու, ո՛չ կենսաթոշակները:
– Մենք սոցիալական բնույթի ծախսերի մի մասը 2016թ.-ին փորձում ենք պահպանել, որովհետեւ հնարավորության խնդիր ունենք: Նախորդ տարիներին ունեինք հնարավորություն եւ դա օգտագործեցինք աշխատավարձերը բարձրացնելու համար: Բայց հիմա, տնտեսական ցուցանիշների վատթարացումից ելնելով, չունենք բավարար միջոցներ, որպեսզի կրկին բարձրացնենք: Դրա համար սոցիալական բնույթի ծախսերը պահպանում ենք նույն մակարդակի վրա:
– ԿԲ-ն 2016թ. համար ֆիքսել է դոլարի 470 դրամ կայուն փոխարժեքը: Դա ինչպիսի՞ ազդեցություն կունենա արտահանումների եւ ներմուծումների առումով:
– Արտահանումների եւ ներմուծումների ստաբիլության համար ԿԲ-ն փորձում է գնալ դոլարի կայունության: Մնացածը, թե դա ինչ ընթացք կունենա եկող տարի, կանխատեսելը դժվար է:
– Դուք այդ ոլորտում բավական փորձառու եք. գոնե մոտավոր կանխատեսումներ չունե՞ք:
– Շատ դժվար է կանխատեսել, որովհետեւ իրավիճակը մի շարք ցուցիչներից է կախված: Եթե կարողանայինք համաշխարհային այս բարդ իրավիճակում նման հստակ կանխատեսումներ ունենալ, հիմա շատ քիչ խնդիրներ կունենայինք:
– Նախորդ տարվա բյուջեի գանձումներից որոշակի շեղում է նկատվել: Այդ բացը կլրացվի՞ 2016թ.-ին:
– Եկամուտների պակասը կախված է տնտեսական աճի տեմպերից: Այսօր, եթե մենք ունենք սպառման ծավալների նվազում, եթե մեր տրանսֆերները պակասում են, բնականաբար, տնտեսության զարգացման տեմպերը նվազում են, եկամուտներն էլ իրենց հերթին են նվազում. դա բնական, մեկը մյուսով պայմանավորված գործընթաց է: Այդ իսկ պատճառով` այսօր կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ներդրումային իրավիճակը շտկվի: Մասնավորապես` «երկար» հարկային արտոնություններ ենք ստիպված տալիս, որպեսզի տնտեսությունը աշխուժանա ու հետագայում դրա հաշվին լրացուցիչ եկամուտներ ունենանք: Այսինքն` հնարավոր է դրական տեղաշարժ, եթե բացասական ազդեցությունները նվազեն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162297&l=am/