Զարմացած
Արխիվ 12-16
Քանզի աշխարհում վատ լուրերը շատ են` այս անգամ սկսենք թեեւ զարմանալի, բայց, այնուամենայնիվ, դրական լուրով: Այս տարվա Գրին քարտի խաղարկության արդյունքներից հետո կարծիքներ հնչեցին, որ Հայաստանից արտագաղթողների թիվն ավելացել է մոտ տասն անգամ: Սակայն Միգրացիոն ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ, ով միգրացիայի հետ կապված բոլոր թվերին գերազանց տիրապետում է, դա համարում է, մեղմ ասած, ոչ հավաստի. «Արտագաղթի թեման կարող է լավ շահարկման թեմա լինել: Եթե ինչ-որ մի բան ուզում են ասեն` վատ է, էլ պետք չէ այս կամ այն ոլորտի քաղաքականությունը վերլուծել ու գնահատել: Պետք է պարզապես ասել` մարդիկ մեկնեցին: Ինչի հիման վրա են ասում` արտագաղթի տեմպերի ավելացման մասին խոսելիս»: Ավելին, նույնիսկ անցյալ տարվա համեմատ` արտագաղթի տեմպը մի քիչ նվազել է. «Բացասական մնացորդը յոթ-ութ տոկոսի չափով նվազել է»:
Փարիզում տեղի ունեցած ողբերգությունը շատ բան փոխեց, այն էլ` կայծակնային արագությամբ: Ընդամենը մի քանի օր առաջ խիստ կզարմանայինք, եթե ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԸ ասեր այն, ինչ ասաց հիմա` որ Ասադը Ֆրանսիայի թշնամին չէ. «Սիրիայում մենք քաղաքական լուծում ենք փնտրում մի խնդրի, որը ոչ թե Բաշար Ասադի մեջ է, այլ մեր թշնամու` ԻԼԻՊ-ի»: Սակայն բավականին զարմանալի ձեւով իրեն դրսեւորեց «Ֆեյսբուքը»` միանգամից մատուցելով ծառայություն, որով մեկ շարժումով յուրաքանչյուրը կարող է իր գլխավոր նկարը պատել Ֆրանսիայի դրոշի գույները պարունակող շղարշով: Միանգամից ամբողջ աշխարհում հարց հնչեց` իսկ ինչո՞ւ Լիբանանում եւ Իրաքում տեղի ունեցած վերջին ոչ պակաս ողբերգական իրադարձություններից հետո «Ֆեյսբուքը» այդպիսի կոճակ չէր ստեղծել այդ երկրների դրոշներով: Բացատրությունը տվեցին սոցցանցերից լավ հասկացող մասնագետները` որ այդ միջոցով կարելի է տարբեր առեւտրային կազմակերպություններին օգտակար տեղեկություններ հավաքել, որ լիբանանցիների ու իրաքցիների վրա «Ֆեյսբուքը» փող աշխատել չէր կարող, իսկ ֆրանսիական ողբերգության վրա կարող էր: Դե ինչ, այդ պայմաններում միանգամայն բնական է, որ հայ օգտատերերի մի մասը շտապեցին իրենց նկարները քողածածկել կամ Հայաստանի, կամ Սիրիայի դրոշների գույներով:
Իսկ այն, ինչ տեղի է ունեցել Սիրիայում, ցույց տվեց մի զարմանալի, ապշեցուցիչ իրողություն` որ «Իսլամական պետությունից» մինչեւ գենդեր մեկ քայլ է: Սիրիայի բանակայինները Հալեպում ձերբակալել են մի քանի տասնայակ գրոհայինների, ովքեր փորձում էին փախչել ԿԱՆԱՑԻ ՀԱԳՈՒՍՏՆԵՐՈՎ: Ավելին, նույնիսկ կոսմետիկ միջոցներ են օգտագործել, եւ, ի դեպ, պարսկական լրատվամիջոցները հրապարակել են այդ գենդերացած ահարկու գրոհայինների լուսանկարները: Դե ինչ, այդ թափթփուկները մոտավորապես նույնն են, ինչ մեր հարեւան մազութային սուլթանատի թուրքերը` նրանք չափազանց քաջ են, երբ շատ են, ու դիմացը անպաշտպան մարդիկ են, իսկ լուրջ հակառակորդի հետ գործ ունենալիս` պատրաստ են անել այն, ինչը ցանկացած մահամեդական տղամարդու համար մահու չափ ամոթ է` կրել կնոջ զգեստ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ