ՓԱՐԻԶԻ ՑՆՑՈՒՄԸ ԵՎ ՄԵՐ ՄԱՆՐԻԿ ԳԶՎՌՏՈՑՆԵՐԸ
Արխիվ 12-16
ՓԱՐԻԶԻ ՑՆՑՈՒՄԸ ԵՎ ՄԵՐ ՄԱՆՐԻԿ ԳԶՎՌՏՈՑՆԵՐԸ
Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած լպիրշ ահաբեկչությունների շարանը անպայման ինչ-որ փոփոխությունների կբերի ե՛ւ աշխարհում, ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ Մերձավոր Արեւելքում: Մասնավորապես Եվրոպայում կտրուկ ընկել է Անգելա Մերկելի վարկանիշը, քանզի հենց Գերմանիայի իշխանություններն էին Եվրոպայի դռները լայն բացել իսլամ փախստականների առջեւ, եւ ահա... Ի դեպ, նույն Եվրոպայում անտեսվում էր այն իրողությունը, որ, չգիտես ինչու, փախստականների զանգվածում գերակշռում են տղամարդիկ, որ նրանցից շատ-շատերը հաջողացրել էին կորցնել անձնագրերը, բայց չգիտես ինչու «այֆոնները» կորցնող գրեթե չկար, անտեսվում էին նաեւ մամուլի հրապարակումները, ուր նույն անձի լուսանկարը կար որպես «Իսլամական պետության» գրոհայինի, իսկ կողքը դրված էր Եվրոպա ժամանած «փախստականի» կարգավիճակով...
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԼԵՖՆԵՐԸ` ՈՐՊԵՍ «ՈՉ»-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԻ ՄԱՍ
Եվրոպայում հանգիստը պրծավ, իսկ մեր խաղաղ ու հանգիստ երկրում փորձում են կրքեր ալեկոծել` քաղաքական հեքիաթներ պատմելով, իբր Արցախից տարածքներ են զիջվելու Մոսկվայի պահանջով, իբր Սահմանադրությունն ընդունվում է, որ այդ զիջումները հեշտ անցկացնեն: Նաեւ տարածեցին ադրբեջանական կայքերի այն «լուրը», իբր Բակո Սահակյանը ռուսական ռազմական ավիացիային հրավիրել է Ստեփանակերտի օդանավակայան... Գումարած դրան, մեր թունդ արեւմտամոլները նույնիսկ դատապարտեցին հայ-ռուսական ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման գործընթացը, ճչալով, թե մեզ ներքաշում են «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունների մեջ: Այդ ճչացողները հաջողությամբ մոռացության են մատնում այն հանգամանքը, որ Սիրիայում մեծ համայնք ունենք, որ շրջափակման ամենածանր տարիներին Սիրիայի նախագահ Ասադ ավագը մեր երկրին պատկառելի օգնություն էր հասցրել, որ նույն իսլամիստական գրոհայիններն աստիճանաբար թափանացում են Կովկաս` հաստատվելով ընդհուպ Վրաստանի թուրքաբնակ շրջաններում... Իսկ հիմա էլ հավելել են նոր արտաքին քաղաքական հեքիաթ` իբր Փարիզի ահաբեկչության թիկունքում Ռուսաստանն է` չեչեն գրոհայիններով հանդերձ:
Կարճ ասած` մինչեւ հանրաքվե մնացած երեք շաբաթից էլ քիչ ժամանակում մեր ժողովրդի ականջները լցվելու է այնպիսի քանակությամբ բլեֆ, որ, երեւի թե, թմբկաթաղանթներին կոշտուկներ գոյանան: Բայց դժվար թե, այդ քաղաքական եւ աշխարհաքաղաքական զառանցանքները որեւէ ռեալ ազդեցություն թողնեն մեր քաղաքացիների վրա: Ի վերջո, իզուր չէր, որ այս անգամ արտգործնախարար Լավրովի այցի կապակցությամբ ՌԴ դեսպանատունը հերքել էր այն լուրերը, որ ընդհանրապես տարածքներ զիջելու հարց է քննարկվել:
ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՆԶԳՈՒՅՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ
Եթե լսես Լյովիկ Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի պնդումները, ապա կստացվի, որ «այո»-ի կողմնակիցներին մեր քաղաքներում եւ գյուղերում պետք է օրը ցերեկով լուսարձակով փնտրենք: Բայց, հո այդպես չէ:
Այսպես, Արամ Մանուկյանն ասում է, որ «այո» առհասարակ չկա, ու միաժամանակ կենտրոնանում պնդումների վրա, որ ամեն ինչ կեղծվելու է: Նույնիսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հորդորը ընդդիմադիրներին` հանձնաժողովներում իրենց ներկայացուցիչներով վերահսկողություն իրականացնելու, նա դիտարկում է որպես ընտրակեղծարարության վկայություն. «Այդ հայտարարություններով իրենք իրենց բացահայտում են: Այ իշխանություն, եթե գնում ես արդար ընտրության, ինչո՞ւ ես ընդդիմության վրա դնում վերահսկողության խնդիրը»:
«Ասա` ես արդար ընտրություն եմ անելու, լինեք-չլինեք, ես ապահովում եմ արդար ընտրություն: Իրենց ասածի ենթատեքստը սա է` ես կեղծելու եմ, դու էլ գնա բոլոր տեղամասերում փակի, որ ես չկեղծեմ»: Նույնիսկ հեքիաթ են մոգոնել, թե ինչու ոչ բոլոր հանձնաժողովներ են ուղարկել իրենց ներկայացուցիչներին. «Միայն 245 հանձնաժողովում չենք ներկայացրել եւ դիտավորյալ: Դրանք այն տեղամասերն են, որտեղ քիչ ընտրող կա: Մենք այլ ուժերի հետ էլ ենք համագործակցում, տեղեկություն փոխանցում` ով որտեղ է թույլ, ուժեղ, որտեղ` վտանգավոր: Օրինակ, «ժառանգություն»-ը որոշ տեղերում թույլ է, որոշ տեղերում` ուժեղ, ՕԵԿ-ի հետ է հնարավոր որոշ տեղեկություններ փոխանակենք»: Ի հավելումն դրան էլ` արդեն հիմիկվանից հավար են գցում, իբր տեղամասային հանձնաժողովների ընդդիմադիր անդամների վրա ճնշում է գործադրվում: Դե պարզ է, դեկտեմբերի 6-ից հետո գալու է դեկտեմբերի 7-ը, ու «ոչ» քվեների սուր պակասին հո պետք է բացատրություն տան: Հո չե՞ն ասի, որ այնքան ենք լուսանցքային եւ վարկաբեկված, որ բողոքավոր քաղաքացիները մեր հետեւից չեն գնում, հո չե՞ն ասի, որ պատշաճ քանակով ոչ հանձնաժողովի անդամ են ապահովել, ոչ էլ դիտորդ: Պետք է ասեն, որ իրենց վրա ահավոր ճնշումներ էին, որ իրենց հում-հում կերան ե՛ւ դրսում, ե՛ւ ընտրատեղամասերի ներսում: Բայց նաեւ ապացույցներ չեն ներկայացնելու, թեեւ յուրաքանչյուրի ձեռքում տեսագրություն անող սմարթֆոններ կան, որոնց առկայությունը, ինչպես ցույց տվեց ամռանը Բաղրամյան պողոտայի նստացույցը ցրելը, երբ հատուկ որս էր գնում նկարահանողների նկատմամբ, տեսագրությունների պակաս բացարձակ չկար:
Ի դեպ, արդեն ՀՀՇ-ական եւ «ժառանգական» ծագում ունեցող «ոչ»-ականների մեջ աստիճանաբար պտտվում են խոսակցություններ` իսկ միգուցե ճի՞շտ են Ժիրայր Սէֆիլյանի «փրկչիստները», երբ ասում են, որ 2017-ի ընտրություններին անիմաստ է մասնակցել, մինչեւ չարվի իշխանափոխություն հեղափոխական ճանապարհով: Դե, «Նոր Հայաստանի» քաջարի հեղափոխականներին էլ տեսանք` ուր գնում են հազիվ մի 15-20 հոգի ժողովուրդ հավաքեն, կամ չհավաքեն:
Այսինքն` եթե չլինի ինչ-որ ֆորսմաժորային, աղետային իրավիճակ, ապա ոչինչ չի խանգարելու Սահմանադրության ընդունմանը:
Հա, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը նորից է խոսել` գերմանական ռադիոյով: Առայժմ մեզ մատուցել են միայն խոսելու փաստը եւ մեկրոպեանոց տեսանյութ` առանց ձայնի: Տեսնենք դրա՞ «ձայնը», երբ դուրս կգա, ի՞նչ ծավալով ու ձեւաչափով:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162293&l=am/