ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԿՎԵՐԱԾՎԻ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՑՈՒՆԱՄԻԻ
Արխիվ 12-16
ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԿՎԵՐԱԾՎԻ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՑՈՒՆԱՄԻԻ
Մանրամասների մասին, թե ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 13-ին Փարիզում, այս օրերին շատ է խոսվել եւ նոր բան ասել արդեն հնարավոր չէ: Եվ հասկանալիորեն՝ Ֆրանսիայի համար նախադեպը չունեցող փարիզյան այդ ահաբեկչության թեման տեղափոխվել է մեկ այլ հարթություն՝ առաջ քաշելով այս ընդհանրական հարցը՝ ինչ է դրան հետեւելու:
ՈՒՐԲԱԹ, 13-ԻՆ
Իհարկե՝ բուն ահաբեկչության հետ կապված ապագայի առումով շատ բան արդեն իսկ պարզ է. որպես հանցակիցներ՝ ոմանց արդեն բռնել են, ոմանց դեռ կբռնեն: Դրանից զատ, որպես տեսանելի պատասխան, Ֆրանսիան սկսել է Մերձավոր Արեւելքում ակտիվացնել օդային հարձակումներն «Իսլամական պետություն» ¥ԻՊ¤ խմբակցության դեմ եւ դեռ այդ տեմպով մի որոշ ժամանակ կշարունակի եւ այլն. սրանք փարիզյան պայթյունների տեսանելի հետեւանքներն են: Բայց կլինեն նաեւ ոչ այսքան ակնառու հետեւանքներ, եւ այստեղ ամեն ինչ չէ, որ այդքան միանշանակ է: Ու այստեղ պետք է նախ ստանալ մեկ առանցքային հարցի պատասխան՝ ո՞րն էր փարիզյան այս հարձակման իրական իմաստը, ի՞նչ խնդիրներ էին դրանով փորձում լուծել եւ ովքե՞ր:
Սկզբի համար նախ մեկ հետաքրքիր համեմատություն. այս տարեսկզբին Փարիզն էլի էր ահաբեկիչների թիրախը դարձել. խոսքը «Charlie Hebdo» ամսագրի խմբագրության վրա հարձակման մասին էր: Այդ օրերին բավականին տարօրինակ էր թվում այն փաստը, որ հարձակումը տեղի ունեցավ հենց այն պահին, երբ նախագահ Ֆրանսուա Օլանդն ¥Գերմանիայի կանցլերի հետ միասին¤ ակտիվորեն փորձում էր Ղազախստանում, Աստանայում` ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթաց սկսել:
Դրա ակնհայտ նպատակներից էր նաեւ Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցային քաղաքականությունը առնվազն մեղմելը, եւ «Charlie Hebdo»-ի պատմությունը միանգամից արգելակեց այդ գործընթացը: Այդ օրերին ուկրաինական բանակը դեռ շարունակում էր հարձակումը Դոնբասում, եւ Վաշինգտոնից միանգամայն «լավատեսական» հույսեր էին հայտնում, որ ուկրաինական թեման այդ հարձակման եւ ոչ թե տարաբնույթ բանակցություններով կհանգուցալուծվի. ուրեմն էլ ի՞նչ զինադադար եւ Աստանայի հանդիպում: Ու միայն մոտ մեկուկես ամիս անց, երբ ակնհայտ դարձավ, որ ուկրաինական բանակը ջախջախվել է, եւ Դոնբասի զորքերը կարող են նաեւ դեպի Կիեւ շարժվել, Փարիզի եւ Բեռլինի միջնորդությամբ հնարավոր եղավ կնքել մինչ այժմ պահպանվող «Մինսկ-2» կոչվող զինադադարի համաձայնագիրը:
Եվ ահա, Փարիզյան այս հերթական հարձակման շեմին, Օլանդը կրկին բավականին ծանր «մեղք գործեց»՝ հայտարարելով մեկ ամսով Ֆրանսիայում Շենգենյան համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին: Պատճառաբանությունը ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի անվտանգության ապահովումն էր, բայց դրանից երեւույթի էությունը չի փոխվում. այս օրերին, երբ Եվրոպայում շատ երկրներ են սկսել տարաբնույթ պատճառաբանություններով փակել սահմանները, եւ շատերն էլ բացահայտորեն խոսում են Շենգենյան համաձայնագրի չեղյալ համարելու մասին, Ֆրանսիայի նման օրինակը կարող էր մահացու հարված դառնալ ոչ թե միայն Եվրոպայում ազատ տեղաշարժի գաղափարախոսության, այլեւ Եվրամիության համար: Իսկ ԵՄ-ն, գաղտնիք չէ, որ հենց այն գործիքն է, որով ԱՄՆ-ը կարողանում է Հին աշխարհամասը վերահսկողության տակ պահել, եւ դժվար չէ կռահել, որ Վաշինգտոնում հազիվ թե հրճվանքով ընդունեին Շենգենյան համակարգին եւ ԵՄ-ին հարվածող Օլանդի այդ քայլը, որն, ի դեպ, կիրառման մեջ էր մտնում հենց ահաբեկչության «սատանայական» օրը՝ ուրբաթ, 13-ին:
Այսպիսով, որեւէ բան չակնարկելով, պարզապես փաստն արձանագրենք. այս տարվա ընթացքում նախագահ Օլանդը, մեղմ ասած, ամերիկյան ռազմավարությանը չհամապատասխանող երկու քայլ կատարեց ¥եթե միայն սրան չգումարենք նաեւ վերջերս տեղի ունեցած Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի բավականին տարօրինակ այցը Ռուսաստան, ինչը որոշ արեւմտյան աղբյուրներ մինչ օրս էլ մեկնաբանում են որպես Մոսկվայի եւ Փարիզի միջեւ ռազմավարական համագործակցության փորձ¤ եւ երկուսին էլ հաջորդեց ահաբեկչական հարձակում: Եվ այս փաստն ուշագրավ է նաեւ նրանով, որ հարց է, թե երկրորդ հարձակման պաշտոնական մեղադրյալ ԻՊ-ի ինչի՞ն էր պետք այդ գործողությունը: Կարելի է այն ստանդարտ բացատրությունը բերել, թե դա եվրոպացիներին վախեցնելու փորձ էր: Միգուցե, սակայն այս նյուանսը աչքաթող չանենք...
ՄԵԾ ՔԱՈՍԻ ՇԵՄԻՆ
Փարիզյան գործողությունների այդ շղթան զուտ ռազմական,՝ կազմակերպման եւ իրականացման առումով անշուշտ միանգամայն բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ուներ, եւ միամտություն կլիներ ենթադրել, թե նման բարդ ռազմական հաշվարկներ կատարելու ունակ կազմակերպիչները շրջանցեին դրա հնարավոր քաղաքական հետեւանքների հարցը: Առավել եւս, որ ի սկզբանե պարզից էլ պարզ էր, որ հետեւանքները ծանր են լինելու հենց ԻՊ-ի համար: Նախ՝ ԻՊ-ի գործերը մարդկային եւ նյութական ռեսուրսների հավաքագրման, քարոզչական աշխատանքների, հնարավորինս ազատ տեղաշարժ եւ բազում այլ հարցերով էականորեն կդժվարանան: Գումարած դրան, ինչպես ցույց տվեց նախօրեին Անթալիայում մեկնարկած «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքը, փարիզյան այս ահաբեկչությունը մի կողմից՝ ամրապնդում է Սիրիայում ռուսական ռազմաքաղաքականությունը, մյուս կողմից՝ ամերիկյան կոալիցիան եւ հատկապես՝ Ֆրանսիան պարզապես պարտադրված է ԻՊ-ին ուղղված իր հարվածները կոշտացնել՝ զուգահեռաբար մեղմացնելով ռուսական գործողություններին հասցեագրված քննադատությունը: Պատկերացրեք՝ մինչեւիսկ նախագահ Օբաման էր արդեն պատրաստ ժամերով Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայի եւ Ուկրաինայի հարցը եւ նույնիսկ՝ «ընդգծել ռուսների ռազմական ջանքերի կարեւորությունը Սիրիայում»,- ինչպես որ հայտարարում է Սպիտակ տունը:
Հավելենք նաեւ Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանումը, եւ այս ամենը, անշուշտ, հենց ԻՊ-ի գլխին է կոտրվելու: Ու եթե իրականում այդ կառույցը փարիզյան դեպքերի կազմակերպիչն է, եւ ոչ թե պարզապես կատարողը, առնվազն տարօրինակ կլիներ, որ իր համար նման մահացու հետեւանքները հաշվի չառներ: Չնայած՝ արդեն կարեւոր էլ չէ, թե փարիզյան հարձակումների եգիպտական ավիաաղետի ծրագրերը որտեղ են ձեւավորվել, հրապարակային պլանում, անշուշտ, ԻՊ-ն կհռչակվի որպես միակ մեղադրյալ: Մնացած հարցերի պատասխանները թերեւս կմնան «Մեծ քսանյակի» գագաթաժողովի կուլուարներում:
Բայց ենթադրել, թե այս ծանր ահաբեկչական ֆոնը հիմք կդառնա, որ Անթալիայում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն իրականում ձեռք կբերեն Մերձավոր Արեւելքում համատեղ հակաահաբեկչական պայքար ծավալելու պայմանավորվածություն, միամտություն կլիներ: Առավել եւս, որ փարիզյան այս հարձակումը ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ Եվրոպայում է խոստանում լրջագույն հետեւանքներ առաջ բերել՝ ռուս-ամերիկյան բախումների նոր հարթակ ստեղծելու հեռանկարով: Բերենք նման պարզ փաստ. երեկ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարեց. «Բելգիական իշխանությունները դիտարկում են մի շարք մեչետներ փակելու հարցը, որպեսզի խուսափենք երիտասարդության նկատմամբ ռադիկալ քարոզիչների ազդեցությունից»: Այսինքն՝ ԵՄ-ի «մայրաքաղաքում»՝ Բրյուսելում, սկսում են խոսել մեչետներ փակելուց: Իսկ այդ դեպքում դժվար չէ կռահել, թե դա հակաիսլամական ինչ ցունամու է վերածվելու ողջ ԵՄ-ով մեկ: Անշուշտ՝ հաշվի առնելով նաեւ, որ փարիզյան նախորդ ահաբեկչության եւ Եվրոպա՝ փախստականների նոր հոսքի առաջ բերած հակաիսլամիստական ալիքը հանդարտեցնել, կանցլեր Մերկելն այդպես էլ չկարողացավ, չնայած համառ ջանքերին: Իսկ հակաիսլամական այս նոր ալիքին ինչպե՞ս է արձագանքելու արդեն ոչ միայն եվրոպական, այլ՝ համաշխարհային իսլամը, դա ի՞նչ ցնցումներ է խոստանում Եվրոպային: Ապա՝ այս իրավիճակն ի՞նչ հուն կարող է տեղափոխել առանց այն էլ չափազանց ծանր, մինչեւիսկ Շենգենյան համակարգը փլուզման հասցրած մահմեդական ներգաղթյալների խնդիրը: Բայց չէ՞ որ մինչեւ այս վերջին ահաբեկչությունը, կանցլեր Մերկելը մնում էր այդ մարդկանց ԵՄ ու մասնավորապես՝ Գերմանիա թողնելու ջերմեռանդ կողմնակիցը: Ուրեմն՝ այս նոր իրավիճակն ի՞նչ փոփոխություն կարող է բերել կանցլերի քաղաքական ճակատագրին ու Եվրոպայում` գերմանական քաղաքական հեգեմոնիային: Իսկ գերմանական գերիշխանության թեկուզեւ մատնաչափ անկումն ի՞նչ ֆինանսատնտեսական փոթորիկներ կարող է առաջ բերել ողջ ԵՄ-ով մեկ: Եվ, առհասարակ, եվրոպական երկրներում ի՞նչ իշխանական փոփոխությունների կարող է տանել միանգամայն սպասելի հակաիսլամական ու տնտեսության միանգամայն հնարավոր ճգնաժամային ալիքը. համենայնդեպս՝ Օլանդի «քաղաքական երգը» կարելի է արդեն երգված համարել: Վերջնարդյունքում՝ դա ի՞նչ կդառնա եվրաարժեքների ներկայիս համակարգի եւ ԵՄ-ի համար: Մի խոսքով՝ ամենեւին էլ պատահական չէ, որ այս օրերին կրկին շատերը սկսել են ակտիվորեն խոսել Վանգայի՝ 2016թ.-ին Եվրոպայի կործանման կանխատեսման մասին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162292&l=am/