ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԵՎ ՋԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈՆ ՈԳԵԿՈՉԵՑԻՆ ՓԱՐԻԶԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Արխիվ 12-16
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԵՎ ՋԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈՆ ՈԳԵԿՈՉԵՑԻՆ ՓԱՐԻԶԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Օրերս Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ: Հանդիսատեսին ներկայացվեց Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 1 «Տիտան» ստեղծագործությունը։
Խոսելով Մալերի Սիմֆոնիա թիվ 1-ի մասին՝ մաեստրո Մարչիանոն նշեց, որ այն շատ գեղեցիկ, հզոր ստեղծագործություն է, այն մի մեծ պատմություն է՝ առանց բառերի, բայց երաժշտության միջոցով։
Ջանլուկա Մարչիանոն Հայաստանի մեծ բարեկամներից է։ Մաեստրոն այն 4 դիրիժորներից է, ովքեր 2015թ. ապրիլի 24-ին ղեկավարել են «24/04» համաշխարհային նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող համերգը։ Այս տարի սեպտեմբերին նա այցելել է ԼՂՀ, ներկա գտնվել Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային: Հետագայում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իտալացի դիրիժորին ընդգրկել է իր, այսպես կոչված, «սև ցուցակում»։
Նշենք, որ նոյեմբերի 14-ին խաչատրյանական փառատոնի շրջանակներում կայացած համերգը նվիրվեց մեկ օր առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։ Երեկոյի ընթացքում Ջանլուկա Մարչիանոն ընդգծեց Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական սերտ հարաբերությունները։ Նա շեշտեց, որ բոլորն այս օրերին Ֆրանսիայի ժողովրդի կողքին են և վշտակցում են նրան։ Իտալացի դիրիժորը և Երիտասարդական նվագախումբն ի հիշատակ ահաբեկչության զոհերի հնչեցրին նաև Պուչինիի ստեղծագործություններից։
Համերգից անմիջապես հետո նվագախումբն ամբողջ կազմով դուրս եկավ համերգասրահից և Ֆրանսիայի հրապարակում միանալով Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը մասնակցող հազարավոր հայաստանցիներին՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագեց Ֆրանսայի Հանրապետության հիմնը՝ «Մարսելյեզը»։
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162280&l=am/