Սահմանադրության 37-րդ հոդվածի առաջին տարբերակներում վտանգ կար, ինչը չեզոքացվել է. Բաբուխանյան
Արխիվ 12-16
Սահմանադրության 37-րդ հոդվածի առաջին տարբերակներում վտանգ կար, ինչը չեզոքացվել է. Բաբուխանյան
Henaran.am-ը դիմել է ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պարզելու եւ փարատելու այն ընթերցողների մտահոգությունը, թե Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը չփոփոխվեն, քրիստոնյա հանրույթի համար դժվար կլինի <կողմ> քվեարկել մայր օրենքին, ըստ որի վտանգվում է հայկական ավանդական ընտանիքի մոդելը, այն հակասում է Աստծո խոսքին. երեխայի շահը առաջնային է համարվում, մինչդեռ քրիստոնեական արժեհամակարգը սահմանում է հակառակը՝ ծնողների դաստիարակության իրավունքը և պատասխանատվությունը երեխաների նկատմամբ: Սակայն պատգամավորի պնդմամբ՝ քրիստոնյաները մտահոգվելու պատճառ չունեն. <Այդ կետերը քննարկումների ընթացքում վերանայվել են և ենթարկվել փոփոխությունների>:
Նա տեղեկացրել է, որ Սահմանադրության առաջին տարբերակներում այդ կետը իրենց մտահոգել է, որի վերաբերյալ անձամբ Բաբուխանյանը Ազգային Ժողովի ամբիոնից ներկայացրել է իր անհանգստությունը:
<Մեր կուսակցությունը նամակով դիմել է հանձնաժողովին, և մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո հոդվածը ենթարկվել է փոփոխության. Շատ լավ է, որ հետևում են Սահմանադրական բարեփոխումներին: Սահմանադրական այդ կետը փոփոխելու ցանկություն ենք ունեցել, քանի որ կուսակցությունը, մեր խմբակցությունը Ազգային Ժողովում ազգային գաղափարախոսության, արժեհամակարգի, քրիստոնեական բարոյականության կողմնակից է>,- henaran.am-ի հետ զրույցում ասել է ՍԻՄ նախագահը:
Բաբուխանյանը համոզված է՝ մտահոգվելու կարիք չկա, սահմանադրական փոփոխված փաթեթը զերծ է վերոնշյալ վտանգներից.
<Վստահեցնում եմ ձեր ընթերցողին, որ մենք իր հետ միասին միակարծիք ենք և պետք է հետևենք հայ ազգային արժեհամակարգին և քրիստոնեական պահանջներին: Մյուս կողմից պետք է վստահեցնենք, որ այդ կետում որևէ նման վտանգ չկա: Ավելին ասեմ՝ վերոնշյալ կետը սահմանում է երեխաների իրավունքները, և մանրամասնությունները պետք է տրվեն օրենքներով, որտեղ մենք էլ ավելի մանրամասն կբացենք այդ դրույթները, որոնք համապատասխանում են մեր ազգային արժեհամակարգին>:
Բաբուխանյանը հավելեց՝ Սահմանադրության ամբողջ կոնցեպցիայի հիմքում ընկած է ազգային պատկերացումների ձևավորման, ընտանիքի, երեխաների ծնողների փոխհարաբերությունների ամրապնդման գաղափարը:
https://iravunk.com/sim/?p=162261&l=am/