Ն.Երանոսյան. «Խաղալով գույների հետ, օգտագործելով արդուզարդ` չկորցնել տղամարդու առնական կերպարը»
Արխիվ 12-16
Ն. Երանոսյան. «ԽԱՂԱԼՈՎ ԳՈՒՅՆԵՐԻ ՀԵՏ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԱՐԴՈՒԶԱՐԴ` ՉԿՈՐՑՆԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՌՆԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ»
Օրերս Հայաստանի նկարիչների միությունում «Մի կտոր կրակ» խորագրով մեկնարկեց Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքը: Ուսանողության միջազգային տոնին` նոյեմբերի 17-ին ընդառաջ, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորում բաժնի ուսանողներից լավագույնները հանրության դատին հանձնեցին իրենց հավաքածուները: Նրանց թվում էր նաեւ մոդելավորող ՆԱԻՐԱ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ, ում նորաձեւության ոլորտին քաջածանոթ մարդիկ վաղուց են ճանաչում իր «փայտե թիթեռնիկների» շնորհիվ: Հենց նրա հետ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը, որը ներկայացնում ենք ստորեւ:
- Նաիրա, նախ անդրադառնանք ցուցադրված հավաքածուի ստեղծման նախապատմությանը…
- Հավաքածուն արվել է 2014թ-ի մայիս ամսին` ավարտական դիպլոմային պաշպանության համար: Ոգեշնչվել էի ինտերիերից : Հավաքածուն ամբողջացնում են »փայտե թիթեռնիկ« փողկապները: Հագուստի մեջ ինձ համար շատ կարեւոր էր հատկապես գունային համադրությունը:
- Մոդելավորող Նաիրա Երանոսյանը կրկին հանդես եկավ տղամարդկանց համար նախատեսված «Փայտե թիթեռնիկներ» հավաքածուով: Ինչո՞վ է պայմանավորված` ավելի հե՞շտ է տղաների հագուստով զբաղվելը, թե՞ ճիշտ հակառակը` սիրում եք դժվարություններ հաղթահարել:
- Այստեղ խնդիրը դժվարի ու հեշտի մեջ չէ: Հաճախ եմ կրկնում ինձ համար արդեն կարգախոս դարձած արտահայտությունը` «նորաձեւության մեջ ավելի հետաքրքիր է, երբ տղամարդու արտաքին տեսքով զբաղվում է կինը եւ հակառակը»: Արդեն իսկ այս մասնագիտությունը մեզ կանգնեցնում է մի շարք դժվարությունների առաջ, որոնք հաղթահարելով` կամաց-կամաց առաջ ենք գնում ու շարունակում ստեղծագործել` ավելի շատ փորձ ու հմտություն ձեռք բերած:
- Ցուցադրության ժամանակ նկատեցինք, որ հիմնականում պրոֆեսիոնալ մոդելների հետ եք աշխատել, ովքեր նոր չեն ասպարեզում: Արդյո՞ք այն կարծիքին եք, որ հանդիսատեսի կողմից հավաքածուն կգնահատվի միայն պրոֆեսիոնալ մոդելների մատուցմամբ:
- Ցուցադրությունների ժամանակ շատ կարեւոր է հագուստի ճիշտ մատուցումը եւ մոդելի ոչ պրոֆոսիոնալ լինելը կարող է տապալել ամբողջ աշխատանքը: Մոդելի ընտրությունը շատ կարեւոր է թե՛ կերպարային, թե՛ հանդիսատեսին ճիշտ ասելիքը տեղ հասցնելու առումով:
- Երեւի թե, կհամաձայնեք, որ մեր օրերում դիզայներները փորձում են ստեղծել տղամարդկանց ավելի կանացի կերպար, մինչդեռ Ձեր հավաքածուն տարբերվեց` այն ներկայացնում էր ժամանակակից, բայց առնական տղամարդու կերպար: Սա հատո՞ւկ էր արված, թե՞ այդպես ստացվել էր:
-Այո՛, հատուկ էր արված, հավաքածուն ստեղծելուց առաջ խնդիր էի դրել խաղալով գույների հետ, օգտագործելով արդուզարդ` միեւնույն ժամանակ, չկորցնել տղամարդու առնական կերպարը:
- Որքա՞ն ժամանակ էիք աշխատել ցուցադրության վրա եւ սա որերո՞րդն էր Ձեր աշխատանքի մեջ:
- Ցուցադրության համար պատրաստվել ենք մոտ մեկ ամիս, այս հավաքածուն ցուցադրվեց երկրորդ անգամ, իսկ հավաքածուի մաս կազմող «փայտե թիթեռնիկ» փողկապները մեկ տարի շարունակ ցուցադրվել են տարբեր փառատոնների, ինչպես նաեւ 2015թ-ի ապրիլ ամսին ցուցադրվեցին Ֆրանսիայի Մարսել քաղաքի MAD ցուցասրահում «Fete Foreign» ցուցահանդեսի ժամանակ:
- Ի դեպ, Մարսելի մասին, գիտենք, որ վերջերս արտասահմանում եք եղել ու ուսումնասիրել տեղի նորաձեւության նրբությունները: Ձեռք բերած գիտելիքները որեւէ ազդեցություն ունեցա՞ն Ձեր այս ցուցադրության վրա:
- Մի քանի ամիս սովորելով Մարսել քաղաքի Դիզայնի եւ Արվեստի բարձրագույն դպրոցում`հասցրեցի միայն վերցնել տպավորություններ ժամանակակից արվեստի տարբեր դրսեւորումներից ` թե՛քանդակագործության, թե՛ լուսանկարչության եւ նորաձեւության մեզ: Ստացած տպավորություններով ու գիտելիքներով կկիսվեմ առաջիկայում արվող ստեղծագործություններում:
- Էլ ի՞նչ նորությունների սպասենք Ձեզնից առաջիկայում` նորաձեւության ոլորտում:
- Մի քանի ամսից ավարտում եմ մագիստրատուրան եւ այժմ աշխատում եմ թեզի շուրջ, շուտով կսկսեմ նաեւ նոր հավաքածուի ստեղծման աշխատանքները:
- Ավարտելով ուսումը` ինչպե՞ս եք տեսնում Ձեր ապագան այս ոլորտում, երբ անընդհատ խոսվում է այն մասին, որ նորաձեւության զարգացման համար Հայաստանում պայմաններ չկան:
- Եվրոպայում մոտ կես տարի ապրելով, հեռվից նայելով մեր խնդիրներին ու չունեցած պայմաններին` հասկացա, որ ոչ թե պետք է սպասել, այլ պետք է նպաստել պայմաններ ստեղծվելուն: Իսկ դա մենք կարող ենք անել: Ամեն ինչ այդքան էլ դժվար չէ, ինչպես մենք ենք պատկերացնում:Կարեւորը տեղից շարժվելն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162259&l=am/