ՌՈՒՍ ՋԱԶՄԵՆԸ ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃԻՑ ԶԱՐՄԱՑԱԾ` ԱՆԵԿԴՈՏ ՀԻՇԵՑ
Արխիվ 12-16
ՌՈՒՍ ՋԱԶՄԵՆԸ ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃԻՑ ԶԱՐՄԱՑԱԾ` ԱՆԵԿԴՈՏ ՀԻՇԵՑ

«ՈՒՂՂԱԿԻ ՀԱՃԵԼԻ ՉԷՐ ՄԻԱՅՆԱԿ ՆՍՏԵԼ ԴԱՀԼԻՃՈՒՄ»
Հյուրերը հին ու նոր ջազային կատարումներով գեղեցիկ երեկո պարգեւեցին հայ հանդիսատեսին, որոնց համար նախատեսված էր նաեւ պրեմիերա: Համերգի հատուկ հյուրերն էին` Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնուցը եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, նրանց համատեղ կատարումով էլ եզրափակվեց հանդիպումը: Համերգի հենց սկզբում Վ. Էյլենկրիգը զարմացավ, որ դահլիճը կիսադատարկ է, նույնիսկ անեկդոտ հիշեց. «Մի մարդ գնում է ներկայացում նայելու, առաջին գործողությունից հետո դուրս է գալիս դահլիճից: Երբ նրան հարցնում են, թե ինչու դուրս եկավ, արդյո՞ք չհավանեց ներկայացումը, վերջինս պատասխանում է, որ ներկայացումը շատ լավն էր, ուղղակի հաճելի չէր միայնակ նստել դահլիճում»: Համերգի վերջում ջազմենը շնորհակալություն հայտնեց ներկաներին` մինչեւ վերջ համերգին մնալու համար: «Իրավունքի» հետ զրույցում Վադիմ Էյլենկրիգը փաստեց, որ դահլիճի կիսադատարկությունը չի խանգարել ամբողջովին արտահայտել իրենց հույզերը.
«ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԽԱԲԵԼ»
-Ինձ համար շատ վիրավորական էր, որ դահլիճում քիչ մարդիկ կային, չգիտեմ, թե սա ինչի հետ էր կապված: Բայց այն մարդիկ, ովքեր ներկա էին, մեր հավատարիմ հանդիստեսն էին: Նրանք ունեին դեմքի յուրահատուկ արտահայտություն, ունակ էին զգալու եւ հասկանալու մեր երաժշտությունը, այդ ամենը հասկացա նրանց արձագանքներից: Ամենգլխավորն ու կարեւորը որ ունենք` մեր հանդիսատեսն է, իսկ մնացածը երկրորդական է: Այնպիսի մշակութային քաղաք, ինչպիսին Երեւանն է, որը ջազի սիրահար է, տեսել ու լսել է ամենաարժեքավորը: Հայ հանդիսատեսին չես կարող խաբել, ինձ համար հաճելի էր ու շատ կարեւոր, որ կարողացա համերգի ընթացքում ջերմ կապ հաստատել հայ հանդիսատեսի հետ: Այսօր կարծես թե ծնվեց մի մեծ հրաշք, որը միավորեց ինձ ու այստեղ գտնվողներին: Նույնիսկ քիչ, բայց մեր հավատարիմ հանդիսատեսից ստացանք մեծ էներգիա: Երբ երաժիշտը սկսում է նվագել եւ մտածել, որ դահլիճը հանդիսատեսով լեցուն չէ, ապա ոչինչ չի ստացվի: Բեմ բարձրանալուց պետք է լցվես էներգիայով եւ այն փոխանցես հանդիսատեսին, որպեսզի նույնն ստանաս: Երբ բեմ բարձրանամ եւ վերցնեմ շեփորը, հնարավոր է, որ դահլիճում միայն մեկ մարդ լինի, բայց երբ նա ինձ լսի ու հասկանա, ուրեմն ամեն ինչ կորած չէ:
«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԿՐԿԻՆ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ»
-Կարեւորում եմ, երբ հանդիսատեսը լսում է եւ հասկանում: Երաժշտությունը միայն նոտա չէ, որ բարձրանաս բեմ ու նվագես: Երաժշտությունն այն է, երբ նվագում ես, եւ այն տարածվում է օդում, որի հնչյուններից էլ ծնվում են հրաշքներ: Պատրաստ եմ կրկին ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար, սպասում եմ եւ հավատում, որ մեզ կհրավիրեն եւս մեկ անգամ` հանդես գալ Երեւանում: Հիացած եմ հայ ջազմենների կատարումներով, բախտ եմ ունեցել հանդես գալ Լեւոն Մալխասյանի եւ Ջիվան Գասպարյան կրտսերի հետ: Իսկ Վահագն Հայրապետյանի եւ Արմեն Հյուսնուցի հետ առաջին անգամ էի նույն բեմում: Հուսով եմ` հետագայում կհամագործակցենք:
«ԻՆՁ ԴՈՒՐ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՏԿԱՊԵՍ ԿԱՐՄԻՐ ՏՈՒՖՈՎ ՇԵՆՔԵՐԸ»
-Առաջին անգամ եմ Երեւանում, ճիշտ է, դեռեւս շատ վայրերում չեմ եղել, բայց այն, ինչ տեսել եմ, ինձ դուր է եկել, հատկապես` կարմիր տուֆով շենքերը, որոնք շատ գեղեցիկ են: Այստեղ ինձ համեղ կերակուրներ են հյուրասիրել, ինչն ինձ համար կարեւոր է: Հայերին նույնպես հավանեցի, նրանք բոլորը ժպտերես են ու շատ խելացի: Անհամբեր սպասում եմ, որպեսզի վաղը կարողանամ հանգիստ զբոսնել Երեւանում, շփվել մարդկանց հետ եւ խմել հայկական գինին:
Զրույցը` ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
https://iravunk.com/sim/?p=162250&l=am/