ՈՐԴԻՍ ՄՌԱՅԼ Է, ԱՄՓՈՓՎԱԾ...
Արխիվ 12-16
ՈՐԴԻՍ ՄՌԱՅԼ Է, ԱՄՓՈՓՎԱԾ...
- Ի՞նչ է աշնանային դեպրեսիա ասվածը: Որդիս մռայլ է, ամփոփված... Կարելի է արդյո՞ք հակադեպրեսանտներ ընդունել: Հոգեբանի դիմել չի ցանկանում` հրաժարվում է:
Հարցին պատասխանել է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.
-Աշնանային դեպրեսիային բնութագրական են ճնշվածությունը, ընկճվածությունը, նյարդայնությունը, հոգեկան եւ ֆիզիկական ակտիվության իջեցումը, քնի եւ ախորժակի փոփոխությունները, աշխատելու, նաեւ հարազատների եւ ընկերների հետ շփվելու ցանկության բացակայությունը:
Աշնանային դեպրեսիայի առաջացման հիմնական պատճառն այն է, որ ցերեկը կարճանում է, արեւի լույսը եւ նրա ինտենսիվությունը պակասում են, ինչն էլ հաճախ դրսեւորվում է անկումային տրամադրությամբ եւ քնկոտությամբ:
Այլ պատճառներ էլ կան` արձակուրդից անցում նոր ուսումնական տարվան, նաեւ այն, որ աշունը ընկալվում է որպես տարեվերջ, եւ մարդիկ հակված են լինում ամփոփել ամբողջ տարվա արդյունքները, որը միշտ չէ, որ համապատասխանում է սպասումներին: Արդյունքում, նկատվում են անկայունություն, նյարդայնություն, վատատեսական մտքեր, գերակշռում է թախծոտ տրամադրությունը:
Ընդհանրապես, դեղորայք պետք է օգտագործել միայն բժշկի ցուցումով, հետեւաբար, հակադեպրեսանտներ ընդունելու անհրաժեշտության մասին կարող է նշել միմիայն բժիշկը` համապատասխան խորհրդատվությունից հետո:
Նման դեպքերում կարեւոր են եւ օգտակար կլինեն` ամենօրյա զբոսանքները, սննդակարգին հետեւելը (մրգեր, բանջարեղեն), սոցիալական ակտիվությունը (հանդիպումներ ընկերների, հարազատների հետ), վառ գույների օգտագործումը (օրինակ` հագուստի մեջ):
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162248&l=am/