«ԼԵՎՈՆԻ ՄԱՀԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»
Արխիվ 12-16
«ԼԵՎՈՆԻ ՄԱՀԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»
Նոյեմբերի 11-ին ,Աստորիաե հյուրանոցի լողասենյակում հայտնաբերվել է թատերագետ Լեւոն Մութաֆյանի դին: Դեպքից ժամեր անց շրջանառվեց թատերագետի սպանության վարկածը, սակայն ավելի ուշ դատաբժշկական եզրակացության արդյունքներով պարզվեց, որ վերջինիս մահվան պատճառը ինֆարկտն է:
Թեեւ հայտնի թատերագետի մահվան պատճառը՝ ինֆարկտը, սպանության թեման երկրորդ պլան է մղում, սակայն հարցեր` այս պատմության հետ կապված, դեռ շարունակում են լսվել: Նախ այն առումով, որ Լ. Մութաֆյանի մտերիմներից մեկը կասկածի տակ էր առել ինֆարկտի հավանականությունը՝ պնդելով, որ նա իրեն ամենեւին էլ վատ չի զգացել: Դուստրը՝ Անահիտն էլ տեղեկացրել էր, թե հայրը «սրտից, ճնշման տատանումից բողոքում էր, դեղ չէր օգտագործում, բժշկի դիմելուց էլ հրաժարվում էր...»: Եվ դա էլ չի նշանակում, որ թատերագետն առողջական նկատելի լուրջ խնդիրներ չի ունեցել: Չնայած՝ ինֆարկտը կարող է վրա հասնել նույնիսկ երբեւէ սրտից չբողոքածներին անգամ, այնպես որ, լավ կամ տանելի առողջական վիճակի մասին այդ խոսակցությունները այս պատմության մեջ քիչ կշիռ ունեն:
Բայց կա տարածված հարցերի մեկ այլ խումբ եւս՝ ինչո՞ւ էր Մութաֆյանը գնացել այդ հյուրանոցը, իրականում մենա՞կ էր եղել: Առավել եւս, որ նախօրեին տարածվեց լրատվություն, թե հյուրանոցի աշխատակիցներից մեկը տեղեկացրել է, որ սա ամենեւին էլ թատերագետի առաջին այցը չէր այս հաստատություն: Ուրեմն՝ հաճախակի՞ էր նա լինում այդտեղ. հարցի հետ կապված մեզ հյուրանոցի ադմինիստրացիայից ասացին. «Չի կարելի ասել, որ հաճախ էր գալիս, բայց ասում են ամիսը` մեկ-երկու անգամ գալիս էր, չգիտեմ: Իսկ դեպքի օրը եկել էր ընդամենը լողանալու` ոչ թե գիշերելու»:
Երկրորդը. մենա՞կ է եղել, թե՞ իրականությանը համապատասխանում է տարածված այն լուրը, որ թատերագետը հյուրանոց է գնացել ինչ-որ երիտասարդի հետ, ով էլ, ըստ նույն խոսակցությունների, ահազանգել է նրա մահվան մասին հյուրանոցի աշխատակիցներին, ինչից հետո հեռացել է: Սակայն հյուրանոցի տնօրեն Երվանդ Խանավդալյանը հերքեց այդ վարկածը.
- Մութաֆյանը միայնակ էր եկել հյուրանոց՝ լողանալու նպատակով: Ապա լոգասենյակում սրտի ինֆարկտ է ստացել: Նա մենակ էր եկել, ուրիշ անգամներ անձամբ ես նրան հյուրանոցում չեմ տեսել, չգիտեմ: Խնդրեց, որ լողանա մեզ մոտ: Ասաց՝ Վրաստանից է եկել, ինչ-որ արարողության է մասնակցել, հոգնած է: ¥Իսկ Անահիտ Մութաֆյանն այսպես է պատմել. «Վերջին շրջանում Կապան, ապա՝ Վրաստան գնաց, հետ եկավ, եղանակային պայմանների տատանումներից վիճակը սրվեց»: Իսկ դա նշանակում է, որ այդ օրը չէ, որ Վրաստանից ետ է եկել- հեղ.¤:
- Բայց Ձեր աշխատակիցները պնդում են, որ նա առաջին անգամը չէ, որ այցելում է Ձեր հյուրանոց:
- Ամեն դեպքում, ես չեմ տեսել: Չգիտեմ էլ, թե ինչու իր տանը չի լողացել, այլ այստեղ է եկել: Ես նրան շատ եմ տեսել փողոցում, հեռուստատեսությամբ: Նրան ճանաչելով ենք տվել սենյակը, այսինքն` նա սենյակ չի պատվիրել, ուզում էր լողանալ, մենք էլ ընդառաջել ենք, ընդամենը այդքանը:
«ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՄՏՆԵԼ ՈՒ ԱՍԵԼ, ՈՐ ԵԿԵԼ ԵՄ ԼՈԳԱՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ` ԱԲՍՈՒՐԴ Է»
«Չգիտեմ էլ, թե ինչու իր տանը չի լողացել, այլ այստեղ է եկել»: Հյուրանոցի տնօրենի այս խոսքը, թերեւս, պատմության ամենաառեղծվածային կողմն է: Այն առումով, որ Լ. Մութաֆյանը բնակվում էր տվյալ հյուրանոցից հազիվ մի քանի հարյուր մետր հեռու: Այսինքն՝ ինչպես հասկանալ, որ մարդը «Վրաստանից է եկել... հոգնած» եւ տուն գնալու, այնտեղ լողանալ-հանգստանալու փոխարեն, չգիտես ինչու, որոշել է մտնել ոչ թե նույնիսկ ինչ-որ սաունա ¥այդ հատվածում շատ կան¤, այլ... հյուրանոց: Այս նյուանսը զարմանալի եւ տարօրինակ է համարում նաեւ Լ. Մութաֆյանի ընկերը` դրամատուրգ Սամվել Խալաթյանը, ով մեզ հետ զրույցում նկատեց նաեւ.
- Նախ` ինձ համար տարօրինակ է նաեւ նրա մահվան պատճառը` ինֆարկտ: Երբեւէ չեմ լսել, որ նա սրտից բողոքած լիներ: Ընդհակառակը` ինքը շատ առողջ, կյանքով, եռանդով լեցուն մարդ էր: Նույնիսկ հոգնածության մասին երբեք չի խոսել, եւ էդ առումով միշտ նրան ասում էի. «Լեւոն, այդքան էներգիա քեզ որտեղի՞ց, անընդհատ վազվզոցի մեջ ես»: Դրա համար էլ չափազանց տարօրինակ է ինձ համար իր մահը: Ով ինչ ուզում է ասի, բայց որ Լեւոնի մահը բավականին խորհրդավորությունն է պարունակում, դա անզեն աչքով էլ է երեւում:
- Ի՞նչ նկատի ունեք:
- Նախ՝ նորմալ մարդը ¥իսկ Լեւոնը նորմալ մարդ էր¤ չի մտնում հյուրանոց եւ խնդրում, թե թույլ տվեք լոգանք ընդունեմ ու դուրս գամ: Հետո զարմացա` մի՞թե այդպիսի հյուրանոցներ կան, որտեղ կարելի է գնալ ցնցուղ ընդունել եւ դուրս գալ: Խորհրդավոր է նաեւ, որ իր տունն ընդամենը երեք հարյուր մետրի վրա է գտնվում, եւ եթե անգամ նրան խիստ անհրաժեշտ էր լոգարանից օգտվել, կգնար, տանը լոգանք կընդուներ... Չգիտեմ, վերջին շրջանում անգամ սպառնալիքներ էլ չեն հնչել իր հասցեին: Չգիտեմ ինչ է եղել, բայց հյուրանոց մտնելու իր պատրվակը ինձ խիստ կասկածելի է թվում:
- Ասում են` նա մենակ չի եղել հյուրանոցում, այդ մասին որեւէ բան գիտե՞ք:
- Ասում են, գրում են, որ նա մենակ չի եղել, բայց չգիտեմ: Էլի եմ ասում՝ Լեւոնի մահվան մեջ առեղծվածային մի բան կա, որը, հուսով եմ, կբացահայտվի: Ամեն դեպքում՝ ես անձամբ հակված եմ մտածել, որ, այնուամենայնիվ, Լեւոնը որեւէ մեկին տեսակցության էր եկել այդ հյուրանոց: Որովհետեւ հենց այնպես մտնել ու ասել, որ եկել եմ լոգանք ընդունելու` աբսուրդ է:
Եվ վերջապես, ասենք, իրոք այս անգամ հյուրանոց էր գնացել լողանալու համար: Բայց ինչո՞ւ էր «ամիսը` մեկ-երկու անգամ» գնում այդ հաստատություն: Քննչական կոմիտեից փորձեցինք հետաքրքրվել՝ արդյոք քննությունը ուշադրություն դարձրե՞լ այն բանի վրա, որ Լ. Մութաֆյանը, ինչպես որ հյուրանոցի աշխատակիցներն են պնդում, առաջին անգամ չէ, որ հայտնվել է այդ հյուրանոցում: Ստուգվե՞լ են արդյոք հյուրանոցում գտնվող տեսախցիկները: Ի պատասխան՝ կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը միայն ասաց. «Կատարվում է բազմակողմանի քննություն՝ պարզելու մահվան հանգամանքները: Այլ բան այս պահին ավելացնել չեմ կարող»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162247&l=am/