Զարմացած
Արխիվ 12-16
Ինչպես հայտնի է, «Նոր Հայաստանի» ինքնահռչակ «փրկիչները» հավակնում են դեկտեմբերին ոտքի հանել տասնյակ հազարավոր մարդկանց եւ տապալել «ռեժիմը»: Իսկ թե իրենց հավակնությունների իսկական գինն ինչքան է, զարմանալիորեն երեւում է նրանց ուղեւորությունից Արմավիրի մարզ` ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ գլխավորությամբ: Հենց Փոստանջյանի վկայությամբ. «Միայն Քարակերտում հնարավոր եղավ խոսել հասարակության հետ: Արմավիրում երթի ընթացքում միայն մարդիկ մոտեցան մեզ»: Իսկ Էջմիածնում Զարուհի Փոստանջյանին լսելու եկել էին ընդամենը 15 հոգի: Դե ինչ, դա զարմանալիորեն ցույց է տալիս, որ մարդիկ վաղուց եւ հիմնավորապես հոգնել են բոլոր տեսակի փրկիչներից:
Իսկ քաղաքացիական ակտիվիստ ՎԱՂԻՆԱԿ ՇՈՒՇԱՆՅԱՆԸ աչքի է ընկել փողոցային բառապաշարով` զարմանալիորեն գրելով հետեւյալը. «20 օրով մեկնում եմ Հայաստանի հարավային շրջաններ, որտեղ ուժերիս ներածին չափով կփորձեմ խոսել ժողովրդի հետ սահմանադրական բարեԿՈԽման բացասական կողմերի մասին: Կփորձեմ բոլորի հետ խոսել հանրամատչելի լեզվով ու բառերով...»: Այսինքն` ինչ, մտադիր է ժողովրդի հետ հաղորդակցվել փողոցայի՞ն բառապաշարով: Ու այդքանից հետո էլ դեռ, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները բողոքում են, որ որոշ հեռուստաալիքներում ունեցել են զրո հիշատակում եւ զրո եթերաժամանակ` հանրաքվեի քարոզչության շրջանակներում: Լավ, եթեր եք ուզում` որ ի՞նչ անեք, որ քուչի պպզողի բառապաշարը լցնեք հեռուստադիտողի ականջները: Կրիմինալ սերիալների զզվելի բառապաշարը քիչ էր, հիմա էլ դո՞ւք ավելանաք:
Ինչպես հայտնի է, ՌԴ դեսպանատունը հերքել է այն տխմար քաղաքական միֆը, իբր Սերգեյ Լավրովը եկել էր Հայաստան, որպեսզի Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հարց քննարկեր: Սակայն ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ Ստյոպիկ Սաֆարյան չէր լինի, եթե անձամբ չմասնակցեր այդ միֆի տարածմանը. «Իրականում, 2008 թվականից Ռուսաստանն Ադրբեջանին իր ուղեծիր վերադարձնելու խնդիր է դրել: 2008-ից բանաձեւը նույնն է, եթե Ռուսաստանը ուզում է ձեռք բերել ամբողջ գազը, ապա Բաքվին պետք է տա Ղարաբաղը, եթե Ռուսաստանն ուզում է ռազմաբազաներ ունենալ Ադրբեջանում, ուրեմն դրա դիմաց պետք է տա Ղարաբաղը: Եթե Ռուսաստանը ուզում է, որ Ադրբեջանը մտնի ԵՏՄ, ուրեմն դրա դիմաց էլ պիտի տա Ղարաբաղը»: Զարանալի է, թե ինչպես նույնիսկ շպիոն Օնիկ լինելով` մարդիկ կարող են զբաղվել այդ զազրելի մուտիլովկան տարածելով: Բայց միաժամանակ Ստյոպիկը նահանջի ճանաապարհ էլ է իր համար ապահովել. «Սա միանշանակ պետք է հասկանալ: Դրա համար Ռուսաստանն ուղղակի ժամանակի վրա է խաղում: Այդպես, անանուն աղբյուրների հիման վրա ռուսական մամուլում արտահոսքեր են տալիս, թե ինքն Ադրբեջանի առջեւ ստանձնած խոստումները կատարելու համար շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել»:
Բայց մի կողմ թողնենք 5-րդ շարասյուներին, շպիոնօնիկներին ու այլ բացասական կերպարներին: Եվ անդրադառնանք, թեեւ զարմանալի, բայց պոզիտիվ լուրերի: Այսպես, տարածվել է հետեւյալ հաղորդագրությունը. «Մայոր Սարգիս Ստեփանյանը 32 կիլոգրամանոց կշռաքարը բարձրացրել է 5 անգամ` սահմանելով ռեկորդ, որը կարձանագրվի «Հայոց դյուցազնագրքում», եւ հայտ կներկայացվի` Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար»: Եվ խոսքը մի ապշեցուցիչ ռեկորդի մասին է, քանզի մեկ տարի առաջ մայոր ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ դիվերսիոն գործողությունը հետ մղելիս` զոհված ծառայակցի մարմինը ականապատված տարածքից հանելու ժամանակ պայթել էր ականի վրա` կորցնելով երկու ոտքը ու մի ձեռքը: Սակայն մեկ տարվա ընթացքում այդ անկոտրուն զինվորականը սովորեց քայլել պրոթեզների վրա ու նաեւ բավականին ծանր մարզաձեւերուվ է փորձում զբաղվել: «Չեմ հանձնվելու,- ասում էր Սարգիսը,- կարելի է ապրել առանց ոտքերի: Մեկ ձեռքով այնքան բան կարելի է անել: Լեռնագնացությունը չեմ թողնելու, թռչելու եմ պարաշյուտով…»: Դե ինչ, այդպիսի մարդկանց ներկայությունը շատ ցցուն կերպով է ցույց տալիս, թե ինչքան անարժեք են տարատեսակ շահադիտական կրքերը:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ