ԱՄՆ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՆՈՐ ԲԱՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄՈԳՈՆԵԼ
Արխիվ 12-16
ԱՄՆ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՆՈՐ ԲԱՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄՈԳՈՆԵԼ
Վերջին ժամանակներս քանիցս առիթ ենք ունեցել անդրադառնալ այն հանգամանքին, որ ռուս-ամերիկյան գլոբալ հակամարտությունն այս փուլում հարավկովկասյան տարածաշրջանում կիզակետվելու ակտիվ հակում է ցուցաբերում: Հիմնական սրացումները, թերեւս, կընթանան Վրաստանի շուրջ, սակայն մեզ համար առաջնայինն այն է, որ Հայաստանի ներքաղաքական ֆոնի եւ Ղարաբաղի շուրջ լարվածության նոր ալիքի վտանգը եւս կա:
ՄԵԼՍԸ ԳՐՈՀՈՒՄ Է
Վերջին օրերին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ակնհայտորեն գերակտիվացրել է իր գործունեությունը, ինչը, թերեւս, արդեն իսկ ակնարկում է ասվածի մասին: Համենայնդեպս՝ դեսպանն իր մի քանի առանցքային ելույթներով ցույց տվեց, որ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցության, անդամակցությունից հետո մեր երկրում որոշակիորեն անորոշության փուլ մտած եւ միայն «քաղաքացիական հասարակությունների» եւ տարաբնույթ փոքրամասնությունների հարցերով թիչ թե շատ ակտիվություն պահպանող ամերիկյան դիվանագիտությունը ավելի գլոբալ քաղաքականություն է սկսում: Տեսեք՝ պարոն Միլսը, որ արդեն 9 ամիս է` Հայաստանում է, միայն հիմա սկսեց խոսել, թե որն է լինելու մեր երկրում իր գործունեության առաջնահերթությունները: «Իմ առաջին գերակայությունը գործարար ու առեւտրային հարաբերությունների խորացումն է մեր երկու երկրների միջեւ»: Ու պարոն Միլսը դա համեմում է մեկը մյուսից գեղեցիկ խոստումներով, թե՝ ամերիկյան ներդրումները կմեծացնենք, կօգնենք, որ հայ-ամերիկյան առեւտուրը ծաղկի, եւ այդպես շարունակ: Մի խոսքով՝ իսկական երկնային մանանա: Երկրորդ խոստումն էլ պակաս հրաշալիք չէ՝ «կոռուպցիայի դեմ պայքարը»: Ճիշտ է՝ դա ավելի հիշեցնում է մեր երկրի ներքին գործերի մեջ քիթը խոթել, բայց դե կոռուպցիան այնքան է հայաստանյան շարքային քաղաքացիներին զզվեցրել, որ էլի ընդունենք, թե պարոն Միլսը մեզ շատ լավ բան է խոստանում:
Միայն թե նույն ճոխ խոստումները ԱՄՆ-ը տվել էր նաեւ Ուկրաինային, մինչդեռ նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն հրապարակավ դիմել էր ՌԴ-ին, թե մի պահանջեք Ուկրաինայի 3 միլիարդ դոլար պարտքը, թե չէ այդ երկիրը դեֆոլտում կհայտնվի: Իսկ նույն Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւը՝ խոստացված երկնային մանանայի փոխարեն, ամերիկյան «Ֆիտչի» կողմից ստացավ D վարկանիշ, որն արդեն փաստացի համարվում է դեֆոլտ:
Այս նույն երկնային մանանա՞ն է մեզ խոստանում դեսպան Միլսը... Լավ, դա էլ մի կողմ, քանի որ դեսպանն անցնում է շատ ավելի սարսափազդու տեսքով հաջորդ գերակայությանը՝ «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ուղղված մեր շարունակական ջանքերին»: Այստեղ արդեն համեմատությունները շատ ավելի են, քան միայն Ուկրաինան. սկսած Իրաքից եւ Աֆղանստանից, վերջացրած Լիբիայով եւ Սիրիայով, մի գլուխ դեմոկրատացնում են ու դեմոկրատացնում... «Իմ չորրորդ եւ վերջին գերակա ուղղությունը հետեւյալն է,- շարունակում է դեսպանը,- մենք՝ դեսպանությունն ու անձամբ ես պետք է ավելի լավ աշխատենք ԱՄՆ քաղաքականությունը հստակեցնելու ուղղությամբ: Ոչ միայն Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների ու ընդհանուր նպատակների մասով, այլ ամբողջ աշխարհի վերաբերյալ»: Եվ այն տոնայնությունից, որով խոսքը շարունակում է Միլսը, այդ «հստակեցումը» այս տեսքն է ստանում. ռուսները շատ վատն են, մենք էլ ինչ արել ու անում ենք, ճիշտ ենք:
Կարճ ասած՝ իմաստը հենց այդ վերջին միտքն էր. ռուսներից հեռու մնացեք, թե չէ ՀԿ-ներին մի գլուխ փող ենք տալու, իսկ կոռուպցիան էլ լավ հիմք է Հայաստանը «դեմոկրատացնելու» համար, եւ ամեն ինչ ասվեց առավելագույնս թափանցիկ եւ պարզ: Եվ երեկ էլ ամերիկյան դեսպանը նույն սիրալիր տոնով Ղարաբաղը եւս մեջ քաշեց, թե. «Մենք հույս ունենք, որ նախագահները ¥Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մինչեւ տարեվերջ սպասվող հանդիպումը նկատի ունի- Հեղ.¤ բաց կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների նոր առաջարկների համար եւ պատրաստակամություն կցուցաբերեն քննարկել դրանք»: Պահո, ուրեմն Մինսկի խումբը նոր առաջարկնե՞ր ունի, որի մասին քաջատեղյակ է ամերիկյան դեսպանը: Եվ եթե այդքան լավ է տեղեկացված, չի՞ նշանակում, որ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը՝ Ուորլիքը, այդ «նոր առաջարկների» մշակման հարցում մեծ դեր ունի: Բա այս պարզ ինքնախոստովանությունից հետո էլ ինչո՞ւ են մեր հայաստանյան արեւմտամետները հիստերիա սկսել, թե՝ ռուսները Ղարաբաղը ծախում են, երբ հենց ամերիկացիներն են «նոր առաջարկներով» այսպես առաջ ընկել:
ՕԴԱՅԻՆ «ՎԱՐԱԳՈՒՅՐ»՝ ՍԵՎ ԾՈՎԻՑ ՄԻՆՉԵՎ ՊԱՐՍԻՑ ԾՈՑ
Այս ամենին երբ ավելացնում ենք հայ-թուրքական հաշտեցման թեման օրակարգում պահելու` դեսպան Միլսի խոստումը, ստանում ենք հին, ստանդարտ պատկերը. Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ ամերիկյան վերահսկողություն, թե չէ՝ այդ երեքն էլ դառնում են «խորը դեմոկրատիզացիայի» թեկնածուներ:
Չնայած՝ Թուրքիայի «դեմոկրատացման» հարցը կարծես թե գոնե կարճաժամկետ օրակարգից դուրս է եկել: Էրդողա՞նն է ստվերային զիջումներ արել Օբամային, հակառա՞կը, թե Սիրիայում ռուսական ինքնաթիռների ներկայությունն է Անկարայի եւ Վաշինգտոնի շահերը նույն հունի բերել: Եվ, փոխարենը, Ռուսաստանն այս օրերին ակտիվորեն քննարկում է մասնավորապես դեպի Թուրքիա ինքնաթիռային չվերթների դադարեցման հարցը: Իսկ դա Անկարան հաստատ կգնահատի` որպես իր նկատմամբ առնվազն սառը վերաբերմունք: Գումարած դրան՝ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգեց՝ ստորագրել հայ-ռուսական միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի մեկնաբանմամբ՝ այդ համակարգը «թույլ կտա ՀՀ օդային տարածքի եւ պետության տարածքում գտնվող օբյեկտների պաշտպանության ընթացքում կիրառել ոչ միայն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ուժերը եւ ավիացիան, այլեւ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը»: Եվ դժվար չէ հասկանալ, որ խոսքը հայ-թուրքական սահմանի ամրացման մասին է, թեկուզեւ այն առումով, որ մեր մյուս հարեւանը՝ Ադրբեջանն այն տրամաչափի երկիրը չէ, որ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հսկայական ուժերն այդ ուղղությամբ թեկուզեւ մասնակիորեն գործադրելու ծրագրեր մշակվեն, չնայած որ Բաքուն եւս այդ համակարգի ստեղծումից իր հերթին մտահոգվելու լուրջ առիթ ունի:
Այսպիսով՝ մեկ պարզ փաստ նկատենք. այդ համակարգի ստեղծման ուղղությամբ աշխատանքները թեեւ նոր չեն, որ սկսվել էին, սակայն այդ գործընթացի վերջնական փուլ մտնելը մի փոքր ձգձգվեց, հաշվի առնելով նաեւ, որ եթե ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը երբեմնի թռիչքային տեմպերով այսօր էլ զարգանային, ապա նման ծանրակշիռ բաժանարար գծի կարիքը կարող էր եւ չզգացվել: Բայց երբ մասնավորապես C-300-ներից եւ C-400-ներից կազմված այդ գծի ստեղծման թեման մտնում է գործնական օրակարգ, դա եւս հուշում է, որ ռուս-թուրքական այն հարաբերությունների մասին եւս պետք է աստիճանաբար սկսել անցյալով խոսել: Եվ սրան զուգահեռ. օրերս պաշտոնապես ընթացքի մեջ մտավ նաեւ Իրանին C-300-ներ մատակարարելու ծրագիրը, եւ դրանք տեղակայված են նաեւ Աբխազիայում: Իսկ դա նշանակում է, որ սկսած ռուսական հարավային գոտուց եւ ներառյալ Իրանով, ստեղծվում է գոնե օդից անթափանց գոտի ¥Սիրիան եւս այս շղթայից չհանենք¤: Ընդ որում՝ անկախ Վրաստանի աշխարհաքաղաքական ուղղվածությունից՝ Աբխազիայից եւ Հայաստանից, այդ համակարգը վրացական երկինքն էլ է «փակում»: Առավել եւս, որ ամերիկյան մի քանի խոստումներից եւ նույնիսկ՝ Իլհամ Ալիեւի՝ Վրաստան կատարած այցից հետո, այդ երկրի փաստացի «վերահսկող» Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին դեռ պնդում է. «Իրանը, Չինաստանն ու Ռուսաստանը եւս, որպեսզի իմանանք, մեզ անպայման անհրաժեշտ են: Շատ հետաքրքիր կլինի, եթե իրանական գազը Վրաստան մուտք գործի, եւ կարծում եմ, որ ըստ ամենայնի, մուտք կգործի»: Գումարենք նաեւ գազի հարցով ռուս-վրացական ընթացող քննարկումները, եւ Վրաստանի համար պայքար ասվածը բավականին հետաքրքիր երանգ կստանա:
Այս իրավիճակում, հասկանալի է, դեսպան Միլսին այլ բան չէր էլ մնում, քան Հայաստանին ռուսներից ետ մնալու կոչ-սպառնալիքները՝ դրանք համեմելով ամերիկյան ներդրումային մանանայի մասին խոստումներով: Բայց էլի ոչ մի նոր բան չմտածելով՝ դեսպանը ստիպված է եղել ամերիկյան մոտ 20-ամյա վաղեմության ծրագրերին վերադառնալ: Մինչդեռ, եթե Վաշինգտոնն իր հզորության գագաթնակետի տարիներին չկարողացավ գոնե «Մեղրիի միջանցք» սարքել ու Թուրքիայից ծավալվել դեպի Ադրբեջան, հազիվ թե սիրիական խնդիրն ուսերին ունենալով՝ նույն բանը հիմա կարողանա անել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162233&l=am/