Արտակարգ իրավիճակ Ֆրանսիայում. Ի՞նչ են պատմում Փարիզում գտնվող մեր հայրենակիցները
Արխիվ 12-16
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ. Ի՞ՆՉ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ ՓԱՐԻԶՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է արտակարգ դրություն ողջ երկրում: Ժամեր առաջ միանգամից մի քանի ահաբեկչական պայթյուններ եւ հարձակումներ են տեղի ունեցել Փարիզի ֆրանսիական ռեստորաններից մեկում, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, որտեղ ընթանում էր Ֆրանիսա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը եւ «Բատակլան» թատրոնում… Ընդորում` բոլոր վայրերն էլ մարդաշատ են եղել: Արդեն իսկ հայտնի է, որ ահաբեկիչների արձակած կրակոցների պատճառով զոհվել է ավելի քան 60 մարդ (զոհերի թիվը ժամ առ ժամ ավելանում է), կան նաեւ առեւանգվածներ:
«Իրավունքը» այս պահին Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող մեր հայրենակիցներից փորձեց մանրամասներ պարզել տեղի ունեցածից: Հուրախություն մեզ, մեր զրուցակիցներն այս պահին անվտանգ վայրում են գտնվում, սակայն խիստ անհանգստացած ու ցնցված են:
Մեզ հաջողվեց կապ հաստատել Փարիզում բնակվող երգչուհի ԱՐԵՎԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ, ում տեղեկություններով արդեն 7 ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել` մի քանի ժամվա ընթացքում. «Սարսափելի իրավիճակ է այստեղ, անգամ պատկերացնելն է դժվար: Այնքան զոհեր կան, բայց միայն զոհերի քանակն է դեռ հայտնի: Հուսով եմ` մեր բոլոր ընկերներն ու հայրենակիցներն ապահով են»:
Ըստ մոդել ՍԱՐԳԻՍ ՀԱՆՆԻ, ով նույնպես այս պահին Ֆրանսիայի մայրաքաղաքում է, այս պահին արդեն կա 100-ից ավելի զոհեր. «Ընկերներիցս շատերն էին գնացել ֆուտբոլ նայելու ու տեղեկություն չունեմ իրենցից: Իսկ ընկերուհիներիցս մեկն այդ թատրոնում է եղել, որտեղ կատարվել է ահաբեկչությունը, նա ողջ է, քիչ առաջ նամակ ստացա նրանից: Շատ լարված եմ, սպասում եմ նորությունների…»:
Դերասանուհի ԱՐԵՎԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ նույնպես մեզ հաղորդեց, որ սարսափելի իրավիճակ է տիրում եւ ինչպես մենք, այնպես էլ իրենք տեղեկություններ փորձում են պարզել ուղիղ եթերից:
Ի դեպ, խոսեցինք նաեւ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. ՀՈՒՍԻԿ քահանա ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ով միայն նշեց. «Ողջ Փարիզը փակ է, մենք կիզակետից դուրս ենք…»:
Իսկ մեզ մնում է միանալ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ քիչ առաջ արված գրառմանն ու ասել. «Աստված օգնական Ֆրանսիայում փորձության մեջ գտնվողներին…»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162232&l=am/