«ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ Է ՈՉ ԹԵ ԻՐ, ԱՅԼ ԵԱՀԿ-Ի ՇԱՀԵՐՈՎ»
Արխիվ 12-16
«ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ Է ՈՉ ԹԵ ԻՐ, ԱՅԼ ԵԱՀԿ-Ի ՇԱՀԵՐՈՎ»
Գերմանիան 2016 թվականին նախագահելու է ԵԱՀԿ-ում ու, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով խորհրդակցելու են այդ երկրի հետ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում նշել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Վերոնշյալի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ.
– Յուրաքանչյուր տարի փոխվում է, եւ ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնում է անդամ պետություններից որեւէ մեկը: Հիմա Գերմանիայի հերթն է, եւ որպես թեժ կոնֆլիկտ` բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ԵԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում է գտնվում: Ամեն անգամ ԵԱՀԿ գործող նախագահը, որը նախագահությունը ստանձնած երկրի արտգործնախարարն է լինում, ժամանում է տարածաշրջան, նաեւ Հայաստան: Հետեւաբար, ԵԱՀԿ Մինսկի խումբը բնական է եւ շատ նորմալ, որ ինչպես ժամանակին է եղել մյուս նախագահող երկրների դեպքում, հիմա էլ պարբերաբար հանդիպի ԵԱՀԿ նապագահի հետ ու քննարկումներ ծավալի:
– Հաշվի առնելով Գերմանիայի անթաքույց պրոթուրքական կողմնորոշումը` ԵԱՀԿ-ում Գերմանիայի ստանձնած նախագահությունն ինչպե՞ս կարող է ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:
– Չէի ասի, թե Գերմանիան պրոթուրքական կողմնորոշում ունի, այլ երբեմն իր շահերն է պաշտպանում: Բայց տվյալ պարագայում Գերմանիան առաջնորդվելու է ոչ թե իր, այլ ԵԱՀԿ-ի շահերով: Իսկ ԵԱՀԿ-ի շահերն արտահայտված են Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունների մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162227&l=am/