ՌԴ-ում հայտնի հայ մոդելավորող. «Գումարի ուժով վառված աստղը կհանգչի նույնքան արագ, ինչպես վառվել է»
Արխիվ 12-16
ՌԴ-ում հայտնի հայ մոդելավորող. «ԳՈՒՄԱՐԻ ՈՒԺՈՎ ՎԱՌՎԱԾ ԱՍՏՂԸ ԿՀԱՆԳՉԻ ՆՈՒՅՆՔԱՆ ԱՐԱԳ, ԻՆՉՊԵՍ ՎԱՌՎԵԼ Է»
Ինչպես տեղեկացրել էր «Իրավունքը», նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Lookin Rooms» համալիրում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձեւության օր` «armFASHIONday» խորագրով, որի կազմակերպիչն է ՌԴ-ում բնակվող մեր հայրենակցուհին` հայտնի հաղորդավարուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ: Միջոցառման շրջանակներում մեկտեղում կհայտնվեն ռուսաստանաբնակ հայտնի հայ մոդելավորողները, որոնք բազմաթիվ հաջողություններ ունեն այս ոլորտում ու իրենց աշխատանքով հայտնի են ոչ միայն ողջ Ռուսաստանում, այլեւ աշխարհում: Մենք ուշիուշով հետեւելով առաջիկա միջոցառման մանրամասներին` հետայսու կբացահայտենք մեր տաղանդաշատ մոդելավորողներին` նորաձեւությանը հետեւող հայաստանյան հանրության համար:
Այս անգամ մեր զրուցակիցն է մոդելավորող ԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ում հավաքածուները ցուցադրվել են միջազգային բազմաթիվ փառատոններում, իսկ «Ani Manoukian» բրենդային հագուստը անգամ կրել է բրազիալական երգչուհի Գաբրիելլա դա Սիլվան:
- Անի, ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք Մոսկվա եւ սկսեցիք դիզայներական գործունեություն ծավալել:
- Դեռ դպրոցական էի, երբ տեղափոխվեցինք ընտանիքով Մոսկվա: Պատահական չէ մասնագիտությանս ընտրությունը, քանի որ մանկուց զբաղվել եմ նկարչությամբ եւ ասեղնագործությամբ: Առաջին անհատական ցուցահանդեսս ցուցադրել եմ հինգ տարեկանում: Դառնալով ուսանողուհի` ամբողջությամբ գործունեությունս տեղափոխվեց դիզայնի ասպարեզ: Մասնակցել եմ միջազգային փառատոնների, Ռուսաստանում զբաղեցրել եմ առաջին տեղը եւ բազմաթիվ այլ հաջողությունների եմ հասել:
- Խոսենք նաեւ Ձեր ունեցած հաջողությունների ու ցուցադրությունների մասին…
- 2002 թվականից մասնակցել եմ տարբեր ցուցադրումների, կազմակերպել ցուցադրումներ նաեւ «Կրեմլում»` գալա համերգների ժամանակ: Եվ 19 տարեկանից վարպետաց դասեր եմ անցկացրել «Гостиный двор»-ում` միջազգային փառատոնների շրջանակում: «Золотая линия» երիտասարդ դիզայներների առաջին միջազգային փառատոնում պարգեւատրվել եմ «Лучшее конструктивно-технологическое решение модели» անվանակարգում: Այսօր հրավերքով համագործակցում եմ հեռուստատեսության, գովազդային գործակալությունների եւ հայտնի ԶԼՄ-ների հետ, ինչպիսիք են` «GLAMOUR»-ը, «Playboy»-ը, «ProFashion»-ը, «Moda Topical»-ը, «Millioner»-ը, «Образ жизни»-ն, «Деловая Россия»-ն եւ այլն: Ի դեպ, «Деловая Россия»-ում վարում եմ նորաձեւության էջը` որպես նորաձեւության փորձագետ:
- Իսկ ե՞րբ «ծնվեց» Ձեր անվանակիցը` «Ani Manoukian» բրենդը:
- 2009 թվականին ստեղծեցի իմ բրենդը եւ Մոսկվայում բացեցի «Ani Manoukian» նորաձեւության տունը: 2010 թվականի սկզբին Մոսկվայում, այնուհետեւ ողջ Ռուսաստանի մակարդակով` նորաձեւության տունը ճանաչվեց որպես լավագույն «Start ap 2010», որի պարգեւատրման միջոցառմանը անցկացրեցի ցուցադրում, որտեղ ներկա էին 400 պատգամավոր, 45 մարզպետ եւ այլ բարձրաստիճան այրեր: Հանդես եմ եկել նաեւ «Ararat Park Hayat»-ում, որտեղ ներկա էին 40 եվրոպական երկրների ներկայացուցիչներ, իսկ Ռուսաստանը ներկայացնում էինք երեք երիտասարդ մոդելավորող, որից մեկը եւ ազգությամբ միակ հայը ես էի, ինչի համար շատ հպարտ եմ: 2013 թվականին հավաքածուս ներկայացրել եմ «Прорив года» փակ միջոցառման ժամանակ, որտեղ ներկա էին շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Иванушки International» խումբը, Նատալին, Սլավան, Քրիստինա Ասմուսը, Բյանկան, Ալյոնա Սվիրիդովան, Դիանա Գուրցկայան, Գարիկ Խարլամովը, Թեմուր Բատրուտդինովը եւ այլք:
- Ովքե՞ր են հիմնականում Ձեր բրենդի երկրպագուները:
- «Ani Manoukian» բրենդի երկրպագուները տարբեր են: Նրանք հիմնականում գործարար ասպարեզի, շոուբիզնեսի ներկայացուցիչներ են. մարդիկ, որոնց հագուստը միշտ պետք է լինի իդելական եւ նորաձեւ:
- Հայ մոդելավորողի համար Ռուսաստանում ինչպիսի՞ հնարավորություններ կան` առաջ գնալու համար:
- Կարծում եմ` մոդելավորողին հաջողության հասնելու համար, անկախ ազգությունից հարկավոր է ունենալ շնորհ եւ անսպառ աշխատասիրություն ու կապ չունի, թե որ երկրում է ծավալում իր գործունեությունը: Շատերն այս հարցին կպատասխանեն, թե մեծ ֆինանս է հարկավոր, բայց հավատացնում եմ ձեզ, հարգելիներս, գումարի ուժով վառված աստղը կհանգչի նույնքան արագ, ինչպես վառվել է:
-Եվ, իհարկե, անդրադառնանք նոյեմբերի 27-ին կայանալիք «armFASHIONday»-ին, ի՞նչ ցուցադրությամբ եք ներկայանալու հայկական նորաձեւության տոնին:
-«ArmFASHIONday»-ին ներկայանալու եմ գարուն-ամառ 2016 հավաքածույով, եւ քանի որ փակումը ես եմ անելու, հանդիսատեսին սպասվում է հաճելի անակնկալներ:
- Ընդհանրապես, ի՞նչ սպասումներ ունեք հայ մոդելավորողների այսպիսի հանդիպումից, որը, կարծես թե, նախկինում չի եղել:
- Կարծում եմ` Նաիրա Նիազյանի կազմակերպած այս միջոցառումը հիանալի հնարավորություն է սկսնակների համար, որոնք փորձ ձեռք կբերեն, իսկ հանդիսատեսը հնարավորություն կունենա գնահատելու նրանց աշխատանքը: Վստահ եմ` այս գեղեցիկ նախագիծը կդառնա ավանդական:
- Եզրափակելով մեր զրույցը` եւս մեկ հարց, հետաքրքիր է, թե ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:
- Ծրագրերը բազմաթիվ են, որոնց մասին նախընտրում եմ լռել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162225&l=am/