ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ. «ՄՏՔԻՍ ԾԱՅՐՈՎ ՉԵՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ. «ՄՏՔԻՍ ԾԱՅՐՈՎ ՉԵՄ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը չի քվեարկել, մինչդեռ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը «Իրավունք»-ի հետ զրույցում պնդեց հակառակը` կողմ եմ քվեարկել նախագծին:
Արագած Ախոյանը համաձայն չէ ընդդիմադիրների այն մտահոգություններին, որոնց համաձայն` նույնականացման քարտերով հնարավոր է լինի կրկնաքվեարկություն: «Ես ընդդիմադիր չեմ, ես կառուցողական քաղաքականության կողմնակից եմ»,- ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը:
Արագած Ախոյանից նաեւ հետաքրքրվեցինք` նա դեռ լավ հարաբերություններ ունի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ քաղաքական որոշ շրջանակներ Ախոյանին Քոչարյանի ղեկավարման տարիներին համարում էին նրա «ախոյաններից» մեկը: «Շատ հետաքրքրիր է, գիտեք: Ես Ռոբերտ Քոչարյանի հետ երբեք առանձին չեմ խոսել: Ես հարգում եմ պրն Քոչարյանին, բայց դա չի նշանակում, որ ես նրա թիմից եմ եղել»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Քոչարյանի վերջին հարցազրույցներին, որոնցով նա քննադատում է գործող իշխանությանը, Արագած Ախոյանն ասաց. «Մտքից ծայրով չեմ պատրաստվում մեկնաբանել պրն Քոչարյանի ասածները»:
Հ.Գ. Օրենսդիր մարմնի անդամին ցանկանում ենք հիշեցնել` «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին Ախոյանը, ըստ ԱԺ-ում տեղադրված քվեարկության արդյունքների, չի քվեարկել: Այնպես որ, պրն Ախոյան, ինչ-որ բան հավանաբար դուք եք շփոթում: Եվ հավանաբար այս պահին էլ ձեռնատու չէ այլեւս Ռոբերտ Քոչարյանին մտերիմ լինելը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162216&l=am/