ՏԱՐՈՍԸ ՄԵՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
Արխիվ 12-16
ՏԱՐՈՍԸ ՄԵՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
Պարզվում է, որ արեւմտյան ուղղություն որդեգրած հարեւան Վրաստանին էլ է հոգնեցրել իրենց երկրում ԱՄՆ դեսպանի քիթը մտցնելն իրենց երկրի ներքին գործերին, ինչի մասին բազմիցս նշել ենք` նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանին անդրադառնալով: Այս դեպքում իմաստուն ժողովուրդը կասեր` մի պետությունից չենք, բայց մի օրի ենք: Օրերս վրաց հանրահայտ ռեժիսոր ՌՈԲԵՐՏ ՍՏՈՒՐՈՒԱՆ բաց նամակ է հղել Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելիին ու նշել.
«Ես շատ եմ սիրում Ձեր երկիրը եւ պաշտում եմ ժողովրդավարության սկզբունքները, որոնք հենվելով ֆրանսիական լուսավորիչների վրա` ձեւավորեցին Ձեր պատրիարքները: Բայց ուզում եմ Ձեզ հարց ուղղել եւ հուսով եմ, որ Դուք կպատասխանեք (եթե իհարկե, «The House of Cards» սերիալը կատարյալ ճշմարտություն չէ). ի՞նչ եք ուզում իմ փոքրիկ երկրից: Այդ ի՞նչ գանձ եք հայտնաբերել մեր հողում` նա՞վթ, թե՞ ոսկի, որ այդպես մտածում եք վրացիների մասին: Այսօր, երբ ամեն ինչ գաղտնալսվում եւ տեսաձայնագրվում է, ամաչում ես անգամ սանհանգույց գնալ, էլ չեմ ասում կնոջը հաբուրելու մասին, որի ժամանակ ինձ խանգարում է սթրեսի հասնող վախը, որ մեզ, հավանաբար, հետեւում են տիեզերքից: Ինչո՞ւ եք Դուք պաշտպանում այդ ավազակախմբին, որոնք թալանում են Վրաստանը, ոչնչացնում են դեմոկրատիան, մինչեւ ատամները ֆինանսավորում ու կոռումպացնում են ինչ-որ չինովնիկների: Ինչո՞ւ եք նրանց զանգահարում, ինչո՞ւ եք հրահանգում ու շատ կասկածելի օգնում հիվանդին, որին իսկական ամերիկացին անգամ ձեռքը չէր մեկնի: Գուցե Դուք բացատրե՞ք, թե ինչ աղետ է մեր փոքրիկ ժողովրդի գլխին եկել, որովհետեւ Դուք մարդկանց ցանկությունները հաշվի չեք առնում եւ արգելում եք ինքնուրույն մտածել ու թելադրում մեզ, թե ինչպես վարվել»,- մասնավորապես ընդգծել է Ռ. Ստուրուան:
Կարելի է այս կամ այն շահերից ելնելով` համաձայնել կամ չհամաձայնել հանրահայտ ռեժիսորի արտահայտած մտքերի հետ, բայց չենք կարող չհամաձայնել, որ հայ հանրությունն այսօր կարոտած աչքերով հենց այսպիսի մտավորականների կարիք ունի, ովքեր առանց կաշկանդվելու, առանց ինչ-ինչ նկրտումների, հենց հասցեատերերին կուղղեն իրենց բաց կամ փակ նամակները, գնահատականներն ու ծանրակշիռ տեսակետները:
Ինչեւէ, տարոսը մեր մտավորականներին, առավելեւս, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաճախ անսքող օժանդակում է այն մարդկանց, որոնք հարուցում են հայ հանրության զզվանքը:
Հազար ողորմի վարպետին` Սոս Սարգսյանին, ով երբեք չէր խորշում իրերը կոչել իրենց իսկական անուններով ու թրի պես խոսքեր էր հղում անգամ Ադրբեջանի գրողների միության նախագահին:
Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=162205&l=am/