«ՄԵՐ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ՍԽԱԼՆ Է, ՈՐ ՉԵՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Արխիվ 12-16

«ՄԵՐ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ՍԽԱԼՆ Է, ՈՐ ՉԵՆ

ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

 

«Իրավունքն» «Ուղիղ կապ» խորագրի ներքո այս անգամ հյուրընկալել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ: Թեեւ ընթերցողների տասնյակ հարցերն ամենատարբեր մարզաձեւերի եւ համակարգային խնդիրների մասին էին, սակայն ֆուտբոլային թեման եւ հավաքականի խաղը այս անգամ էլ կենտրոնական դիրքերում էին:

 

«ԵԹԵ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԵՆ, ՄԵՆՔ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԶԱՐԳԱՑՈՂ ՖՈՒՏԲՈԼ»


– Քաղաքում ասեկոսեներ էր տարածվել, որ Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ «Եվրո 2016-ի» ընտրական փուլի երեւանյան հանդիպումը վաճառված էր, ֆուտբոլիստներն էլ կաշառված: Ինչո՞ւ, որպես սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, այս խնդիրը Ձեր անմիջական վերահսկողությունից դուրս է մնացել  (ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ք. Երեւան):

–Այս հարցին պատասխանելով` բազմիցս նշել եմ, որ յուրաքանչյուր մարզական ֆեդերացիա հասարակական կազմակերպություն է, եւ ինքն է որոշում կայացնում իր աշխատանքների վերաբերյալ: Մենք, ուղղակի, ունենք վարչություններ, որոնք համագործակցում են ֆեդերացիաների հետ եւ պետմարզիչներ, որոնք աշխատում են նրանց հետ: Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա ասեմ, որ յուրաքանչյուր տարվա վերջում նախարարությունում անցկացվում են լսումներ, որի ժամանակ ֆեդերացիաները հաշվետվություն են ներկայացնում: Եվ այնպես չէ, որ մենք տեղյակ չենք, թե որ ֆեդերացիայում ինչ է կատարվում: Վերջերս թենիսի Հայաստանի առաջնությունն անցկացվեց Գյումրիում, ինչը նաեւ այդ լսումների արդյունքն էր: Այսօր արդեն երկու մարզաձեւի` լողի եւ թենիսի Հայաստանի առաջնություններն անցկացվում են Գյումրիում, որտեղ կան համապատասխան պայմաններ: Վստահ եմ, որ այս մոտեցումը խթան է դառնալու, որպեսզի մարզերում զարգանան տվյալ մարզաձեւերը:
– Վերջին շրջանում հայկական սպորտի ամենաքննարկված թեման ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցն է: Սպորտի նախարարությունը կարո՞ղ է կամ իրավունք ունի՞ միջամտել մարզչի ընտրության հարցին (ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ք. Երեւան):
–Բնականաբար` ոչ, որովհետեւ ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է, որն ունի խորհուրդ, որին էլ վերապահված է ֆեդերացիայի նախագահի ընտրությունը: Բայց, իհարկե, նախարարության եւ օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, որպես դիտորդ, միշտ մասնակցում են այդ ընտրություններին:
– ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պե՞տք է այդ պաշտոնից հեռացնել, եւ ի՞նչ պետք է արվի, որպեսզի հայկական ֆուտբոլը զարգանա (ԱՆԴՐԵ ՄԱԿԱՐՈՎ, ք. Երեւան):
–Եթե ակումբները բնականոն կարգով աշխատեն, մենք կունենանք զարգացող ֆուտբոլ. չէ՞ որ այդ ակումբների մարզիկներն են գալիս հավաքական: Մենք հիմա դրսից ենք բերում ֆուտբոլիստներ, ինչը, իհարկե, նորմալ է. բոլոր երկրներում է այդպես: Բայց մենք նախեւառաջ պետք է մտածենք մեր երեխաների մասին` լավ երեխաներին պետք է ակումբը վճարի ու պահի: Իսկ ակումբը կարող է այդ անել:

2016Թ. ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ


– Երբեմնի մեզ համար առաջատար համարվող մարզաձեւերից մեկը ծանրամարտն է, որն ինչ-որ չափով այսօր անկում է ապրում, ինչո՞վ է պայմանավորված (ՆՈՒՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ուսանողուհի):
–Չէի ասի, թե անկում է ապրում: Միանշանակ կարող եմ ասել, որ շատ երիտասարդ, տաղանդավոր մարզիկներ ունենք ծանրամարտում, որոնց անունները Դուք ընթացքում կլսեք: Ապրենք եւ կտեսնենք, թե օլիմպիական խաղերում ընթացքն ինչպես կլինի եւ, ըստ դրա, արդեն մեկ տարի հետո կարող ենք խոսել արդյունքների մասին:
– Բաքվի անցած խաղերն ընդհանուր մարզական ֆոնին ինչպե՞ս կգնահատեք (ՀՀ քաղաքացի):
–Նախ ասեմ, որ դրանք Բաքվի խաղերը չէին, այլ եվրոպական խաղերն էին, որն անցկացվում էր առաջին անգամ: Ինչպես անց է կացվում այլ խաղերը` լինի պանամերիկյան, պանասիական, սա էլ պանեվրոպական խաղերն են: Եվ ոչ ոք մեղավոր չէր, որ առաջին անգամ այն անցկացվեց Բաքվում: Կարեւորն այն էր, որ մենք ունեցանք այս խաղերում արծաթե մեդալ:
– Ինչպե՞ս են պատրաստվում մեր հայ մարզիկները 2016 թվականի կայանալիք օլիմպիական խաղերին եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք նրանցից (ՍԵԴԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ք. Երեւան):
–Տարբեր մարզաձեւեր ներկայացնող մեր մարզիկները, որոնք վարկանիշ են ձեռք բերել օլիմպիական խաղերին մասնակցելու համար, արդեն պատրաստվում են: Վարկանիշային մրցումները դեռեւս ընթացքի մեջ են եւ ակնկալիքները շատ են:
– Թիմային մարզաձեւերում մենք ձեռքբերումներ եւ հաջողություններ գրեթե չունենք: Ըստ Ձեզ` ո՞րն է խնդիրը, եւ ի՞նչ աշխատանքներ է տանում նախարարությունն այս ուղղությամբ (ԱՆԳԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ, ք. Երեւան):
–Մենք, ուղղակի, «էգոիստ» ենք, չենք սիրում «պաս» տալ, անպայման պետք է մենք գոլ խփենք, անպայման մենք պետք է առաջինը լինենք… Ինչ վերաբերում է ձեռքբերումներ եւ հաջողություններ չունենալուն, երեւի մեր ֆեդերացիաների սխալն է, որ չեն լուսաբանում իրենց հաջողությունները: Օրինակ, մինչեւ 16 տարեկան տղաների բասկետբոլի մեր հավաքականը երկրորդ տեղն է գրավել Եվրոպայում, բայց որտե՞ղ է երեւում. ոչ մի տեղ: Իսկ մինչեւ 20 տարեկան տղաների հավաքականն ուժեղագույն դիվիզիոնում 12-րդ տեղը գրավեց, ինչը եւս մեծ ցուցանիշ էր: Ուղղակի, լուսաբանման խնդիր է, ոչ ավելի:

-Լրատվակա կայքերը չլռեցին` նկատելով Համահայկական խաղերում Ձեր մասնակցության աննկատ լինելը, այսպես ասած, դիտորդի կարգավիճակը, ինչպե՞ս կմեկնաբանեք այս երեւույթը: (ՍԱՐԳԻՍ, ք. Երեւան)

-Անտեղյակության արդյունք է նման հայտարարությունները, որովհետեւ գործել են 12 հանձնաժողով համահայկական խաղերին եւ դրանց հիմնական մասով հենց մեր նախարարությունն է զբաղվել: Ավելին` այդ հանձնաժողովի նախագահները եղել են Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարներ, վարչության պետեր: Զարմանալի է, որ նման տեսակետներ են հնչում:


– Ե՞րբ գեղասահքի համար կունենանք նորմալ պայմաններով դպրոց, որպեսզի այդ սպորտաձեւն էլ բարելավվի, կամ կառուցվի մշտական սահադաշտ, որովհետեւ երեխաները տեղ չունեն պարապմունքներ անցկացնելու եւ ստիպված տարվա մեջ երեք ամիս Կարապի լճով են բավարարվում (ԳԵՎՈՐԳ ՄՈԳՐՈՅԱՆ, ք. Երեւան):
–Լինելով գեղասահքով հետաքրքրված մարզասեր` պետք է տեղյակ լինեիք, որ դեկտեմբերին արդեն կլինի Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Իրինա Ռադնինայի անվան մեծ սահադաշտի բացումը, որն արդեն իսկ կառուցվել է եւ մի քանի մանր-մունր աշխատանքներ են մնացել:



ՍՊՈՐՏԸ ԲԱՆԱԿՈՒՄ


– Բանակ զորակոչված մարզիկներին հնարավորություն տրվո՞ւմ է մասնակցել միջազգային մրցաշարերի (ՀԱՍՄԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ, ք. Մարտունի):
–Շնորհակալ եմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որովհետեւ նա շատ լուրջ է վերաբերվում այս հարցին: Ես բազմիցս այս հարցը քննարկել եմ նրա հետ, որովհետեւ խնդիրը հետեւյալն է` մեր մարզական վաշտ իրավունք ունի ընդգրկվելու այն զորակոչիկը, որը աշխարհում կամ Եվրոպայում որեւէ մարզաձեւում գրավել 1-6-րդ տեղերը, մինչդեռ, օրինակ, բասկետբոլիստի, վոլեյբոլիստի համար, եթե չասենք անհնար, ապա դժվար է գրավել այդ տեղերը, եւ այս պահին չունենք հնարավորություն` գոնե լավագույն մարզիկներին ընդգրկելու այդ մարզաձեւերից:
– Այս պահին բանակում ծառայության մեջ գտնվող մեր մարզիկները ինչպե՞ս կարող են մասնակցել միջազգային մրցաշարերի (Զինվորի քույր):
–Եթե բարձրակարգ մարզիկ է, ուրեմն` անպայման բերվում է մեր մարզական վաշտ եւ մասնակցում է այդ մրցումներին: Այդ հարցը մենք արդեն քննարկել ենք Պաշտպանության նախարարի հետ, յուրաքանչյուր բարձրակարգ մարզիկ, որը հանդես է գալիս տվյալ մարզաձեւի ՀՀ հավաքական թիմում, իրավունք ունի մասնակցելու Եվրոպայի, աշխարհի առաջնությանը կամ այլ ստուգատեսային բարձրակարգ մրցումների:


«ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ ՆԱԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ»


- Սպորտային բժշկության հետ կապված, Դուք ժամանակին նշել էիք, որ հանձնախումբ եք ստեղծել ոլորտը կարգավորելու համար: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ: (Մարզասեր)

- Այս պահին խումբը, ճիշտ է ոչ լայնածավալ, բայց աշխատում է մարզիկների հետ: Նրանք հիմնականում մեր ենթակայության տակ գտնվող սպորտային բժշկության եւ հակադոպինգային հանրապետական կենտրոնի բժիշկներն են, ինչպես նաեւ հրավիրված բժիշկներ այլ հիմնարկություններից: Մենք այսօր խնդիր ունենք նաեւ մարզական հոգեբանների, ինչի համար պայմանավորվածություն ենք ձեռք բերել Երեւանի պետական եւ Մանկավարժական համալսարանների հետ, որտեղ անցնում են խորացված հոգեբանություն: Եվ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի այն ուսանողները, ովքեր պատրաստ են մասնագիտանալու հոգեբանության մեջ, մյուս տարվանից անցնելու են վերապատրաստման վերոնշյալ համալսարաններում, ինչի արդյունքում կստանան, սպորտային հոգեբանի որակավորում եւ կաշխատեն այդ մասնագիտությամբ:



ՄՈՏ 30 ՄԱՐԶԱԴՊՐՈՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ


– Շատ են խոսվում ֆեդերացիաներին տրվող գումարների մասին: Ի վերջո, ինչպե՞ս է կատարվում այդ ֆինանսավորումը նախարարության կողմից (ԿԱՐԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ,  ք. Էջմիածին):
–Պետական բյուջեից 32 մարզական ֆեդերացիայի գումար է հատկացվում: Բայց նկատենք, որ այլ երկրներում նման պրակտիկա չկա, որովհետեւ ֆեդերացիաներն իրենք են հայթայթում իրենց գումարները եւ աշխատում են, որպեսզի ֆինանսավորող դոնորներ գտնեն: Մինչդեռ ՀՀ-ում այնպիսի կարծիք է ձեւավորվել, որ պետությունը պարտադիր պետք է ֆինանսավորի ֆեդերացիաներին: Իսկ այդ դեպքում ֆեդերացիայի նախագահն ի՞նչ անի, չէ՞ որ իր գործառույթների մեջ է նաեւ ֆինանսական միջոցներ գտնելն ու ներդրումներ անելը: Այնպես որ, այն գումարները, որոնք տրվում են ֆեդերացիաներին, ուղղակի աջակցություն է պետության կողմից, եւ պարտադիր չէ, որ յուրաքանչյուր մրցման կամ միջոցառման համար նախարարությունը գումար հատկացնի:

–Ինչքանո՞վ է նախարարությունը գործունեություն ծավալում նաեւ մարզերում եւ որքանո՞վ եք տեղյակ մարզերի, մարզադպրոցների եւ երեխաների մարզական վիճակի մասին (ԼԻԼԻԹ, ք. Երեւան):
–Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը բոլոր մարզերում իրականացնում է համապատասխան աշխատանքներ մարզադպրոցների եւ այդտեղ մարզվող սաների համար: Մենք այս հարցում համագործակցում ենք մարզպետարանների հետ, եւ յուրաքանչյուր խնդիր համատեղ լուծում ենք նրանց եւ Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարության հետ: Հավելեմ, որ մեր նախարարությունը նաեւ գույքային ծրագիր է իրականացնում` շուրջ 170 միլիոն դրամի: Հնարավորինս  փորձում ենք մարզադպրոցների մարզագույքի գոնե 50 տոկոսն ապահովել:
– Այսօր բավականին վատ վիճակում են մեր հանրապետության մարզադպրոցների շենքային պայմանները, այս ուղղությամբ ինչ-որ քայլեր արվո՞ւմ են (ՆԱՆԱ, ք. Վանաձոր):


–Շենքային պայմանները չէի ասի, թե ամեն տեղ վատ վիճակում է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզադպրոցներից տեղյակ եմ: Իհարկե, աշխատանք շատ կա անելու. մոտ 30 մարզադպրոց կա, որ այս պահին վերանորոգման կարիք ունի: Քաղշիննախարարության կողմից վերանորոգման եւ հիմնանորոգման այս հարցերը տարեցտարի եւ փուլ առ փուլ լուծվելու են:
– Ինչո՞վ է պայմանավորված, որ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները դեռ չեն սկսել, մինչդեռ այս տարվա մարտին այն պետք է ավարտված լիներ (ՆՈՒՆԵ, ք. Գյումրի):
–Նախ՝ ոչ ոք չի ասել, որ այն պետք է ավարտված լիներ մարտ ամսին: Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները նախատեսված է ծրագրով, եւ քաղշիննախարարությունն է զբաղվում այդ հարցով: Մենք ենք ներկայացրել հայտը կառավարությանը, որ առաջինը հենց վերանորոգվի Գյումրիում Ա. Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցը:
– Ի՞նչ նոր ծրագրերով է եկել Սպորտի նախարարություն Գաբրիել Ղազարյանը (ՍԱՄՎԵԼ, ք. Երեւան):
–Բազմաթիվ ծրագրերով: Հիմնական ուղղվածությունը մանկապատանեկան սպորտի զարգացումն է եւ ֆիզկուլտուրայի նկատմամբ հետաքրքրության ավելացումը Հայաստանի ողջ տարածքում: Այս առումով շատ կարեւոր գործընթաց ենք սկսել, որտեղ ընդգրկված են նախադպրոցական հիմնարկները` նրանք մրցել են ՀՀ նախագահի մրցանակի համար: Ի դեպ, այս տարի մի շարք ծրագրեր ենք ավելացրել, որոնք ուղղված են հաշմանդամային սպորտի զարգացմանը, այդ թվում նաեւ ՀՀ նախագահի մրցանակի համար:

- Ցուցադրական ելույթները բավականին լավ արձագանք էին գտել, դրանք էլ տեղի չե՞ն ունենալու: (ԱՆՆԱ ԱՐԱՄՅԱՆ, ք. Երեւան)

- Այդ ծրագիրը սկսել ենք դեռ անցած տարի բոլոր մարզաձեւերից եւ այն շարունակական բնույթ է կրում: Ծրագիրը մեծ խթան է` զարգացնելու եւ մասայականացնելու ֆիզկուլտուրան եւ սպորտը: Այն լայնածավալ է ու անցկացվելու է նաեւ մարզերում, ինչի վերաբերյալ արդեն իսկ կան պայմանավորվածություններ: Ուղղակի, ամեն ինչ եղանակային պայմանների հետ է կապված:


Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Նախարարի լուսանկարները` ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ


Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք այստեղ:

https://iravunk.com/sim/?p=162202&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան