ԳՈՆԵ ՀԻՄԱ ԱՊՕՐԻՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ՞
Արխիվ 12-16
ԳՈՆԵ ՀԻՄԱ ԱՊՕՐԻՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ՞
Տուլայի մարզում 9 մարդու կյանք խլած տրանսպորտային աղետի պատմությունը վերջին օրերին սկսել է անսպասելի զարգացումներ ստանալ: Խոսքը դեպի Երեւան ուղեւորվող այլ ավտոբուսների գործունեության կասեցման եւ նույնիսկ՝ հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխելու մասին է, ինչի հետ կապված ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական կառույցը, մասնավորապես «Վագտրանս» ՓԲԸ-ին պատկանող ավտոբուսի կասեցման հետ կապված, տվել է մեկնաբանություն, թե՝ տվյալ ընկերությունը «ներառված չէ ՌԴ տրանսպորտի նախարարության միջազգային ավտոբուսային երթուղիների ռեեստրում եւ Ռուսաստանում ուղեւորափոխադրում իրականացնելու իրավունք չունի»: Ավելին՝ «Փոխադրումների կազմակերպիչը» ընդգծում է նաեւ, որ գործնականում դեպի Երեւան ուղեւորներ տեղափոխող մյուս ավտոբուսները եւս ¥միգուցե՝ չնչին բացառություններով», ապօրինի գործունեություն են ծավալել:
Սույն բանն է հաստատում նաեւ ՌԴ տրանսպորտի նախարարության միջազգային երթուղիների բաժինը, որ Մոսկվա-Երեւան կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող հայկական ոչ մի ավտոբուսային ընկերություն գրանցված չէ ՌԴ միջազգային ավտոբուսային կանոնավոր երթուղիների գրանցամատյանում: Իսկ թե ինչի համար է նման գրանցումը, թերեւս դժվար չէ կռահել: Որ ուղեւորափոխադրողներն ինչ-որ կերպ վերահսկելի լինեն, հաշվի առնելով, որ ցանկացած գրանցում ենթադրում է նաեւ պատասխանատվություն, այդ թվում՝ ծառայությունների որակի մասով. հազարավոր կիլոմետրերով մարդկանց են տեղափոխում, բա պատասխանատվություն չունենա՞ն:
Ցավոք՝ եւս 9 մարդկային կյանք կործանվեց, որ այդ հարցը վերջապես օրակարգ մտներ: Բայց ահա փաստն այն է, որ եթե ՌԴ-ում այդ ուղեւորափոխադրողներն անօրինական են աշխատում, ապա Հայաստանում նրանցից ոչ մի բան չի պահանջվում. քեզ համար «պասաժիր» հավաքիր ու գնա` ուր ուզում ես: Թե ինչով է բացատրվում դա՝ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում նկատեց.
- Գոյություն ունեն երկու տեսակի փոխադրումներ` կանոնավոր եւ ոչ կանոնավոր փոխադրում: Հիմա եթե որոշ կազմակերպություններ խախտում են օրենքը ոչ կանոնավոր փոխադրման անվան տակ իրականացնում են կանոնավոր փոխադրում, դրանում մենք մեղավոր չենք: Դուք գիտեք, եւ մենք բազմիցս նշել ենք, որ այսուհետ մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկելու, որ նման կազմակերպությունները ենթարկվեն պատասխանատվության:
- Ունե՞ք տվյալներ, թե որքան ընկերություններ են այսօր զբաղվում անօրինական փոխադրումներով:
- Այս պահին ոչ, բայց հենց որ դաշտը կարգավորենք, երբ նման տիպի բոլոր փոխադրումները կբացառենք, այդ ժամանակ էլ կունենանք այդ տվյալները եւ կհրապարակենք:
- Փաստորեն՝ այդ չարաբաստիկ վթա՞րը պետք է լիներ, որ անօրինականության դաշտում աշխատող փոխադրող ընկերությունները հայտնաբերվեին եւ բերվեին օրենքի դաշտ:
- Ոչ, իհարկե՝ ոչ: Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրի կարգավորմանը: Օրերս Տրանսպորտի եւ կապի նախարարը եւս իր խոսքում նշեց, որ մեկ տարուց ավելի է` այդ օրենքը շրջանառել ենք, եւ այն որոշակի շտկումների ենթարկելուց հետո առաջիկա օրերին պատրաստ կլինի ներկայացնել ՀՀ կառավարությանը` հավանության արժանացնելու համար: Որից հետո այն կուղարկվի Ազգային ժողով: Սպասենք օրենքին:
- Անդրադառնալով կոնկրետ վթարի դեպքին, այսինքն՝ անկախ նրանից, թե ինչն էր վթարի պատճառը, փոխադրող ընկերությունը եւս պատասխանատվություն պե՞տք է կրի:
- Մինչեւ գործի հետաքննությունը չավարտվի, չենք կարող ասել, թե ով ինչ պատասխանատվության կենթարկվի: Գործի քննությունն ավարտելուց հետո կքննարկենք եւ կպարզենք նաեւ պատասխանատվության հարցը:
- Իսկ մինչ այդ ինչպե՞ս եք վերահսկելու դաշտը, որպեսզի նմանատիպ դեպքեր այլեւս չկրկնվեն:
- Նորից եմ կրկնում՝ կանոնավոր փոխադրումներ իրականացնողներ կան, որոնց մեջ կան բարեխիղճ փոխադրողներ եւ հակառակը: Այս պահին այսքանը կարող եմ ասել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162200&l=am/