Զարմացած
Արխիվ 12-16
Ի՞նչ եք կարծում, մեր երկրում ո՞ւմ կարելի է պայմանականորեն կոչել «գլխավոր ղրղզ»: Չզարմանաք` ազգիս լուսավորելու ձգտող ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ, ով առաջարկում է 2017-ի ընտրությունների համար ամբողջովին կրկնօրինակել քվեարկության կազմակերպման ղրղզական փորձը: Եթե կարճ նկարագրենք, ապա յուրաքանչյուր ընտրող ստանում է բիոմետրիկ քարտ, ընտրատեղամասում նրա մատնահետքը հատուկ սարքով համեմատում են այդ քարտի տվյալների հետ, տալիս քվեարկության կտրոն, իսկ քվեաթերթիկը նա գցում է հատուկ ավտոմատացված քվեատուփի մեջ, որն ինքն իրեն կազմում է քվեարկության արձանագրությունը: Մարուքյանը զարմանալիորեն համոզված է, որ այդ համակարգը ներդնելու դեպքում այլեւս ոչ ոք կասկածներ չի ունենա, թե ընտրությունները կեղծվել են: Միամիտ մարդ, ախր, անպայման հայտարարողներ կլինեն, որ համակարգչային տարբերակով կազմված ավտոմատ արձանագրությունները իշխանության կողմից գլխանց դզած-փչած են:
Ինչեւէ, Էդմոն Մարուքյանի առաջարկի մասին ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ականջը խուլ, թե չէ հենց լսեց` մեր գլխավոր լուսավորիչին պատառ-պատառ կանի ու չլուսավորված կմնանք: Ինչքան էլ զարմանալի լինի, տիկին Փոստանջյանը համոզմունք է հայտնել, որ մեր երկրի ամենահմուտ եւ ֆանտաստիկ ունակություններով օժտված համակարգչահենը (հակերը) ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է. «Ելքը մեկն է` համաժողովրդական ապստամբությունը: Հակառակ դեպքում, եթե անգամ տեղերում ընտրական հանձնաժողովները ազնվորեն հաշվեն քվեները, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ձեռքի թեթեւ շարժումով կարող է համակարգում խափանում առաջացնել մի քանի ժամով, իսկ հետո կնկարեն գեղեցիկ թվեր` իշխանությանը հարմար արդյունքներով»: Պատկերացնո՞ւմ եք` Մուկուչյանը ձեռքի թեթեւ շարժումով համակարգն այնպես է խառնում, որ գեղեցիկ ձեւով բոլոր թվերը փոխվում են: Պարզապես, երեւի թե, Տիգրան Մուկուչյանն ինքը տեղյակ չէ իր համակարգչահենային տաղանդից, այլապես կզբաղվեր ոչ թե ընտրություններով, այլ համակարգչահենությամբ միլիոնավոր դոլարներ կվաստակեր:
Բայց նման է, որ Փոստանջյանի ասած «ապստամբությունից» գլխանց ոչինչ չի ստացվի, ավելին` դա չի էլ սկսվի: ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ այցելած ոստիկանները նրան պարտավորեցրել են առավոտվանից ներկայանալ ՀՀ քննչական կոմիտե` հարցաքննության: Ճիշտ է, նրա կառույցը, որը կրում է «Ընդդիմության միասնական շտաբ» ամպագոռգոռ անունը, այս գործողությունը գնահատում է որպես շտաբի եւ նրա պետի նկատմամբ ճնշում գործադրելու անհաջող փորձ, որը վկայում է հանցավոր վարչախմբի վախի եւ խախուտ վիճակի մասին, բայց դա լոկ վատ սրտի մխիթարանք է: Այնպես որ, տղաներ եւ աղջիկներ, ձեր ասած «ապստամբությունը» մնալու է լոկ գեղեցիկ մուրազ, իսկ որտե՞ղ է մնալու այդ մուրազը... Լավ, չցինիկանանք:
Իսկ տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հայտնաբերել է, որ մեր ամբողջ ֆինանսական համակարգում բարձր տեխնոլոգիաներ ներդնելով զբաղվել է մի զարմանալի ընկերություն, որը հռչակավոր լրտեսական հաստատություն է. «Մի հարց տամ. հանդիպե՞լ եք արդյոք լրագրողական հետազոտություն Booz Allen Hamilton կազմակերպության գործունեության մասին Հայաստանում: Շատ հավանական է, որ չեք էլ լսել այդ կազմակերպության մասին: Բանն այն է, որ այս կազմակերպությունում է աշխատել Էդվարդ Սնոուդենը. այն հանդիսանում է NSA կցորդ, ավելի մանրամասն` Գարդիանի հոդվածում: Մյուս կողմից` Booz Allen Hamilton ունի ներդրում ՀՀ ֆինանսական համակարգի ՏՏ զարգացման մեջ: Ստորեւ կգտնեք մի շարք փաստեր: Որոնք, միգուցեեւ, ոչինչ չեն նշանակում մեր պարագայում: Բայց համաձայնեք, որ այս կազմակերպության գործունեությունը Հայաստանում առնվազն լրագրողների համար պետք է հետաքրքիր լինի: Booz Allen Hamilton հայտնի է հետախուզական ծրագրերի հետ կապված սկանդալներով: Օրինակ, Անոնիմուսի կողմից բացահայտումները 2011 թվականին ցույց տվեցին, որ կազմակերպությունը օգնում էր մի շարք երկներին, ներառյալ Ադրբեջանին, հետեւել այլախոհներին»:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=162194&l=am/