ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԻ ԱՌԱՆՑՔԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՂԱՐԱԲԱՂԸ ԼԻՆԵՐ
Արխիվ 12-16
ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԻ ԱՌԱՆՑՔԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՂԱՐԱԲԱՂԸ ԼԻՆԵՐ
Սերգեյ Լավրովի հայաստանյան այցը, ինչպես եւ սպասվում էր, այս անգամ էլ տեղը տեղին ոգեւորեց մեր տեղական արեւմտամետներին: Այդ ոգեւորված քարոզչության ուղղվածությունն էլ նույնն է՝ Լավրովը եկել էր Ղարաբաղը ծախելու:
ՍԻՐԻԱՅԻՑ ՀԵՏՈ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՐԿՐՈՐԴ ՊԼԱՆՈՒՄ Է
Թե արդեն որերորդ անգամ է Լավրովը Հայաստան գալիս՝ Ղարաբաղը «ծախելու» համար, արդեն թիվ ու համար չկա: Բայց ինչպես որ տարիներ առաջ «էր ծախում», այնպես էլ՝ հիմա. Ղարաբաղը դեռ իր տեղում է: Մի խոսքով՝ թողնենք, որ ՌԴ ԱԳ նախարարը շարունակի մեր արեւմտամետական քարոզչամեքենայի շուրթերով Ղարաբաղը «ծախել»՝ նկատելով սակայն, որ այս անգամ նույն քարոզչական ծեծված տրյուկը սկսեց մի փոքր այլ երանգավորում ստանալ: Այսինքն՝ արդեն ռուսները Ղարաբաղը ոչ թե ոտով-գլխով «են ծախում», այլ մաս-մաս՝ սկսելով ազատագրված շրջանների մի մասից: Սա էլ նոր բան չէ. նախ՝ նման մեխանիզմ նախատեսված է «Մադրիդյան սկզբունքներով»: Բայց ահա քարոզում են, թե հենց ռուսներն են ուզում այդ շրջանները ծախել՝ «մոռանալով», որ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները նույնպես տարիներ շարունակ այդ ուղղությամբ են գործում: Էլ չասած, որ ամերիկացի համանախագահ Ուորլիքը տարածքներ վերադարձնելու մասին քանիցս սկանդալային հրապարակային հայտարարություններով է հանդես եկել, այն դեպքում, երբ ՌԴ-ից հնչած նման պաշտոնական եւ ոչ մի խոսք որեւէ մեկը չի կարող մատնանշել: Եվ, վերջապես, «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա հակամարտության կարգավորման օգտին հանդես է եկել նաեւ Հայաստանը, ինչը մեր երկրի ներսում եթե չասենք ընկալելի է համարվում, ապա առնվազն կոշտ հանրային հակազդեցության չի բախվել:
Մեծ հարց է նաեւ, թե արդյոք Լավրովի այս այցի հիմնական նպատակը հենց Ղարաբա՞ղն էր: Իհարկե՝ դեռ այս տարվա առաջին ամիսներին նկատվում էր, որ ինչպես ՌԴ-ն, այնպես էլ ԱՄՆ-ը եւ որոշ դեպքերում՝ նաեւ Ֆրանսիան փորձում էին ղարաբաղյան թեման ակտիվացնել, եւ նորից ամեն ինչ տանում էր նույն «Մադրիդյան սկզբունքներին»:
Բայց ահա Լավրովի այս վերջին այցին զուգահեռ՝ հանդես եկավ նաեւ Ուորլիքը՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը. «Ակնկալում ենք, որ հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն կարգավորման հիմնական տարրերը...»: Եթե դեռ հիմնական տարրերի մասին է խոսքը, ուրեմն բանակցությունների վերջը դեռ շատ հեռուներում է: Էլ չասած, որ Ուորիլիքի հաջորդ միտքը հուշում է, որ այդ՝ հիմնական տարրերի հարցում եւս լուրջ սպասելիքներ չկան. «Խաղաղության ամենամեծ խոչընդոտը բանակցությունների միջոցով խնդրի արդարացի եւ տեւական կարգավորմանը հասնելուն ուղղված քաղաքական կամքի բացակայությունն է Հայաստանում եւ Ադրբեջանում»: Կարճ ասած՝ Ադրբեջանն էլի իրենն է առաջ տանում, թե Ղարաբաղը պետք է իմ կազմում լինի, Հայաստանի առավելագույն փոխզիջումն է՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց որոշ շրջանների վերադարձը, եւ Մինսկի խմբին այս փակուղային վիճակում չի հաջողվում որեւէ քայլ անել:
Իհարկե՝ կա նաեւ հակամարտության կողմերից մեկին ճնշելու տարբերակը, եւ մեր արեւմտամետները համոզում են, թե Լավրովը հենց դրա՝ Հայաստանին ճնշելու համար էր եկել: Բայց եթե այդպես է, նշանակում է Վաշինգտոնը համաձա՞յն է, որ ռուսները Հայաստանին ճնշեն: Այս հարցադրմանը, բնականաբար, մեր արեւմտամետները գերադասում են նույնիսկ մոտ չգալ, քանի որ ստիպված են լինելու Մոսկվային հավասար նաեւ Վաշինգտոնին քննադատել: Այն էլ այն դեպքում, երբ բոլորն են հասկանում, որ ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ՝ Ադրբեջանին ճնշելն է անիմաստ, այսինքն՝ բացառվում է: Պատճառն առավել քան պարզ է. ղարաբաղյան թեման նաեւ ռուս-ամերիկյան գլոբալ հակամարտության օղակներից է եւ ստատուս-քվոյի ցանկացած ուղղությամբ եւ բնույթի փոփոխություն կա՛մ ռուսներին կարող է ձեռնտու լինել, կա՛մ՝ ԱՄՆ-ին: Ընդ որում, մեկ-երկու ամիս առաջ միանգամայն հավանական էր այն տարբերակը, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը կարող են փորձել հակամարտությանը տալ որոշակի երկարաժամկետ լուծում եւ այդ արդյունքներից ելնելով՝ արդեն պայքարեն սեփական դիրքերն արդեն ողջ տարածաշրջանի մակարդակով ամրապնդելու համար: Սակայն դրան հաջորդած սիրիական ճգնաժամի ընթացքի այս վերջին շրջադարձից հետո Ղարաբաղում նման խաղը հատկապես ԱՄՆ-ի համար դառնում է շատ վտանգավոր: Այսինքն, եթե ռուսները Մերձավոր Արեւելքում այդքան ծանր ռազմական ներկայություն կարողացան ձեռք բերել, ապա շատ մեծ է հավանականությունը, որ հարավկովկասյան տարածաշրջանում ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն հենց ռուսների դիրքերն է ամրապնդելու: Եվ նկատենք, որ եթե մոտ մեկուկես ամիս առաջ Նյու Յորքում Մինսկի խմբի հետ կողմերի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում Ուորլիքը խոսում էր նույնիսկ հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարներից, ապա այսօր արդեն այդ ոգեւորությանը փոխարինել է «քաղաքական կամքի բացակայության» մասին տրտնջոցները:
ՎՐԱՑԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Ռուսների համար եւս այս ընթացքում էական փոփոխություններ են եղել: Ճիշտ է՝ Սիրիայում ռազմական ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում եւս Մոսկվային լուրջ ռազմավարական առավելություններ է տվել, բայց մյուս կողմից էլ՝ սիրիական թռիչքները ծանր փորձություն էին մինչ այդ աչքի առաջ զարգացող ռուս-թուրքական հարաբերությունների համար: Իսկ դա, անշուշտ, իր հետքն է թողնում նաեւ Բաքվի հետ Մոսկվայի հարաբերությունների վրա, եւ գոնե այս կարճաժամկետ փուլում ռուսների համար եւս առնվազն անհետաքրքիր է դարձնում Ղարաբաղում ստատուս-քվոյի ամեն մի փոփոխության գաղափարը:
Ուրեմն՝ ինչքանո՞վ է ռեալ, որ այս խառն իրավիճակում Լավրովը հանուն ղարաբաղյան թեմայի էր այցելել Հայաստան. հավանականությունը շատ փոքր է, բայց չմոռանանք, որ Ղարաբաղը ամեն մի հիմնական թեմային զուգահեռ միշտ էլ օրակարգում է: Համենայնդեպս` ՌԴ ԱԳ նախարարի այն խոսքը, թե` «Մենք սատարում ենք պաշտոնական Երեւանի՝ այս հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծման նպատակադրվածությունը», թերեւս Ադրբեջանում պետք է, որ որոշակի մտորումներ առաջ բերեն. այսինքն՝ ինչո՞ւ է ՌԴ ԱԳ նախարարն ընդգծում միայն Երեւանի «խաղաղ ճանապարհով լուծման նպատակադրվածությունը», Լավրովն այդ կերպ չի՞ ակնարկում, որ Բաքուն այլ «նպատակադրվածություն» ունի, որին, բնականաբար, «չի սատարում»:
Բայց այս դեպքում ինչո՞ւ Լավրովն այսպես բավական անսպասելի այցելեց Հայաստան: Պատճառները, իհարկե, կարող են նույնիսկ մի քանիսը լինել: Եվ դրանց թվում վրացական թեման պետք է, որ իր առանցքային տեղն ունենա: Հիշեցնենք միայն վերջին երկու-երեք շաբաթվա որոշ փաստեր. նախ՝ Վրաստանից հնչեց հայտարարություն, որ ցանկանում են ոչ թե միայն Ադրբեջանից, այլ նաեւ՝ Ռուսաստանից եւ Իրանից գազ գնել: Իմաստն էլ կարելի է հասկանալ. Վրաստանը ոչ առանց ամերիկյան ծրագրերի՝ Սահակաշվիլու շնորհիվ արդեն մոտ 15 տարի հիմնովին նստել է ադրբեջանական «գազային ասեղի» վրա, ինչը բառացիորեն խեղդում է վրացական ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականությունը, էլ չասած արդեն աղաղակող թուրք-ադրբեջանական դեմոգրաֆիկ ներխուժման մասին: «Ճեղքումը» ռուսական գազն է, եւ հիշատակված հայտարարությունից հետո Վրաստանի վարչապետի Բաքու կատարած այցից հետո վրացիները քննարկումներ սկսեցին «Գազպրոմի» հետ՝ ցույց տալով, որ իրենց որոշումը չեն փոխի: Դրան հաջորդեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բավականին անսպասելի այցը Թբիլիսի, որից հետո օրերս Վրաստանում էր Իլհամ Ալիեւը: Այդ երկու այցերի էներգետիկ մանրամասները մնացին կուլիսներում: Ճիշտ է, ադրբեջանական որոշ աղբյուրներ թեեւ Ալիեւի այցը փորձում են գնահատել` «գնաց, տեսավ, հաղթեց» տրամաբանությամբ, սակայն Վրաստանում գործող ադրբեջանական գազային էմիսարները «մի փոքր» այլ տրամադրության մեջ են, թե՝ «Վրաստանն ումից ուզում է, թող գազ գնի, մեկ է՝ ներվրացական համակարգում մենք ենք վերահսկողը»: Իսկ դա նշանակում է, որ Ալիեւի այցից Վրաստանին ՆԱՏՕ մտցնելու վաշինգտոնյան հերթական խոստումներից հետո անգամ վրացական ծրագրերը չեն փոխվել: Համենայնդեպս՝ վարչապետ Ղարիբաշվիլին մոտ ժամանակներս պատրաստվում է նաեւ Թեհրան մեկնել, եւ այս ընդհանուր ֆոնին ռուսներն ու պարսիկներն էլ խոսում են էներգետիկ եւ, մասնավորապես, գազանավթային փոխանակումների ծրագրերից:
Իհարկե՝ առաջին պլանում էներգետիկան է, բայց վրացական փորձագետներն էլ են պնդում, որ այս ամենի հիմքում դրված է աշխարհաքաղաքականությունը. Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան-Իրաք-Սիրիա առանցքի հեռանկարներն են օրակարգում, որտեղ ամենավիճելի կետը հենց Վրաստանն է դառնում: Եվ ահա այս ընդհանուր ֆոնին Լավրովի հայաստանյան այցին անշուշտ պետք է նաեւ հենց այս տեսանկյունից մոտենալ:
Եվ եթե հարավկովկասյան հարթակում պայքարի կիզակետը դառնում է Վրաստանը, ապա դա եւս ղարաբաղյան ստատուս-քվոյի փոփոխության թեման ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան առաջնահերթ օրակարգից պարզապես հանում է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162193&l=am/