ԲԼԵՖՉԻ՞Ն, ԹԵ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿԸ. (տեսանյութ)
Արխիվ 12-16
ԲԼԵՖՉԻ՞Ն, ԹԵ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿԸ (տեսանյութ)
Նույնականացման քարտերի օրենքի շուրջ իր ելույթում հայտնի ՀՀՇ-ական գործիչ, ներկայումս ՀԱԿ-ի փոխնախագահ Արամ Մանուկյանը դիմելով իշխանությանը` վերամբարձ տոնով հայտարարեց. <Բլեֆ եք անում ու ոչինչ չեք անում ձեր հեղինակությունը բարձրացնելու համար>: Սակայն պարզվեց, որ ինչպես միշտ` բլեֆ է անում հենց ինքը՝ Արամ Մանուկյանը, իհարկե եթե չդիտարկենք այն վարկածը, որ Մանուկյանի մտավոր կարողություններն են թույլ զարգացած եւ նա չի կարողանում ճիշտ ընկալել իր շուրջ ընթացող քաղաքական գործընթացները:
Նոյեմբերի 10-ի իր անփառունակ ելույթում Մանուկյանը բողոքում է կյանքից, թե ինչու են ՀՀ վարչապետը եւ այլ պաշտոնյաներ զբաղվում հանրաքվեի քարոզչական աշխատանքներով: Մանուկյանը համարում է, որ դա անօրինական է: Սակայն մեր բոլոր հորդորներին նշել, թե դա որ օրենքին է հակասում, այդպես էլ ոչ մի օրինակ բերել չկարողացավ: Ավելին, երբ ինքը՝ Ա. Մանուկյանն էր ՀՀՇ-ի, ապա Ռոբերտ Քոչարյանի օրոք մշակույթի առաջին փոխնախարար էր, շատ էլ ակտիվ մասնակցում էր տարբեր ընտրությունների, քարոզարշավների եւ այլ քաղաքական գործընթացների:
Այնուհետեւ բլեֆչի Արամը սկսում է ժանգլյորություն անել տարբեր թվերի հետ. գումարել, հանել, բաժանել ու բազմապատկել, սակայն այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե որ թիվը որի հետ պետք է համեմատել: Արդյունքում, իր իսկ անգրագիտությունից անորոշության գիրկն ընկնելով, հնչեցնում է անկապ եզրակացություններ եւ հարցադրումներ: Իհարկե, ֆիզիկայի ուսուցչի համար պետք է որ ավելի հեշտ լիներ ճիշտ թվային գործողություններ կատարելը, բայց հավանաբար Արամ Մանուկյանը որպես ֆիզիկայի ուսուցիչ էլ դա չի կարողացել:
Սակայն դա էլ մի կողմ թողնենք: Մանուկյանը հասնում է սովորական ստախոսության: Իր ելույթում նա բառացիորեն հայտարարում է. <Երրորդ անգամ հայտարարում եմ` կառավարության նիստում վարչապետը հայտարարել է, որ հոկտեմբերի 15-ին Հայաստանում եղել է, կա 5 հազար ID քարտ, հերքե’ք էս թիվը, կամ ասեք, որ վարչապետը սխալվել է: Կամ էդ թիվը ճիշտ էր, դրանից հետո 5 հազարը դարձել է 182 հազար: Երկու թիվ եք հրապարակել, ասեք` ո՞րն է ճիշտ, որը` սխալ: Սա դուք պարտավոր եք անել: Օդում կախված է շատ լուրջ մեղադրանք: Դուք էս մեղադրանքը պետք է հերքեք, եթե չեք հերքում, կասկածն ավելանում է, հիմնավորումը, որ դուք կարող եք կեղծել` ավելանում է>:
Այս հարցով <Իրավունքը> դիմեց կառավարությանը, խնդրելով մեզ տրամադրել Արամ Մանուկյանի նշած հոկտեմբերի 15-ի կառավարության նիստի տեսագրությունը, եւ պարզվեց, որ Արամ Մանուկյանը երեք անգամ այս հարցի շուրջ հանդես է եկել որպես ստախոս: Մասնավորապես, երբ վերոհիշյալ նիստում Դավիթ Հարությունյանն առաջարկեց դրական եզրակացություն տալ նույնականացման քարտերով քվեարկելու օրենսդրական նախաձեռնությանը, վարչապետն ասաց. <Մենք այլ լուծում էլ չունենք, որ չհամաձայնենք եւ Ազգային ժողովը շատ ճիշտ առաջարկ է անում: Փաստորեն նրանք մոտ հինգ հարյուր հինգ հազար քաղաքացիներ են, որ ունեն այդ քարտը: Փաստորեն ով անձնագրով կներկայանա քվեարկությանը, պեչատը կդրվի անձնագրի մեջ, ով նույնականացման քարտով՝ ոչ, որը հնարավոր չէ տեխնիկապես ուղղակի>:
Եվ այսպես, ՀՀ վարչապետը հոկտեմբերի 15-ի նիստում հայտարարել է, որ մոտ 505 հազար քաղաքացիներ ունեն նույնականացման քարտ, իսկ Արամ Մանուկյանը երեք անգամ ստել է` վարչապետին վերագրելով, թե իբր նա հնչեցրել է 5 հազար թիվը: Այժմ հերթը հասել է, որ մենք հարցնենք, թե ինչո՞ւ է նա ԱԺ ամբիոնից երեք անգամ կատարել սուտ հայտարարություն: Հարցադրումը հնչեցնելով` իր իսկ ոճով կոչ ենք անում Մանուկյանին հերքել իր ասածը, կամ ասել, որ ինքը սխալվել է, կամ ասել, որ նա վատ է լսում, կամ էլ, որ նրան հանձնարարել են այդպիսի սուտ ասել, կամ էլ, որ ինչ-որ մեկը նրան շփոթության մեջ է գցել, իսկ նա սովորություն ունի չստուգված լուրերը հնչեցնել ԱԺ ամբիոնից: Սա դուք պարտավո՛ր եք անել, պարոն Մանուկյան: Օդում կախված է շատ լուրջ մեղադրանք, դուք այդ մեղադրանքը պետք է հերքեք, եթե չեք հերքում` կասկածն ավելանում է, հիմնավորումը, որ դուք կարող եք ամեն ինչ կեղծել, միայն թե ցեխ շպրտեք հանրաքվեի վրա, ավելանում է:
Եվ վերջապես. <Բլեֆ եք անում ու ոչինչ չեք անում ձեր հեղինակությունը բարձրացնելու համար>:
Դիտել տեսանյութը՝ 4:30-5:12 րոպեները
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ