Գ. Ղազարյան. «ԵՐԿՐՆԵՐ ԿԱՆ ՄԵԶՆԻՑ ՄԵԾ ԵՆ ՈՒ ՆՈՒՅՆԻՍԿ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՉՈՒՆԵՆ»
Արխիվ 12-16
Գ. Ղազարյան. «ԵՐԿՐՆԵՐ ԿԱՆ ՄԵԶՆԻՑ ՄԵԾ ԵՆ ՈՒ ՆՈՒՅՆԻՍԿ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՉՈՒՆԵՆ»
Ինչպես արդեն գրել էր «Իրավունքը», օրերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ հյուրընկալվելով խմբագրությունում` «Ուղիղ կապ» ձեւաչափով պատասխանել է մարզասերների հարցերին, որոնք հնչել են թե՛ օնլայն տարբերակով, թե՛ հեռախոսազանգերով: Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հնչած հարցերի ու պատասխանների շարունակությունը:
«ՈՒՂՂԱԿԻ, ԿԱՐԾՐԱՏԻՊ Է, ՈՐ ԱՍՈՒՄ ԵՆ` ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՐՁՎՈՒՄ»
-Մշտապես նշում եք, որ մարզական ֆեդերացիների հետ աշխատում եք սերտ համագործակցության սկզբունքով: Խնդրում եմ ասեք` առավել հաջող եւ անհաջող համագործակցությունների մի քանի օրինակ: Եվ համագործակցող ֆեդերացիների ցուցակում, ի՞նչ դիրք ու տեղ է գրավում ֆուտբոլի ֆեդերացիան: (ՆՈԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ, ք. Երեւան)
- Իսկապես, բոլոր ֆեդերացիաների հետ սերտ համագործակցում ենք: Ընդորում` համագործակցում ենք նաեւ այն ֆեդերացիաների հետ, որոնք ֆինանսական աջակցություն չեն ստանում նախարարության կողմից, բայց ինչով կարողանում ենք, օգնում ենք: Ինչ վերաբերում է ֆուտբոլի ֆեդերացիային, մենք մի շարք ծրագրեր ենք իրականացրել եւ իրականացնում նրանց հետ:
-Հայաստանում ո՞ր մարզաձեւերն են ավելի շատ մեծ ուշադրության արժանանում: (ԱՐՄԵՆ, ք. Երեւան)
- Անխտիր բոլոր մարզաձեւերն էլ կարիք ունեն ուշադրության, այդ թվում նաեւ օլիմպիական մարզաձեւերը: Միանշանակ պետք է ընդգծեմ` ուղղակի, կարծրատիպ է, որ ասում են` ուշադրություն չի դարձվում բոլոր մարզաձեւերին: Ֆեդերացիաներն աշխատում են, լուրջ գործունեություն են ծավալում ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից բոլորն էլ ուշադրության կենտրոնում են գտնվում:
- Մեր մարզիկները պարապում են 25 մետրանոց լողավազանում, բայց միջազգային մրցումների ժամանակ մրցում են 50 մետրոնոցում, այս խնդիրը լուծելու ուղղությամբ նախարարությունն ինչ-որ բան ձեռնարկո՞ւմ է: (ԱՆԱՀԻՏ, ք. Երեւան)
- Նախ սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետության լողավազանների մեծ մասը` գրեթե 90 տոկոսը, սեփականաշնորհված են: Ինչ վերաբերում է միջազգային մրցաշարերին, Ձեզ հետ համամիտ չեմ, որ մրցումների ժամանակ միայն 50 մետրանոցում են լողում: Ինչպես լողորդներն են ասում` կա կարճ ջուր եւ երկար ջուր, այսինքն` 25 մետրանոց եւ 50 մետրանոց, եւ միջազգային մրցումների ժամանակ միշտ չեն 50 մետրանոցում լողում: Հավաքական թիմի մարզումների հետ կապված էլ ասեմ, որ, երեւի Դուք տեղյակ չեք, որ մենք ունենք 50 մետրանոց լողավազաններ` ինչպես Երեւանում, այնպես էլ Ծաղկաձորում:
«ԼԻՆԵԼՈՎ ՓՈՔՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ Է ԻՐ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ»
- Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում հայկական սպորտը անմխիթար վիճակից հանելու համար։ Հայ մարզիկները Հայաստանում չեն գնահատվում, բայց դրսում մեծ հաջողությունների են հասնում: Ո՞րն է պատճառը: (ՄԱՅՈՒՇ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ, ք. Երեւան)
-Ինչո՞ւ է անմխիթար վիճակում, լինելով փոքր հանրապետություն` Հայաստանը ճանաչված է իր սպորտային արդյունքներով: Այսօր սպորտաշխարհն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունն աշխարհին: Մենք օլիմպիական եւ աշխարհի չեմպիոններ ունենք, մինչդեռ մի շարք երկրներ կան, որ մեզնից մեծ են ու նույնիսկ օլիմպիական չեմպիոն չունեն: Ընդորում` հարուստ երկրներ են:
- Բավական երկար ժամանակ քննարկվում էր Հենրիկ Մխիթարյանի Բաքու գնալու- չգնալու հարցը, ի վերջո, Գերմանիան պե՞տք է արգելեր, ՀՀ սպորտի նախարարությունը դեր չունե՞ր այստեղ: (ՍԱՀԱԿ, ք. Երեւան)
-Իսկ ի՞նչ կապ ունի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը գերմանական ակումբի հետ: Այն առանձին միավոր է, ընդորում` այլ երկրի:
ՍԵՐԳԵՅ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԱՅՍ ՄԱՐԶԱՁԵՎՈՒՄ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ Է
- Ձմեռային մարզաձեւերի զարգացման համար, շա՞տ մեծ ծախսեր են անհրաժեշտ: Օրինակ, դահուկավազքը համարո՞ւմ եք լուրջ մարզաձեւ եւ նախարարությունը որեւէ միջոցներ ձեռնարկո՞ւմ է այս մարզաձեւում միջազգային մրցումներին մասնակցելու համար: (Մարզասեր)
- Սկանդինավյան երկրներում գրեթե միշտ ձմեռ է եւ, բնականաբար, հնարավորությունն այնտեղ ձմեռային մարզաձեւերով զբաղվելու ավելի մեծ է, բայց Հայաստանը հարավային երկիր է, եւ հասկանալի տրամաբանությամբ, քիչ բազաներ ունենք, որտեղ մեր մարզիկները ոչ սեզոնային ժամանակահատվածում կարող են զբաղվել ձմեռային մարզաձեւերով: Այդ պատճառով մեր հավաքական թիմը մարզվում է այլ երկրներում, ինչի համար համապատասխան ֆեդերացիաները ֆինանսական աջակցություն են ստանում կառավարությունից: Ինչ վերաբերում է դահուկային մարզաձեւին, այն Հայաստանում միշտ էլ եղել է արդի եւ այսօր էլ մեր նախարարության ուշադրության կենտրոնում է: Մենք ունենք շատ բարձրակարգ մարզիկ` Սերգեյ Միքայելյանն, ով այս մարզաձեւում մեր ապագան է եւ էլի շատ լավ մարզիկներ:
ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ` ԲԵՐԴԻ ԲՈԼՈՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՄԱՐԶԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Ի՞նչ կասեք Նիդեռլանդների առաջարկի մասին «Հայրենասիրական, մարզական-առողջարարական մանկական ճամբար» ստեղծելու վերաբերյալ: Այդ նախագիծը կստանա՞ ընթացք մոտ ապագայում: (ՍԱՐԳԻՍ, ք. Երեւան)
- Այդ աշխատանքները տարվում են եւ ճամբարը ծառայելու է մեր երեխաներին: Այն սոցիալապես անապահով երեխաները, ովքեր չունեն հնարավորություն գնալ ճամբարներ, իրենք եւս ներգրավվելու են` 3 ամսով գալու են այստեղ հանգստանան եւ մարզվեն: Եվս մի կարեւոր ծրագիր ունենք, որն արդեն իրականացնում ենք սահմանամերձ գյուղերում: Վերին Կարմիրաղբյուր գյուղում կառուցվելու է մարզամշակութային համալիր, որպեսզի Բերդի (Շամշադինի) բոլոր սահմանամերձ գյուղերի բնակիչները օգտվեն այդ համալիրից: Արդեն աշխատանքները տարվում են այնտեղ: Այս մարզամշակութային կենտրոնի կառուցման աշխատանքները ֆինանսավորում են մեր հայրենակիցները՝ արտերկրից: Համալիրն ունենալու է լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի դաշտ, խաղային հրապարակ, մինչեւ երեք տարեկան երեխաների համար նախատեսված խաղասենյակներ եւ այլն:
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ԽՆԴԻՐԸ
- Թալինում` Սասնա գյուղերում, շատ ուժեղ երիտասարդներ ունենք, բազկամարտի մարզիչ ունենք, իհարկե, սպորտ դպրոց էլ ունենք: Խնդրում եմ օգնեք մարզագույք ձեռք բերենք, որպեսզի մեր երիտասարդները կարողանան զբաղվել բազկամարտով եւ բռնցքամարտով: (ԺԻՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ, ք. Թալին)
- Եղել եմ Թալինում ու տեսել եմ սպորտդպրոցը եւ համաձայն եմ Ձեզ հետ, որ ունենք ուժեղ երիտասարդներ: Հաշվի կառնեմ Ձեր խնդրանքը եւ անպայման կզբաղվեմ այդ հարցով:
-Սպորտ դպրոցներում շատ թանկ են վճարում պարապմունքների համար, օրինակ, եղբայրս, հաճախում է Շենգավիթ համայնքի սպորտդպրոց ու վճարում 6-9 հազար դրամ: Արդյո՞ք նախարարությունը վերահսկողություն ունի սպորտդպրոցների վրա: (ՀՀ քաղաքացի)
-Ի՞նչ է պարապում Ձեր եղբայրը:
-Ֆուտբոլ:
- Նախ ասեմ, որ այդ դպրոցը պատկանում է համայնքին եւ պետք է ճշտել իրենց գումարային սանդղակը: Յուրաքանչյուր մարզաձեւ եւ յուրաքանչյուր համայնք իրավունք ունի, ըստ կանոնադրության, սահմանել գումար եւ գանձել այն: Բայց նաեւ ավելացնեմ, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար Հայաստանի Հանրապետության բոլոր խմբակներում պարապմունքներն անվճար են:
- Ամեն դեպքում, հետաքրքիր է, որ թեպետ բավական թանկ են պարապմունքները, բայց պայմանները շատ վատն են:
- Նման տեղեկատվություն չունեմ, բայց հավատում եմ Ձեզ ու կուսումնասիրեմ խնդիրը:
Ո՞ՐՆ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՍԻՐՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԸ
-Նախարաը միշտ բազմազբաղ է, հետաքրքիր է` չե՞ն դժգոհում ընտանիքի անդամները: (ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ, ուսանողուհի)
- Իհարկե, դժգոհում են, բայց իրենք այդ հարցին մոտենում են ըմբռնումով: Բոլոր դեպքերում յուրաքանչյուր ազատ ժամանակ, նույնիսկ երեկոյան շատ ուշ, աշխատում եմ պարտադիր ժամանակ հատկացնել ընտանիքիս:
- Ունե՞ք արդյոք սիրված մարզաձեւ եւ ո՞վ է Ձեր կողմից սիրված մարզիկը: (ԻԶԱԲԵԼԱ ՏԻԳՐԱՆՅԱՆ, ք. Երեւան)
-Իհարկե, ունեմ: Բոլոր մարզաձեւերն էլ իմ «թուլություններն են», բայց առավել գերադասում եմ բասկետբոլը եւ, բնականաբար, իմ կողմից սիրված մարզիկը համաշխարհային բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանն է:
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Լուսանկարները` ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի չորեքշաբթի օրվա համարում:
https://iravunk.com/sim/?p=162185&l=am/