Թբիլիսիի հայկական թատրոնի անօթեւան մնալը բացարձակապես չի ազդել ստեղծագործական որակի վրա
Արխիվ 12-16
Թբիլիսիի հայկական թատրոնի անօթեւան մնալը բացարձակապես չի ազդել ստեղծագործական որակի վրա
Օրերս կայացավ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Սովորական պատմություն» ներկայացման առաջնախաղը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի բեմադրությամբ: Քանի որ թատրոնի շենքն այժմ գտնվում է վերանորոգման փուլում, ուստի ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում:
Հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ «Իրավունքին» ասաց, որ ներկայացումն ընթացել է հաջողությամբ ու լեփ-լեցուն դահլիճում. «Հանդիսատեսը երկար ժամանակ բաց չէր թողնում ստեղծագործական խմբի անդամներին: Այս փաստը մեկ անգամ եւս ուրախացրեց մեզ, մենք տեսանք արդեն մի քանի տարի դժվար պայմաններում աշխատող Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվի ստեղծագործական կենսունակությունն ու նվիրումը: Ուրախալի է, որ այս թատրոնում աշխատում են տաղանդավոր մարդիկ, եւ նրանց անօթեւան մնալը բացարձակապես չի ազդել
թատրոնի ստեղծագործական որակի վրա: Այդ առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թատրոնի ստեղծագործական կազմին, որը դժվարին պայմաններում, այնուամենայնիվ, կարողացավ պահել-պահպանել թատրոնը եւ շատ հետաքրքիր աշխատել»:
Ի դեպ, թատրոնի շենքի ներկայիս վիճակի մասին ՀԹԳՄ նախագահը նշեց. «Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ թատրոնի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մյուս տարի ամռանը, եւ թատրոնը կվերաբացի իր դռները հանդիսատեսի առաջ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162181&l=am/