ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ
Արխիվ 12-16
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ
Հոկտեմբերի 16-23-ը Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ինստիտուտում անցկացվող Ռեժիսուրայի 8-րդ միջազգային փառատոնին Հայաստանից մասնակցել են «ԱՐՄՄՈՆՈ-ԴԵԲՅՈՒՏ-2015» խորագրի մասնակիցները` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական երրորդ կուրսի` Հրաչյա Ղազարյանի արվեստանոցի ուսանողները եւ Հայաստան վերադարձել մի քանի մրցանակներով: ԲԱԲԿԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւ ԼԻԼԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ փառատոնի շրջանակում ներկա են գտնվել անվանի ռեժիսորների, թատերագետների, մանկավարժների կողմից անցկացվող վարպետության դասերին, հնարավորություն ունեցել Մոսկվայի մի շարք թատրոններում ներկայացումներ դիտելու եւ դիտածը թատերագետների հետ քննարկելու:
Փառատոնի հատուկ պահանջների համաձայն` մասնակիցները պետք է տասնօրյա ժամկետում ընտրեին դերասաններ եւ բեմադրեին Ժան դը Լաֆոնտենի առակները եւ արդյունքում արժանանային մրցանակների: Բ. Գրիգորյանը բեմադրել էր «Աղվեսը եւ ճանճերը» առակը, իսկ Լ. Բաղդասարյանը` «Ճարպիկ հարսնացուն»: Ժյուրիի որոշմամբ` Բ. Գրիգորյանն արժանացել է մրցանակի` «Լավագույն զանգվածային տեսարաններ բեմադրելու համար» անվանակարգում:
Ի դեպ, Բ. Գրիգորյանի եւ Լ. Բաղդասարյանի կողմից բեմադրված ներկայացումների գլխավոր դերակատարները եւս մրցանակի են արժանացել` «Լավագույն դերակատար» անվանակարգում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162177&l=am/