ՀԱԿ-ՈՒՄ ԱՆԳԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Արխիվ 12-16
ՀԱԿ-ՈՒՄ ԱՆԳԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ
ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
ՀԱԿ-ում հինգ հոգով յոթ երգ են երգում` նման բնութագրում հաճախ ենք լսում իշխանության ներկայացուցիչների շուրթերից: Այս իրավիճակը արտացոլվեց նաեւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ` սահմանադրական բարեփոխումների հանդիպումների ընթացքում: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` որպես ՎՍԴՀԿ ատենապետուհի, Բաղրամյան 26-ում հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, որից հետո ՀԱԿ-ի շրջանակները մեծ արշավ սկսեցին պատգամավորի դեմ: Այսօր էլ պարզ դարձավ, որ միասնականություն ՀԱԿ խմբակցությունում չկա: Նույնականացման քարտերի կիրառության դեմ խոսող ՀԱԿ խմբակցությունը միասնական դիրքորոշմամբ հանդես չեկավ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն օրեր առաջ հայտարարում էր, որ նույնականացման քարտերի կիրառումը կասկածի տակ կդնի հանրաքվեի լեգիտիմությունը:
«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի այսօրվա քվեարկությունից, սակայն, բացակայում էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը եւս ներկա չէր քվեարկությանը: Խմբակցության պատգամավորները քվեարկել են այսպես` Լյուդմիլա Սարգսյանը չի մասնակցել քվեարկությանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանն ու Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը դեմ են քվեարկել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ