«ԱՐԴԱՐԱՑԻ ՉԷ, ՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ` ԴԵՌԵՎՍ ՉԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16
«ԱՐԴԱՐԱՑԻ ՉԷ, ՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ` ԴԵՌԵՎՍ ՉԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Վերջին շրջանում մամուլում ամենաքննարկվող թեմաներից մեկը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցն էր, որը տեղափոխվել է լիագումար նիստ: Թե ինչ քայլեր է ձեռնարկում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը մինչ լիագումար նիստը, «Իրավունքը» հետաքրքրվեց մեր պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՑ` անդրադառնալով նաեւ այս օրերին հնչած տարաբնույթ մեղադրանքներին.
«ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԵԽԽՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ»
–Մինչ լիագումար նիստը, բնականաբար, պետք է փորձենք հնարավորինս շատ պատվիրակների, շատ երկրների ներկայացուցիչների հասցնել տեղեկատվություն այն մասին, թե նախ ինչ խախտումներով է տեղի ունեցել զեկույցի նախապատրաստման գործընթացը, երկրորդ` ինչ իրական բնույթ ունի զեկույցը, եւ երրորդ` ինչ վտանգներով է հղի ընդունումը: Սրանք են այն հիմնական թիրախները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք` հասցնելու տեղեկատվությունը հանձնաժողովի նիստից բացակայած եւ ԵԽԽՎ մյուս պատվիրակներին: ԵԽԽՎ հանձնաժողովներն ունեն հատուկ կարծիքի ձեւաչափ, որից օգտվելով` մենք` Արմեն Ռուստամյանի հետ, ներկայացրել ենք մեր անհամաձայնությունները` վերոնշյալ զեկույցի հետ կապված: Մեր հատուկ կարծիքի, ինչպես նաեւ նախապես հանձնաժողովի մեր գործընկերներին ուղղած նամակների մեջ մեկ առ մեկ ներկայացրել ենք, թե ԵԽԽՎ կանոնակարգի որ կետերն են խախտվել` այս զեկույցը նախապատրաստելիս: Նախ` կանոնակարգը պահանջում է, որ զեկուցողն իր պրոֆեսիոնալ, ընտանեկան եւ անձնական մակարդակներում չունենա շահերի բախում` կապված զեկույցի սուբյեկտի հետ: Մինչդեռ, պարոն Ուոլթերը անցած տարվա հոկտեմբերին, նշանակվելով զեկուցող եւ հայտարարելով, որ շահերի բախում չունի այս հարցում` ստել է եւ թաքցրել իր կնոջ նախաձեռնությունները, որոնք կատարում է Ադրբեջանում ու աշխատում է Սոկարի հետ: Բացի դրանից, մեր տարածած տեղեկատվության մեջ նշել ենք այն մասին, որ երբ Ռ. Ուոլթերը նշանակվում էր զեկուցող, նա արդեն նախաձեռնել էր Թուրքիայի քաղաքացիություն ստանալու գործընթացը: Ավելին` մայիսին նա ստացել է Թուրքիայի քաղաքացիությունը, ընդ որում` անձնագիրը ստացել է այդ երկրի արտգործնախարարի ձեռքից: Հասկանալի է, որ նման վերաբերմունքի արժանանում են, որպես կանոն, հատուկ ծառայություններ մատուցած անձինք: Իմանալով նաեւ, որ Թուրքիայի դիրքորոշումը բացարձակ համահունչ է ադրբեջանականին` արդեն շատ լուրջ անվստահություն է ծնվում հայկական կողմի համար: Եվս մեկ խախտված պահանջ` փաստահավաք առաքելություն իրականացնելու հետ կապված` հատկապես, որ պարոն Ուոլթերն ամեն ինչ արեց, որպեսզի չայցելի Հայաստան եւ հատկապես` Արցախ, ինչը մեր պահանջն է եղել, ու նաեւ ԵԽԽՎ աշխատանքների պրակտիկան: Արդյունքում զեկուցողն անաչառության պակաս ցուցաբերեց` չկատարելով այս փաստահավաք առաքելությունը եւ ներկայացնելով միայն Ադրբեջանի կարծիքները եւ իրենց համար շահեկան կետերը: Ի դեպ, սա նաեւ կոնտրաստի մեջ է հենց նույն զեկուցողի պահվածքի հետ, որովհետեւ 2013 թվականին, երբ Ադրբեջանի քաղբանտարկյալների զեկույցն էր ներկայացնում գերմանացի պատվիրակ Շտրասերը, որին թույլ չէին տվել մուտք գործել Ադրբեջան` տեղում ծանոթանալու իրավիճակին, հենց որպես պատճառ հիմք ունենալով տարածքը չայցելելը` նույն պարոն Ուոլթերի նախաձեռնությամբ մերժվեց այդ զեկույցը: Մեր հատուկ կարծիքի նպատակն էր, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը` հիմք ընդունելով այս խախտումները, որոնք կատարվել են զեկույցը նախապատրաստելու ընթացքում, նշանակեր նոր զեկուցող եւ նոր գործընթաց, եւ այս հարցն էր, որ մեր առաջարկով դրվեց քվեարկության, որը 14 «կողմ», երկու ձեռնպահ եւ 24 «դեմ» քվեարկությամբ մերժվեց:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ` ԻՐ ԼԿՏԻ ՊԱՀՎԱԾՔԸ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
–Տիկին Նաղդալյան, ինչո՞վ է պայմանավորված, որ Ադրբեջանն իր ողջ ֆինանսական ու մարդկային ռեսուրսները ներդրեց, որպեսզի այս զեկույցն ինչ-որ կերպ ընդունվի:
– Այս փաստաթուղթը նախեւառաջ բացարձակ դիսոնանսի մեջ է Մինսկի խմբի բառապաշարի, մոտեցումների ու սկզբունքների հետ: Ավելին` միակողմանի վերարտադրում է այս տարիների ընթացքում Մինսկի կողմից մերժված ադրբեջանական բոլոր նախաձեռնություններն ու ցանկությունները: Եվ պատահական չէր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պարոն Ուորլիքի արձագանքը այն մասին, որ իրենց համար եւս անընդունելի է, որ ԵԽԽՎ-ն մտնի այդ դաշտ, որի միակ միջազգայնորեն ընդունված ձեւաչափը Մինսկի խումբն է: Ասեմ, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում եւս եղան պատվիրակներ, որոնք խոսեցին, որ սրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի խնդիրներն են, եւ սրանք խնդիրներ են, որոնց հետ ԵԽԽՎ-ն երբեւէ առնչություններ չի ունեցել, եւ մեր կանոնակարգին դրանք չեն համապատասխանում: Իրականում այս ամենի նպատակը կարող է լինել միմիայն քաղաքական: Ադրբեջանին ԵԽԽՎ-ն եթե նման փաստաթուղթ տա, սա հիմք կստեղծի, որ նա կարծրացնի իր դիրքորոշումը Մինսկի խմբի բանակցությունների ընթացքում, որով ավելի կլկտիանա եւ իրեն թույլ կտա վարքագիծ, որը կբերի նոր զոհերի, նոր սրացումների: Հետեւաբար, այս զեկույցի ընդունումը որեւէ մեկի համար չի կարող լինել ընդունելի, ու սա ԵԽԽՎ այն պատվիրակների խղճի վրա կլինի, որոնք աջակցել կամ քաջալերել են այս զեկույցը: Սա հենց այն տեղեկատվությունն է, որը պետք է հասցնենք մեր եվրոպացի գործընկերներին:
«ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆՔ ՀԱԿԱԴԱՐՁԵԼ ԱՅԴ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՆ»
–Վերջին օրերի հրապարակումներին հետեւելով` ստացվում է, որ միջազգային կառույցներում ունեցած հաջողությունները ողջ Հայաստանինն են, իսկ անհաջողությունների դեպքում միայն պատվիրակությունն է թիրախավորվում: Չե՞ք կարծում, որ դեսպանությունները, Սփյուռքը նաեւ լուրջ անելիքներ ունեն այս հարցում:
– Չեմ հրաժարվի պատասխանատվությունից կամ իմ պարտավորություններից` որպես պատվիրակության ղեկավար, որովհետեւ եթե ինչ-որ տեղ թերանամ կամ անորակ կատարեմ իմ աշխատանքը, պատրաստ եմ դրա համար պատասխանել: Բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ այն ժամանակից ի վեր, ինչ պատվիրակության ղեկավարն եմ` այս մեկ տարվա ընթացքում, փորձել եմ աշխատել Արտգործնախարարության, Սփյուռքի կառույցների եւ խորհրդարանական պատվիրակության հնարավորինս սերտ համագործակցության հիմքի վրա: Թերեւս միշտ չէ, որ համագործակցությունը ստացվել է, բացի այս, մեկ տարվա ընթացքում մենք անընդհատ գտնվել ենք հարձակման թիրախում, անընդհատ ետ ենք մղել ադրբեջանական նախաձեռնությունները: Սա, ի դեպ, նույնպես բացատրվում է որոշ չափով այն աշխարհաքաղաքական զարգացումներով, որ կան այսօր աշխարհում: Ադրբեջանցիները շատ ոգեւորվեցին նրանից, որ Ռուսաստանի նկատմամբ ԵԽԽՎ-ն ունեցավ պատժիչ որոշումներ, եւ Եվրոպայի կողմից Ղրիմի միացումը սվիններով ընդունվեց: Արդյունքում իրենք քաջալերվեցին ու փորձեցին, այսպես ասած, այդ գնացքի վագոնը նստել ու դրանով Հայաստանին ինչ-որ տհաճ անակնկալներ բերել: Եվ այդ իրողություններից անմիջապես հետո սկսվեց իրենց 3-4 նախաձեռնություններով ռմբակոծությունը ԵԽԽՎ-ում: Այս ընթացքում մենք անընդհատ փորձել ենք հակադարձել իրենց հարձակումներին: Դրանցից մեկը հունիսյան նստաշրջանում արդեն այն աստիճանի ֆանտաստիկ ժանրի էր հասել, որ Ադրբեջանին վերաբերող մոնիթորինգային զեկույցի մեջ էլ էին ուզում անպայման Ղարաբաղի օկուպացիայի մասին միտք հնչեցնել, որն իրենց եւս չհաջողվեց: Այնպես որ, այս ընթացքում ինչքան հնարավոր եղել է, կարողացել ենք հակադարձել այդ հարձակումներին:
«ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ Է»
–Թեպետ պատվիրակությունը ԵԽԽՎ-ում դիմակայում է ադրբեջանական ռմբակոծություններին, բայց հայաստանյան արձագանքներից այնպիսի տպավորություն է երբեմն ստեղծվում, որ միջազգային ճակատում կանգնած զինվորին մեղադրում են նրա համար, որ իր վրա հարձակվում են...
– Իրականության մեջ պատերազմը նաեւ դիվանագիտական ճակատում է: Եվ, այո, միջազգային կազմակերպություններից յուրաքանչյուրն այդ ճակատի մի հատված են: Մեր պատվիրակությունն ու մեր դիվանագետները, ովքեր այդտեղ աշխատում են, իսկապես, աշխատում են ճակատային ռեժիմում եւ զինվորի նման պահում են մեր այդ վիրտուալ սահմաններն ու հակադարձում: Ու ամենեւին արդարացի չէ, որ ճակատում կանգնած զինվորին ոչ թե քաջալերում են, հոգեպես խրախուսում, այլ մեղադրում են դեռեւս չկրած պարտությունների համար: Էլ չեմ խոսում այն մասին, որ, իսկապես, մեր ուժերը շատ անհավասար են:
– Բազմիցս է խոսվել Ադրբեջանի խավիարային դիվանագիտության մասին, ի վերջո, ինչպես Դուք նշեցիք, այս անհավասար պայքարում ինչպե՞ս կարող ենք մրցել ադրբեջանական նավթադոլարների հետ:
– Իհարկե, հիմա արդեն ամենուրեք խոսվում է ԵԽԽՎ-ի կոռումպացվածության մասին, որը բավական լուրջ դեր ունի այդ կառույցում: Բայց միայն սա չէ խնդիրը, թվաքանակային իմաստով իրենց համախոհների թիվը մի քանի անգամ գերազանցում է մեր ուժերը, որովհետեւ Հայաստանը ներկայացված է ԵԽԽՎ-ում 8 պատվիրակով , որպես կանոն` մեզ որոշ չափով օգնում են ֆրանսիացիներն ու իտալացիները: Իսկ Ադրբեջանն ունի 12 պատվիրակ, ինչպես նաեւ 36 պատվիրակ Թուրքիայի կողմից: Եվս երկու-երեք պատվիրակ էլ նրանց աջակցում են Բոսնիա, Ալբանիա եւ այլ մուսուլմանական պատվիրակներից, որոնք անվերապահորեն միասնական են: Այսինքն` ստարտային պայմաններում արդեն մենք անհավասար վիճակում ենք գտնվում: Եվ դրան նաեւ ավելացնենք աշխարհաքաղաքական իրավիճակը, որովհետեւ գաղտնիք չէ, որ Եվրոպայում այսօր կան բազմաթիվ երկրներ, որտեղ ազգերի ինքնորոշման իրավունքի դեմ պայքար են մղում մետրոպոլիաները: Եվ նրանցից շատերը ոչ թե խավիարային կաշառվածության հիմքի վրա, այլ իրենց սեփական շահերից ելնելով` համաձայն չեն մեր շահերի հետ: Այսինքն` իրենք ոչ թե մեր դեմ են գործում, այլ իրենք իրենց շահերով են առաջնորդվում: Հաճախ մեր լրատվական դաշտում քննադատություն է հնչում, որ իրենք կաշառում են, մենք ոչինչ չենք կարողանում անել. այդպես չէ, միայն կաշառելը չէ, այս մի քանի հանգամանքներն իրար հետ կուտակվելով` բերում են այս իրավիճակին, ինչն ունենք:
«ՍԱ ԱՆՏԵՂԻ ԵՎ ՀԱՆԻՐԱՎԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Է ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ»
–Այս ամենից քաջատեղյակ լինելով` այնուամենայնիվ, հայրենի ընդդիմությունը տարբեր որակումներ է հնչեցնում պատվիրակության հասցեին` մեղադրելով նաեւ ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ: Ի՞նչ կասեք այս մասին:
– Մեր պատվիրակությունն այսօր երեք անդամ ունի իշխանության կողմից, 5-ը ընդդիմության ներկայացուցիչներ են: Եվ երկրորդ` պատվիրակության կազմում թեպետ երիտասարդներ կան, բայց կան նաեւ բավականին փորձառու մարդիկ, որոնք տարիներ շարունակ աշխատել են այս պատվիրակության կազմում: Նկատի ունեմ Արմեն Ռուստամյանին, որը ՀՀ-ի ԵԽԽՎ մուտք գործելուց ի վեր այս պատվիակության կազմի մեջ է ու հսկայական փորձ եւ գիտելիքներ ունի, ինչպես նաեւ Նաիրա Զոհրաբյանը, որն արդեն երկու գումարում է` շուրջ 8 տարի, ինչ այս պատվիրակության կազմում է, ու նույնպես շատ մեծ փորձառություն եւ ակտիվություն ունի: Ես նույնպես բավական երկար տարիներ է, ինչ աշխատում եմ: Եվ ինձ համար անընդունելի է, որ ոչ պրոֆեսիոնալ, մակերեսային դատողությունների մակարդակով, օգտագործելով այսօրվա դժվարությունները` փորձում են պատվիրակությանը վարկաբեկել կամ նման գնահատականներ հնչեցնել: Այսօր մարդիկ կան, ովքեր կյանքում ԵԽԽՎ-ի երեսը չեն տեսել, կամ էլ մի երկու անգամ այդ ԵԽԽՎ-ի մայթով գնացել-եկել են, բայց լուրջ դեմքերով դատողություններ են անում, թե այսպես անեիք, այնպես անեիք: Կարծում եմ` սա անտեղի եւ հանիրավի վերաբերմունք է պատվիրակության նկատմամբ:
«ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԼԻՆԻ ԵՎՐՈՊԱՄԵՏՆԵՐՈՎ...»
–Ի դեպ, լուրջ դեմքով հանիրավի դատողություն անողներից մեկն էլ Հովհաննես Իգիթյանն է, ով նշել է, որ ճիշտ կլիներ ԵԽԽՎ-ում աշխատեին Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, ովքեր առավել եվրոպամետ կողմնորոշում ունեն, քան ռուսամետ Հերմինե Նաղդալյանը:
– Ինձ ո՛չ ռուսամետ, ո՛չ եվրոպամետ չեմ համարում: Ես հայամետ եմ` ՀՀ քաղաքացի եմ, հայ քաղաքական գործիչ եմ եւ ՀՀ ԱԺ փոխնախագահն եմ, այսինքն` իմ ուղղակի պարտականությունն ու առաքելությունը տեսնում եմ Հայաստանի շահերը հետապնդելու, ՀՀ շահերի համար աշխատելու, ծառայելու մեջ: Ես ոչ մի այլ «երկրամետ» չեմ կարող լինել, բացի հայամետությունից: Ու չեմ էլ ընդունում այդ սկզբունքը, որ որեւէ միջազգային կազմակերպությունում պետք է աշխատեն եվրոպամետ կամ արեւմտամետ մարդիկ: Սա Հայաստանին միմիայն խնդիրներ կարող է բերել եւ սխալ մոտեցում է: Բոլոր միջազգային կառույցներում յուրաքանչյուր երկիր իր շահերով է առաջնորդվում, ինչո՞ւ պետք է Հայաստանը ներկայացված լինի եվրոպամետներով կամ այլ «մետներով»: Այս տարածված օտարամոլությունը նպատակ ունի ոչ թե ի շահ երկրի գործելու, այն նրան, որ վաղը պաշտոնից դուրս գալուց հետո որոշ մարդկանց նման այստեղ կամ այնտեղ պատսպարվելու հնարավորություններ ունենան:
– Եվ մի վերջին հարց` կապված պատվիրակության կազմում գտնվող ընդդիմության պահվածքի հետ: Մենք հիշում ենք, որ ժամանակին պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն անգամ ծափերի է արժանացել ադրբեջանցի պատվիրակների կողմից: Հետաքրքիր է` այս հարցում որքանո՞վ էր միասնական պատվիրակության անդամների դիրքորոշումները:
– Իմ առջեւ նաեւ խնդիր եմ դրել, որ պատվիրակությունը միասնական գործի, դրա համար յուրաքանչյուր կարեւոր հարցի վերաբերյալ խորհրդակցելով ենք աշխատում, փորձում ենք միասնական որոշումներ կայացնել, այդպես է եղել նաեւ այս զեկույցի վերաբերյալ: Եվ պետք է ասեմ, որ մեր օպոզիցիոն գործընկերները, որպես կանոն, ազգային, պետական կարեւոր շահերի առնչության պարագաներում միասնական են: Հունիսյան նստաշրջանից հետո առիթ ունեցել եմ բոլորին շնորհակալություն հայտնելու եւ գնահատելու բոլորի աշխատանքը` թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների, եւ ասել եմ, որ բոլորի միասնական աշխատանքի արդյունքում, այդ թվում նաեւ մեր ԱԳՆ կառույցների, հնարավոր եղավ, որ մենք արդյունք ունեցանք: Խորապես վստահ եմ, որ միշտ այդպես պետք է անել, որովհետեւ միմիայն այդկերպ կարող ենք արդյունքի հասնել: Բայց երբ տուն ենք վերադառնում, միասնականությունը նահանջում է ու մոռացվում, եւ այստեղ սկսվում են տարբեր գնահատականներ, տարաձայնություններ ու քննադատություն, որն անարդար եմ համարում: Համաձայն եմ, որ օպոզիցիայի պարտականությունը քննադատությունն է, բայց քննադատելուց առաջ կարծում եմ` կարեւոր է, որ ամեն մեկն իր խղճի առաջ ազնիվ լինի, իր պարտականությունն ազնվորեն կատարած լինի ու քննադատելիս էլ` ազնիվ քննադատի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162162&l=am/