«ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ, ՑԱՎՈՔ, ՇԱՏ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ»
Արխիվ 12-16
«ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ, ՑԱՎՈՔ, ՇԱՏ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ»
Ապօրինի անտառահատումներն ակնհայտորեն գնալով միայն մտահոգիչ չափերի են հասնում: Ընդ որում, եթե ինչ-որ տեղ կարելի է հասկանալ նրանց, ովքեր շարքից դուրս եկած ծառեր են գողանում վառելափայտի համար, ապա միանգամայն անտանելի է, երբ այդքանից հետո ծառերը հատում են որպես զուտ հումք` հետագա վերամշակման համար: Առավել եւս, որ այս երկրորդ դեպքում հատվում են հիմնականում թանկարժեք փայտանյութ ունեցող ծառատեսակները:
Պակաս «տարօրինակ» չէ, որ այս վիճակում հայաստանյան անտառաշատ մարզերի պատկան չինովնիկներն այդպես էլ «չեն տեսնում», թե ինչ է կատարվում իրենց վերահսկողության գոտում: Չնայած՝ անտառների հարցով մեկ այլ վերին օղակ էլ ունենք: Ուստիեւ՝ ապօրինի ծառահատումների, դրանց պատճառների եւ խնդրի լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ խնդրեցինք ՀՀ գյուղատնտեսության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՑ: Նա եւս արձանագրեց, որ ապօրինի ծառահատումները շարունակվում են, բայց...
- Ապօրինի ծառահատումների փաստեր միշտ էլ արձանագրվում են տարբեր կառույցների, նախեւառաջ՝ «Հայանտառի» անտառտնտեսությունների կողմից: Ապօրինի հատումներն անտառներին ուղեկցող ցավալի, բայց մշտապես ուղեկցող երեւույթ է: Նման դեպքեր արձանագրվում են բավական հաճախ, բայց եթե համեմատենք վերջին տարիներին արձանագրված ապօրինի հատումները, ապա պետք է նշեմ, որ արձանագրված դեպքերը մի քանի անգամ նվազել են: Ապօրինի հատումները մի քանի անգամ նվազել են, անգամ եթե համեմատենք սովետական տարիներին արձանագրվող դեպքերի հետ: Բայցեւայնպես, ինչ խոսք, ապօրինի հատումների դեպքերը այսօր մտահոգիչ են:
- Պարոն Մաթեւոսյան, առավել թիրախային են, սակայն, Լոռու եւ Տավուշի մարզի անտառները, ինչո՞ւ:
- Ես կասեի, որ թիրախային են բոլոր անտառամերձ շրջանները, որտեղ գյուղացիներն իրենց ձմեռվա վառելափայտը հատում են անտառներից: Չնայած այն հանգամանքին, որ կառավարության որոշմամբ թափուկ փայտանյութը անտառամերձ համայնքներին կարող է տրամադրվել անհատույց՝ մինչեւ 8 խմ, բայց գյուղացիները շարունակում են դիմել ապօրինի հատմանը: Պետք է ասեմ նաեւ, որ վերջին չորս տարիների ընթացքում համայնքներին մոտ թափուկն ավարտվել է. մնացել է առավել հեռու տարածքներում, որտեղից գյուղացիները չեն կարողանում փայտանյութը դուրս բերել` ճանապարհների բացակայության եւ աշխատանքի ծանրության պատճառով: Եվ գուցե դա էլ է պատճառ, որ դիմում են ապօրինի հատումների: Մենք, իհարկե, որոշ գործողություններ անում ենք: Օրինակ` հիսուն տոկոս զեղչ գնով վառելափայտ ենք տրամադրում գյուղացիներին: Բայց ցավոք՝ միշտ չէ, որ դա օգնում է, եւ հնարավոր է լինում այդ կերպ կանխել ապօրինի հատումները: Ինչ վերաբերում կոնկրետ Լոռու մարզի անտառային ապօրինի հատումներին, ապա այո, արձանագրված դեպքերն էլ են այդ մասին վկայում, որ ապօրինի ծառահատման առումով դա ամենաթիրախային տարածաշրջանն է: Սա գալիս է նաեւ մարզի անտառամերձ համայնքների սոցիալական վիճակից:
- Իսկ ի՞նչ անել, որ նման դեպքեր առհասարակ չգրանցվեն:
- Անտառօգտագործումը համաշխարհային երեւույթ է, եւ հատուկ է ոչ միայն Հայաստանին: Այդ իսկ պատճառով եւ Եվրամիությունը եւ Համաշխարհային բանկը ծրագրեր են իրականացնում ապօրինի հատումների վերացման ուղղությամբ:
- Որպես ոլորտի պատասխանատու, որքանո՞վ եք ճիշտ համարում, երբ Տավուշի մարզպետարանի համապատասխան աշխատակիցը Դիլիջանի անտառների նոսրացումը կապում է տերեւաթափի հետ:
- Անկեղծ ասած, «Դիլիջան ազգային պարկը» Բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ է եւ կապ չունի մեզ հետ: Բայց, ինչ խոսք, պատասխանը ծիծաղելի է:
«ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՉՈՐՍ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ` ԴՍԵՂԻ ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
-Եվ, վերջում, որպես խնդրի լուծում, ինչպե՞ս եք տեսնում ապօրինի հատումներին ուղղված աշխատանքները:
- Մի շարք միջոցառումներ են անհրաժեշտ իրականացնել: Նախեւառաջ մասնավորապես սահմանամերձ բնակչության համար մատչելի դարձնել այլ էներգառեսուրսները` գազը, էլեկտրաէներգիան, եւ այդ առումով արդեն իսկ կառավարության կողմից սուբսիդավորում է իրականացվել:
Իհարկե, սրանց զուգահեռ, այսօր էլ ապօրինի ծառահատումներ ցավոք շատ են արձանագրվում, հարուցվում են բազմաթիվ քրեական գործեր` ապօրինի հատումների մասով: Օրերս էլ Ալավերդու տարածաշրջանում հարուցվել է չորս քրեական գործ Դսեղի անտառտնտեսությունում իրականացված ապօրինի ծառահատումների վերաբերյալ, որոնք ի հայտ են եկել բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքում: Բայց մենք` իրավապահների ակտիվ մասնակցությամբ այդ ապօրինությունները փորձում ենք հաղթահարել: Ընդունվել են բազմաթիվ իրավական ակտեր, որոնք պարզ են դարձնում ճանապարհներին հայտնաբերված փայտանյութի օրինականությունը: Ասեմ նաեւ, որ հայտնաբերվում են դեպքեր, երբ գյուղացիներին տված 8 խմ թափուկ փայտանյութ իրենց իսկ կողմից վաճառվում է Երեւանից գնացած առեւտրականներին:
Մեզ մնում է միայն հիշեցնել, որ Տավուշի մարզի բնապահպանության վարչության պետ Սամվել Գեւորգյանը օրերս ի պատասխան մեր այն հարցին, թե՝ «բացառո՞ւմ եք ապօրինի ծառահատման դեպքերը` կոնկրետ Ձեր մարզում», պատասխանել էր. «Ես նման փաստեր չունեմ, չեմ էլ լսել»: Իսկ ահա Լոռու մարզի նրա գործընկեր Գրիգոր Հակոբյանը հպարտանում էր. «Մեր մարզում ընդհանրապես ապօրինի ծառահատում չի լինում»:
Եվ այդ ինչպե՞ս է ստացվում է, որ «Հայանտառում» այլ տվյալներ են, իսկ մարզպետարաններում՝ շատ ավելի պայծառ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162149&l=am/