ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՍԵԼԻՍ Խ. ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ՞ ԵՆ ՏԱԼԻՍ
Արխիվ 12-16
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՍԵԼԻՍ Խ. ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ՞ ԵՆ ՏԱԼԻՍ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում երեկ առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հեղինակած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նշեց, որ օրենքի նախագիծը միտված է տեխնիկական զննության կտրոններն ավտոմեքենաների դիմապակուց հանելուն, ինչպես դա արվել է ԱՊՊԱ կտրոնների դեպքում:
Նախագծով առաջարկվում է նաեւ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման համար սահմանված մեկ տարի ժամկետը փոխարինել երեք տարի ժամկետով: Ի դեպ, ուշագրավ էր, որ զեկուցողը, որպես օրինակ, բերեց նաեւ Ռուսաստանի Դաշնության փորձը, ինչն ամենեւին դուր չեկավ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻՆ: Ավելին` կեսկատակ-կեսլուրջ արեւմտյան կողմնորոշում ունեցող օրենսդիրը Հ. Մարգարյանին զգուշացրեց. «Եթե ուզում ես «կողմ» քվեարկեմ, Ռուսաստանի անունը քիչ տուր»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162146&l=am/