ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՎԵՐԱԾԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ
Արխիվ 12-16
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՎԵՐԱԾԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շտաբը իր գործողությունները համակարգում է Հանրապետական կուսակցության «Այո»-ի շտաբի հետ: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:
«Մենք քարոզելու ենք, որ մեր բնակչությունը դեկտեմբերի 6-ին «այո» ասի Սահմանադրական փոփոխություններին: ՍԻՄ կուսակցության Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շտաբը, որը ղեկավարում է կուսակցության փոխնախագահ Արտակ Գրիգորյանը, Հայաստանի բոլոր մարզերում ունի իր բաժանմունքները»,- նշեց նա:
Պատգամավորը նաեւ նշեց, որ Սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը առաջարկություն է, տեսլական է մեր ժողովրդի ապագայի վերաբերյալ, որը ոչ մի դեպքում չպետք է վերածվի «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցների հակամարտության:
Անդրադառնալով «ոչ»-ի ճակատի գործողություններին` Հայկ Բաբուխանյանն ասաց հետեւյալը. «Ես կցանկանայի, որ Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում մեր ընդդիմախոսները ներկայացնեին հիմնավորված փաստարկներ: Մենք համոզված ենք, որ երկու կողմերի միջեւ պետք է ծավալվի առարկայական եւ փաստարկված բանավեճ»:
Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսված է 2015թ. դեկտեմբերի 6-ին: Ազգային ժողովի երկու խոշոր ուժերը` Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն աջակցում են փոփոխությունների անցկացմանը: Սահմանադրական փոփոխություններին կողմ է նաեւ ՀՅԴ խմբակցությունը: Փոփոխություններին դեմ են հանդես եկել «Ժառանգություն», ՀԱԿ եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները: