ՀՀԿ-ԱԿԱՆԸ` ՀՀՇ-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԸՆՏԱՆԻՔԻՍ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՈՒ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ»
Արխիվ 12-16
ՀՀԿ-ԱԿԱՆԸ` ՀՀՇ-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ.
«ԸՆՏԱՆԻՔԻՍ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՈՒ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ
ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ»
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, պատգամավոր Արտաշես Գեղամյանն այսօր անդրադարձավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ներկայիս ՀՀԿ-ի շատ գործիչներ ՀՀՇ-ի այլանդակությունների ու կեղծիքների օրոք հաղթել են մի շարք ընտրատարածքներում: «Եթե կեղծիքներ են եղել, ինչպես եք դուք հաղթել»,- հայտարարեց Լեւոյ Զուրաբյանը:
Քանի որ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաեւ հնչեցրել էր Արտաշես Գեղամյանի ու Վահրամ Բաղդասարյանի անունները, վերջիններս հակադարձեցին. «Շնորհակալություն պրն Զուրաբյանին համեստիս հիշեց: Բայց ես ջախջախիչ հաղթանակ տարա Դավթաշենում ընդդեմ Արամաշոտ Պապայանի որդու: Եվ ՀՀՇ-ի այն դրույթը, թե պոլի փետ լինի, միայն ՀՀՇ լինի, Դավթաշենում դա չանցավ, ջախջախվեց»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հիշեցրեց Լեւոն Զուրաբյանին, որ ՀՀՇ-ի տարիներին իր ընտանիքի անդամներին, իր բոլոր ընկերներին կալանավորել են, սակայն ինքը հաղթել է ընտրություններում: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաեւ հիշեց, որ ՀՀՇ-ն հեռուստացույցի ու սառնարանի կտրոններ էր բաժանում իրենց ղեկավարման տարիներին:
Անդրադառնալով իշխանության հասցեին հնչող ընդդիմադիրների քննադատությանը, ժողովրդին իրենց շուրջը մոբիլիզացնելու կոչեր անողներիին` Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ովքեր են խոսում մոբիլիզացումից: Դուք ձեզ չեք կարողանում մոբիլիզացնել: Խոսում են մարդիկ, որոնք այս պետության համար ոչինչ չեն արել` բացի իրենց գործընկերներին քննադատելուց, կուսակցություններ քանդելուց: Միայն Վրաստանում միտինգներ են անում: Հաջորդ միտինգները, հավանաբար, Ադրբեջանում եւ Թուրքիայում կլինեն (նկատի ունի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով վերջերս ակցիա էր անցկացրել Վրաստանում եւ իշխանության հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ»-խմբ.)»:
Ի դեպ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթւ ժամանակ ցիտես Սերվանտեսին, ով ժամանակին ասել է, որ պատմության կեղծարարներին կախում են: ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ հակադարձեց. «Եթե կախելու լինենք, իրենց պիտի կախենք երկրի ընթացքը շեղելու համար»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ